«Այս ամեն ինչի համար ինչ-որ մեկը պետք է հանրությունից ներողություն խնդրի՞, թե՞ պետք է էսպես ուրախ ապրենք»
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգաավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց այս տարի փետրվարին Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը չարիքի և դրանից հետո Հովիկ Աբրահամյանի՝ «բամփելու» սպառնալիքի մասին և, հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյանի բիզնեսների ստուգումների համար օրենքով սահմանված բոլոր ժամկետներն սպառվել են, հետաքրքրվեց, թե ի՞նչ արդյունքներ կան:
«Ժամանակն է ասել՝ Սերժ Սարգսյանը ճի՞շտ էր ասում, թե՞ զրպարտում էր»,- հարցրեց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ մի բան էլ է անցել իր մտքով՝ գուցե Ս.Սարգսյանն ուզում էր «սեպ խրել Ձեր ու Ձեր խնամու միջև», իսկ ինքը հայրենիքի համար մատուցած ծառայությունների համար պարգևատրում է Ծառուկյանին:
«Այս ամեն ինչի համար ինչ-որ մեկը պետք է հանրությունից ներողություն խնդրի՞, թե՞ պետք է էսպես ուրախ ապրենք»,- ասաց Ն.Փաշինյանը:
«Երանի ես պատասխանելու իրավունք ունենայի»,- ափսոսանք հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Ի պատասխան կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն ընթերցեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գրավոր պատասխանը, ով ներկա չէ ԱԺ-ում: Ըստ այդ պատասխանի՝ գործընթացը ծավալուն է, դեռ շարունակվում է, ավարտվելուց հետո հանրությանը տեղեկատվություն կտրամադրվի:
Անդադառնալով հարցադրման քաղաքական կողմին՝ Դ.Հարությունյանը նշեց, թե բոլոր դեպքերում գործելու է օրենքը և օրենքն է լինելու գերակա:
Ն.Փաշինյանը հայտարարեց, որ քանի դեռ չի ստացել իր հարցադրման պատասխանը, երկու շաբաթը մեկ հնչեցնելու է այն և այն չի անցնի՝ գնա:
Դ.Հարությունյանը նկատեց, որ եթե առ այս պահը քրեական գործ հարուցված չէ, նշանակում է, դրա համար որևէ հիմք չկա: