ԲՀԿ-ում կքննարկեն «անհնազանդ պատգամավորների» հարցը. ՀԺ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Սահմանադրության նախագծի քվեարկությունից բացակայող ԲՀԿ-ականներից երկուսը երեկ ԱԺ-ում էին: Քվեարկությունից բացակայել էին կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Հայկ Խաչատրյանը, Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը: Վերջին երկուսը սկզբունքորեն դեմ են արտահայտվել եւ արտահայտվում սահմանադրական փոփոխություններին ու վերահաստատեցին իրենց տեսակետը:

Էլինար Վարդանյանը երեկ ԱԺ-ում անդրադառնալով իր բացակայությանն ու քվեարկությանը չմասնակցելուն, ասաց. «Քվեարկությանը չմասնակցելը նույնպես դիրքորոշում արտահայտելու ձեւ է, եւ ես այդ քվեարկությանը չմասնակցելով՝ արտահայտել եմ իմ դիրքորոշումը»: Ճշտող հարցին, թե ինքը աջակցու՞մ է «Ոչ»-ի շարժմանը, Վարդանյանն արձագանքեց. «Իմ հետագա քայլերի մասին ես ձեզ լրացուցիչ տեղյակ կպահեմ»: Մեր մյուս հարցին, թե սրվա՞ծ են իր եւ ԲՀԿ խմբակցության մյուս պատգամավորների հարաբերությունները, Վարդանյանը պատասխանեց՝ ասելով, որ որեւէ մեկի հետ խնդիր չունի եւ ունի դրական հարաբերություններ: Անդրադառնալով այն հարցին, որ կուսակցության քաղաքական գիծն ու որոշումը հաշվի չառնողների նկատմամբ հենց կուսակցության կողմից կարող է պատիժ կիրառվել, պատգամավորն ասաց. «Տեսնենք, թե զարգացումներն ինչպիսին կլինեն»:

ԲՀԿ խմբակցության մյուս պատգամավորը, որը դեմ է սահմանադրական փոփոխություններին ու քվեարկությանը չի մասնակցել, Ստեփան Մարգարյանն է: Նա էլ երեկ ասաց նույնը, ինչ Էլինար Վարդանյանը՝ իր դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների հարցում որոշել է արտահայտել քվեարկության չգալով: Մեր հարցին, թե կուսակցությունում եւ խմբակցությունում լուրջ տարակարծություննե՞ր են եղել, Մարգարյանը պատասխանեց. «Խմբակցությունում կան տարաձայնություններ Սահմանադրության փոփոխության հարցի շուրջ: Ինձ համար կարեւոր է հասարակության կարծիքը»: «Ոչ»-ի շարժմանն աջակցելու մասին հարցին Մարգարյանը հստակ չպատասխանեց ու ասաց, որ այդ մասին ինքը հետո կհայտարարի: Նա նաեւ նշեց, որ ինքը քվեարկությունից բացակայելու մասին խմբակցությանը տեղյակ չի պահել, իսկ մեր մյուս հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԲՀԿ-ի դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների հարցում, ասաց. «Եկեք՝ ես այդ հարցին չանդրադառնամ, էլի: Ես հարգում եմ բոլորի դիրքորոշումները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս