«Սրանով նրանք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացնում». Քաղաքագետը՝ «Նոր Հայաստան» շտաբի ձևավորման մասին

«Ես կարծում եմ, որ այդ ուժերը հիմա, այս պահին չունեն այն ռեսուրսը, որ կարողանան իշխանափոխություն անել»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի այն հայտարարության մասին, թե իրենք պատրաստվում են սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տապալել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների միջոցով, ասաց «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը:

Հիշեցնենք նաև, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության շտաբին անդամակցում են Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Պետրոս Մակեյանը և Անդրիաս Ղուկասյանը:

Ա. Ենոքյանի խոսքով՝ դժվար է կանխատեսել, բայց որևէ հիմք չկա, թե ընդամենը երկու ամսվա մեջ մարդիկ կկարողանան այդ ռեսուրսները ձեռք բերել. «Այնպես որ, այդ նախաձեռնության անդամներն ավելի լավ կլիներ, որ փորձեին համախմբվել մեկ-երկու այլ նախաձեռնությունների հետ, որոնք արդեն կան, ու նրանց հետ կարողանան հանրաքվեի օրը մինչև հանրաքվեն մոբիլիզացնող միջոցառումներ անցկացնել»:

Մեր այն հարցին, թե «Նոր Հայաստան» ճակատի անդամները ճիշտ չե՞ն գնահատել իրենց ուժերը, չե՞ն հաշվարկել, որ իրենց ուժերը չեն բավականացնի իշխանափոխության համար, որ նման նախաձեռնություն են սկսում, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ իրենց հաշվարկն այն է, որ արդեն նախապատրաստվում են խորհրդարանական ընտրություններին և սրանով հայտ են ներկայացնում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, իսկ հանրաքվեն շատ լավ առիթ է, որ այդ առիթով ցույց տան իրենց նկրտումները, թե ինչպիսի մոդել են ուզում, ինչպիսի քաղաքական համակարգ են իրենք պատկերացնում»:

Կարդացեք նաև

Ըստ քաղաքագետի՝ այս ամենն արվում է հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս