«Եթե նրանք պարտվել են նախորդ անգամները, ապա ինչո՞ւ հիմա պետք է հաջողության հասնեն». Արմեն Բադալյանը՝ «Նոր Հայաստանի» մասին

«Երբ մենք նայում ենք, թե ովքեր են մտել այդ միավորման մեջ, տեսնում ենք, որ այնտեղ հայտնվել են կառույցներ, որոնք նախորդ ժամանակաշրջաններում ուղղակի պարտվել են: Ու եթե նրանք պարտվել են նախորդ անգամները, ապա ինչո՞ւ հիմա պետք է հաջողության հասնեն, առավել ևս, որ ռեսուրսների տեսանկյունից՝ նրանք այնքան էլ հարուստ չեն»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մասին՝ ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենք, բացի սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասելուց, նաև պատրաստվում են իշխանափոխություն իրականացնել և արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների միջոցով՝ տապալել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին:

Հիշեցնենք նաև, որ այս շտաբին անդամակցում են Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Պետրոս Մակեյանը և Անդրիաս Ղուկասյանը:

«Ինչ վերաբերում է նրանց այն հայտարարություններին, թե ինչ են անելու, ապա պետք է ասենք, որ այդ հայտարարության մեջ նրանք օգտագործել են վերջին 25 տարվա ընթացքում Հայաստանի ընդդիմադիր կառույցների կողմից օգտագործվող քաղաքական տերմինաբանությունը: Այդ տերմինաբանությունն արդեն իրականությունից այնքան է կտրվել, որ անգամ մեկնաբանության ենթակա չէ»,- կարծում է Ա. Բադալյանը:

Կարդացեք նաև

Խոսելով այն մասին, թե ինչու են միշտ նման գործընթացներ սկսում՝ առանց նախապես դրանց լավ պատրաստվելու, Ա. Բադալյանն ասաց, որ, եթե իրենք նման գործընթացներ չսկսեն, լրատվական դաշտի ներկայացուցիչները չեն զանգի փորձագետներին ու դրանց մասին մեկնաբանություններ խնդրի. «Սա ավելի շատ տեղեկատվական առիթ է ծառայում, և՝ ոչ ավելին»:

Տեսանյութեր

Լրահոս