Բաժիններ՝

Հայ ռեժիսոր Աննա Մելիքյանը՝ սիրո և ռեժիսուրայի նրբությունների մասին

Երիտասարդ ռեժիսոր Աննա Մելիքյանին սկզբնական շրջանում Ռուսաստանում ոչ ոք չէր վստահում, սակայն հայ ռեժիսորը մի քանի տարում ապացուցեց, որ կարող է լինել լավագույնների շարքում: Variety ամսագիրը նրան ճանաչել էր ապագա ունեցող տաղանդավոր ռեժիսորներից լավագույնը և պնդել, որ նրան Ռուսաստանի կողմից պետք է առաջադրել «Օսկարի»:

«Մանկապարտեզում ես հետաքրքիր պատմություններ պատմելու տաղանդ ունեի. բոլորը լսում էին ինձ: Հիմա, երբ ես նայում եմ աղջկաս՝ այդ ամենն ինձ անհավանական է թվում: Բայց այդ ամենն իրական էր: Մի քանի խմբերի հավաքում էին հանդիսությունների սրահում, երեխաներին խմբով նստեցնում, իսկ ինձ կանգնեցնում էին մեջտեղում՝ ինչպես ամանորյա տոնածառ: Ես պատմում էի, իսկ դաստիարակները գնում էին սուրճ խմելու: Նույնը նաև դպրոցում էր, երբ ուսուցիչը բացակայում էր, բոլորն ասում էին՝ կանչեք Աննային»:

Մելիքյանն ամենից լավ պատմում է սիրո մասին: Թվում է՝ նա շատ մեծ փորձ ունի սիրային հարցերում: Բայց հասարակությանը հայտնի է միայն նրա ամուսնությունը հայտնի կինոարտադրող Ռուբեն Դիշդիշյանի հետ, որն ավարտվեց աղջկա ծնունդով և ամուսնալուծությամբ: Աննան իր անձնական կյանքի մասին այնքան էլ չի սիրում խոսել, բայց ահա նրա ֆիլմերում ոչ ոք չի ամաչում իր զգացմունքներից:

Церемония закрытия XXVI российского кинофестиваля "Кинотавр" в Сочи

«Ես մարդ եմ, ով հազվադեպ է սիրում: Բայց երբ սիրում եմ՝ դա լինում է անսահման, լուրջ, խելագար: Սիրային պատմություններ ես շատ չեմ ունեցել, բայց դրանք իրենց արտահայտությունն են գտել իմ ֆիլմերում: Իմ ծանոթներն իրենց գտնում են իմ ֆիլմերում: Օրինակ, հիշում եմ, մի անգամ մտա վարսահարդարման սրահ, ու իմ վարսահարդարն ասաց՝ հասկացել է, որ իմ ֆիլմում հենց իր պատմությունն է, այն էլ՝ այնպիսի մանրամասներով, որ անգամ ինքը չէր հիշում»:

Աննա Մելիքյանն այն եզակի ռեժիսորներից է, ով չի վախենում ներկայացնել հարուստ կյանքը, սերը հարուստների աշխարհում:

Anna

«Ռուսական կինոյում, իրոք, շատերն են վախենում ներկայացնել հարուստ կյանքը: Ֆիլմում ամեն բան իրական պետք է լինի: Օրինակ՝ «Աստղ» ֆիլմը նկարահանելու համար մենք փնտրում էինք շքեղ տուն, բայց չունեինք համապատասխան գումար: Մեզ օգնեցին մեր ընկերները, ովքեր գտան մարդկանց, որոնք համաձայն էին, որ իրենց տանը տեղի ունենան նկարահանումներ»:

Մելիքյանն ամեն ինչ պետք է իդեալական անի: Օրինակ, իր ֆիլմերից մեկում գլխավոր հերոսուհին պետք է պլաստիկ վիրահատություններ աներ, դրա համար Աննան մի քանի օր շարունակ անցկացրեց հիվանդանոցներում և անգամ վիրաբույժ բերեց նկարահանման հրապարակ:

Anna1 - Copy

«Ես շատ էի վախենում, որ ինչ-որ բան կարող է այնպես չստացվել: Իդեալական արդյունք ստանալու համար ես շատ երկար էի ընտրում դիմահարդարներին: Վիրաբույժը մեզ բացատրում էր, թե ինչով է տարբերվում սիլիկոնն այն նյութից, որը պետք է օգտագործեինք սիլիկոնի փոխարեն: Մեր դերասանուհին գալիս էր լուսաբացին, որպեսզի նրան դիմահարդարեինք, արհեստական կուրծք, բերան և ականջներ ավելացնեինք: Հասկանում եք, եթե մեկ օր ինչ-որ բան սխալ լիներ, ապա մենք կկորցնեինք մեր ֆիլմի կեսը»:

Սպորտային գլխարկով, փոքրամարմին ռեժիսորը կարողանում է մի քանի վայրկյանում կարգավորել ամեն ինչ, հետևել բոլորի աշխատանքին, լուծել բոլոր խնդիրները: Ռեժիսուրայի հետ մեկտեղ՝ նա նաև մի քանի սերիալների պրոդյուսերն է և զբաղվում է նաև այդ աշխատանքով: Հետաքրքիր է, թե ինչպես է երիտասարդ կինը հասցնում ամեն ինչ:

«Բոլոր գաղտնիքները գլխարկի մեջ են,- կեսկատակ-կեսլուրջ պատասխանում է Աննան,- Այն, ինչ մնացել է Գոշա Կուցենկոյից: Շատ երիտասարդ տարիքում ես օգնում էի նրան: Երբ նկարահանման հրապարակում վազում էի երկար մազերով, ասես՝ հնդկական ֆիլմ նկարահանվեր: Նա հանեց իր զինվորական գլխարկը, դրեց գլխիս և ասաց, որ այդպես միայն կնմանվեմ ռեժիսորի»:

«Кинотавр» մրցանակաբաշխության ժամանակ մեկը նկարագրեց այսպես՝ բոլորը մարդ են, իսկ Մելիքյանը թագուհի է: Դրա մասին էին վկայում թե՛ նրա շլացուցիչ զգեստը, թե՛ այն մրցանակը, որ ստացել է այդքան երիտասարդ տարիքում:

Հիմա Աննա Մելիքյանն իր նոր ֆիլմի համար համահեղինակ է փնտրում: Նոր ֆիլմը լինելու է տղամարդկանց մասին, գուցե Աննան փնտրում է իր կյանքի տղամարդո՞ւն:

«Գիտե՞ք՝ Դովլաթովն ինչ էր ասում,- մեջբերում է Աննան՝ մոտավորապես հիշելով,- փղի մասին ես ինչ-որ բան կարող եմ գրել, բայց գրել այդ փղին խնամելու մասին՝ ես չեմ կարող»:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս