Բաժիններ՝

Գագիկ Մակարյանը՝ Կարեն Ճշմարիտյանին. «Հարկավոր է նրբացնել մարդկանց մաշկը, լավացնել վիճակը»

«Այդպիսի հայտարարություն անողները թող իրենց մաշկի զգայունությունը բարձրացնեն ու մի քիչ վերևից չճախրեն, իջնեն ներքև ու իրական պատկերը տեսնեն, ու այդ դեպքում՝ իրենք արդեն կսկսեն ճիշտ կողմնորոշվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի այն հայտարարության մասին, թե ժողովուրդը մաշկի խնդիր ունի, եթե չի զգում տնտեսական աճը՝ նման տեսակետ հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ արդարացված չէ Էկոնոմիկայի նախարարի ելույթը: Ըստ նրա՝ նախարարը պետք է հոգ տանի, որ մարդիկ զգան այդ աճը, եթե այն կա. «Նա պետք է գնա, այցելի, հորդորի, մասնավոր սեկտորի հետ լավ աշխատի: Նախարարը միայն նման ելույթ ունենալով՝ հարցը չի լուծում, ինքն ուղղակի փորձել է հաճոյանալ»:

Գ. Մակարյանը կարծում է՝ տնտեսական աճ, հնարավոր է՝ եղել է: Նա պարզաբանեց, որ 2015 թվականը շատ ակտիվ տարի էր՝ Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված. «Մենք ունեցանք բազմաթիվ միջազգային կոնֆերանսներ, գիտաժողովներ, ունեցանք տարբեր մշակութային ծրագրեր: Իմ հաշվարկով՝ հնարավոր է, որ մոտ 100 հազար իրական տուրիստներ ավելացան, որոնք ավելի ծախսող էին, դրանով տնտեսության մեջ գումարներ մտան, դա գուցե անուղղակիորեն ակտիվություն է առաջացրել: Սրանից պետք է հանենք այն, որ ներմուծումները, արտահանումը նվազել են, տրանսֆերտները նվազել են, ու հնարավոր է՝ բալանսը դրական լինի: Ես կառաջարկեի Էկոնոմիկայի նախարարությանը՝ մի հաշվարկ աներ ու հիմնավորեր, որովհետև, եթե ինքն ուղղակի ասում է չհիմնավորված մտքեր, մարդիկ, բնականաբար, չեն հավատում, և պետք չէ մարդկանց վիրավորել՝ ասելով, որ ձեր մաշկը զգայունության խնդիր ունի: Այստեղ էլ պետք է հասկանալ, թե այդ մաշկն ինչո՞ւ է այդքան կոպտացել, որ ոչինչ չի զգում, նախորդ տարիների երևույթները մաշկը կոշտացրել են մարդկանց, որ նրանք չեն զգում, հարկավոր է նրբացնել նրանց մաշկը, լավացնել վիճակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս