«Գագիկ Հարությունյանը այն մարդն է, ում նախագահի պաշտոն են խոստացել»

«Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վերահաստատեց իր հայտարարությունը, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին։ Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը  Գագիկ Հարությունյանին խոստացել է ՀՀ նախագահի պաշտոնը։ «Գագիկ Հարությունյանը այն մարդն է, ում խոստացել են, որ նոր Սահմանադրության մեջ նա կունենա նախագահի պաշտոն»,- ասաց նա: Նաև հավելեց. «Դրա համար էլ Գագիկ Հարությունյանը քափուքրտինք կտրած աշխատում է»։

Հիշեցնենք, որ Լևոն Զուրաբյանը հայտարարել էր. «Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների շատ նեղ շրջանակ կա. ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր կողմից ստեղծված սահմանադրական հանձնաժողովը՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որի միակ գործը եղել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին»:

Իսկ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս