Մշակույթի նախարարը մամուլի նոր քարտուղար կունենա՞
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շուտով նոր մամուլի քարտուղար կունենա: Այդ պաշտոնին հավակնում է լրագրող Նանա Պետրոսյանը, ով վերջերս պարբերաբար ներկա է գտնվում Մշակույթի նախարարության կողմից կազմակերպած միջոցառումներին և ուղեկցում վերոհիշյալ գերատեսչության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ալլա Սերոբյանին,: Բացի այդ, նույն աղբյուրների համաձայն, տիկին Պետրոսյանն արդեն տևական ժամանակ՝ կանոնավոր հաճախում է նախարարություն: 168.am-ը զրուցեց Նանա Պետրոսյանի հետ՝ ճշտելու այս տեղեկությունների իսկությունը:
– Տիկին Պետրոսյան, լուրեր են շրջանառվում այն մասին, որ Դուք Մշակույթի նախարարի հավանական նոր մամուլի խոսնակ եք: Այս լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը:
– Ձեր ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը:
– Հատկապես վերջերս Դուք պարբերաբար ներկա եք գտնվում Մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող միջոցառումներին և նույն այդ աղբյուրները վկայությամբԴուք նաև սկսել եք պարբերաբար այցելել այդ գերատեսչություն և այնտեղ ձևավորված աշխատանքային գրաֆիկ ունեք: Ի՞նչ կարգավիճակով եք Դուք այնտեղ լինում, եթե գաղտնիք չէ:
– Այս պահին Մշակույթի նախարարության հետ դա աշխատանքային գրաֆիկ չէ: Մեր խնդիրներն այս պահին լիովին այլ են: Ես լրագրող եմ և ներկայանում եմ այնտեղ որպես լրագրող և ի գիտություն Ձեզ, ես դա անում եմ բազմիցս արդեն 20 տարուց ավել:
– Նախարարության այցե՞րը նկատի ունեք:
– Ոչ, լրագրությամբ զբաղվելը և ոչ միայն այդ գերատեսչության կազմակերպած միջոցառումներին, այլև մինչև նախագահական, կամ որևէ անհատի, ով ուշադրության արժանի աշխատանք է կատարել:
– Հրաշալի է: Իսկ ո՞ր լրատվամիջոցն եք Դուք այսօր ներկայացնում, տիկին Պետրոսյան: Երեկվա ասուլիսին, որին ներկա էի նաև ես, ո՞ր լրատվամիջոցի անունից էիք Դուք ներկայացել, եթե գաղտնիք չէ:
– Այս պահին ես որպես ազատ լրագրող՝ սեփական հետաքրքրություններով պայմանավորված ներկա եմ գտնվում այս կամ այն միջոցառումներին, որոնք ինքս եմ հարմար գտնում լուսաբանելու համար:
Հ.Գ. Թեև Ն. Պետրոսյանն ասաց, որ ինքն այս պահին զբաղված է ազատ լրագրողական աշխատանքով, այնուամենայնիվ մենք փորձեցինք համացանցում փնտրել նրա վերջին հրատարակումներից մի քանիսը, սակայն ապարդյուն:
Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարը բոլորովին վերջերս հրաժեշտ էր տվել թվով հինգերորդ մամուլի խոսնակին, ով աշխատանքից ազատվել էր սեփական դիմումի համաձայն: Հուսանք՝ ապագա խոսնակին, ով էլ՝լինի, կհաջողվի արդյունավետ, արգասաբեր և երկարատև համագործակցություն իրականացնել նոր աշխատավայրում՝ համատեղելով գերատեսչության ղեկավարի, մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի և սեփական հավակնությունները: