Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի վերաբերյալ որոշումը չհրապարակվեց
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր չհրապարակեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի վերաբերյալ որոշումը: Դատավորն այսօր նիստի ընթացքում նշեց, որ բողոքի վերաբերյալ ստացված նյութերի հետազոտման ընթացքում որոշ հարցեր են առաջացել, որոնց վերաբերյալ պարզաբանում խնդրեց Նիկոլայ Բաղդասարյանից:
Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց դատարանից լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնելու համար. Նիկոլայ Բաղդասարյանի պաշտպան Սամվել Ջաղինյանն ասաց, որ Նիկոլայ Բաղդասարյանը բողոք է ներկայացրել վարչական շրջանի դատախազի տեղակալի կայացրած որոշման դեմ, որով վերացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը: Նրա խոսքով՝ բողոքի քննության ընթացքում պարզվել է, որ քրեական գործի հարուցման որոշումն, ըստ իրենց, արդեն իսկ անօրինական է եղել. «Դատարանը կաշկանդված չէ այս գործի շրջանակներում հայտնաբերված ենթադրյալ օրինախախտման վերաբերյալ դիրքորոշում հայտնել»:
Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին օրերս մեղադրանք է առաջադրվել: Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը: Պաշտպանական կողմը պնդում է, որ Նիկոլայ Բաղդասարյանը հետապնդվում է իր մասնագիտական գործունեությունը պատշաճ կատարելու համար:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկեմբերի 15-ին: