![](/banners/BeFunky-design.jpg)
Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/Andranik.png)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանին, ով ադրբեջանական կողմի մոտ է հայտնվել մարտի 22-ին:
Ինչպես գործակալությանը տեղեկացրել է ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, այցը տեղի է ունեցել մի քանի օր առաջ:
Կոմիտեի միջոցով ռազմագերին ու նրա մտերիմները տեղեկություններ են փոխանցել:
Հուսեյնովան նաև հայտնել է, որ ԿԽՄԿ-ն, համապատասխան իր մանդատի, այցելում է ձերբակալվածներին, որպեսզի իրականացնի նրանց պահման վայրերի մոնիթորինգ, ինչպես նաև օգնի կապ պահպանել այդ մարդկանց ու նրանց ընտանիքների միջև:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն էր անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Գրիգորյանը: