Ամերիաբանկը պայմանագիր է կնքել աշխարհահռչակ CR2 ընկերության հետ. ինչ է տալու դա հաճախորդին
Ամերիաբանկը հեռահար բազմաֆունկցիոնալ ծառայությունների նոր համակարգի ներդրման պայմանագիր կնքեց CR2 իռլանդական ընկերության հետ:
Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով՝ CR2 կազմակերպությունը լավագույններից է համաշխարհային շուկայում, որն առաջարկում է հեռահար բանկային ծառայությունների համակարգեր. «Այն լավագույնն է իր առանձնահատուկ լուծումներով՝ բանկոմատների և այլ ինքնասպասարկման կետերի համակարգի միացման և հաճախորդների համար անհատական ծառայությունների մատուցման ոլորտում: Bank World համակարգի միջոցով հաճախորդն առանց քարտի կարողանալու է բանկոմատից գումար ստանալ իր հաշվից, քաղվածքներ տպել, փոխանցումներ անել, հատուկ իր համար ստեղծված առաջարկություններ ստանալ: Ծրագիրը, հաճախորդին իդենտիֆիկացնելուց հետո, նրա պահանջներից ելնելով՝ հատուկ առաջարկներ է անելու: Այն հաճախորդները, որոնք արդեն օգտագործում են մեր բանկի Ինտերնետ բանկ և Մոբայլ բանկ համակարգերը, շատ հեշտությամն կանցնեն այս նոր միջավայր»:
Համակարգն ունի ինքնասպասարկման մի շարք գործառույթներ, որոնք առաջին անգամ են ներդրվում հայկական բանկային շուկայում: Մասնավորապես, համակարգը թույլ է տալիս.
- Բանկային ինքնասպասարկման սարքերի և հեռահար կապուղիների թե՛ ինտերֆեյսը, թե՛ առաջարկվող ծառայությունների տեսականին ավտոմատ կերպով հարմարեցնել տվյալ հաճախորդի սեգմենտին` ապահովելով անհատականացված սպասարկում և առավելագույն հարմարություն
- Բանկոմատները վերածել անհատականացված սպասարկման կետերի, որտեղ հաճախորդը կարող է հեշտությամբ կառավարել իր բոլոր բանկային հաշիվները, բանկին ուղղել տարբեր հայտեր և իրականացնել մի շարք գործարքներ, որոնք նախկինում հասանելի էին միայն Ինտերնետ բանկինգի միջոցով, ինչպես նաև բանկից ստանալ անհատական առաջարկություններ՝ մշակված հատուկ տվյալ հաճախորդի համար
- Կատարելագործել Ինտերնետ բանկ և Մոբայլ բանկ համակարգերի հնարավորությունները թե՛ ֆիզիկական անձ և թե՛ իրավաբանական անձ հաճախորդների համար` ապահովելով գործառնությունների ավելի լայն հնարավորություններ, գործարքների իրականացում՝ ըստ հաճախորդի հարմարության, և ժամանակակից ինտերֆեյս՝ ըստ համապատասխան սեգմենտի
- Ինտերնետ և Մոբայլ բանկինգի, ինչպես նաև ինքնասպասարկման սարքերի միջոցով իրականացնել անձնական դրամական փոխանցումներ (P2P payments)` օգտագործելով ստացողի հեռախոսահամարը կամ այլ նույնականացման տվյալ: Իսկ ստացված գումարները հնարավոր կլինի բանկոմատներից կանխիկացնել նույնիսկ առանց վճարային քարտերի օգտագործման:
Արտակ Հանեսյանը նկատեց՝ առաջարկվող ծառայությունների արժեքն Ամերիաբանկում օգտագործվող ծառայություններից և նրանց կողմից գրանցվող միջնորդավճարներից ավելի չի լինելու, իսկ շատ ծառայություններ հաճախորդներին անվճար կտրվեն. «Համակարգն ունիվերսալ է, այն և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց համար է ստեղծված: Այսօրվա գործող համակարգից ավելի լայն հնարավորություններ է տալու իրավաբանական անձանց՝ պահպանելով անվտանգության բարձր համակարգ: Կան բանկեր, որոնք գնում են մասնաճյուղերի բացման ճանապարհով, մենք մի քիչ այլ ուղի ենք ընտրել՝ զարգացնելով հեռահար համակարգերի ուղղությունը: Ծրագիրը մի քանի փուլով է ընթանալու և ամբողջությամբ ներդրված կլինի 9-12 ամսվա ընթացքում, որի արդյունքում մենք նոր ու ճիշտ լուծումներով հանդես կգանք, որոնք նաև բարձր անվտանգության չափանիշներին են համապատասխանելու»:
CR2 գործադիր խորհրդի անդամ, կոմերցիոն տնօրեն Կիեռան Կիլքուլլենը նշեց, որ սա CR2-ի առաջին նախագիծն է Հայաստանում. «Մենք երկու տարուց ավելի Ամերիաբանկի հետ աշխատում ենք սրա շուրջ, և հիմա 9-12 ամսվա ընթացքում կկարողանանք լիածավալ ներդնել այս համակարգը Հայաստանում: Մենք աշխարհի 60-ից ավելի երկրների բանկերի հետ ենք համագործակցում: Հուսով եմ՝ սրանով նոր հենանիշ կսահմանենք Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների համար: Մենք առաջարկում ենք նորարար բանկային ծառայություններ, որոնք 24/7 ռեժիմով հասանելի կլինեն ինքնասպասարկման սարքավորումների՝ բանկոմատների, վճարային տերմինալների, ինչպես նաև ժամանակակից ինտերնետ և մոբայլ բանկային համակարգերի միջոցով:
Բանկի համար օգուտն այն է, որ կկարողանա այդ խողովակներից օգտվելով՝ ընդլայնել առաջարկվող ծառայությունների ցանկը, իսկ հաճախորդը կկարողանա օգտվել տարբեր ծառայություններից՝ ինքնասպասարկման միջոցով, նաև՝ դրանք կլինեն անհատականացված և իր պահանջներին հարմարեցված ծառայություններ: Այսօրվա ինքնասպասարկման տերմինալների թույլ կողմերից մեկն այն է, որ բոլոր հաճախորդները միօրինակ փորձառություն ունեն, և նրանց առաջարկվող ծառայությունները միօրինակ են, բոլորը նույնն են: Մինչդեռ այսուհետև հաճախորդներն այդ հարթակով կստանան լրիվ անհատականացված, իրենց պահանջներին հարմարեցված ծառայություններ»: