Ադրբեջանը պատրաստ է. Մամեդյարովի խոստովանությունը

«Ադրբեջանը չի բացառում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հնարավորությունը»,- այդ մասին Նյու Յորքում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Երբեք մի´ ասա՝ երբեք»,- ասել է նա՝ պատասխանելով ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին հարցին: Նա միաժամանակ ասել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է Եվրասիական բլոկի երկրների հետ «երկկողմ հարաբերությունների կառուցմամբ»:

Ինչպես ասում են՝ տեղ հասանք: Այն օրերին, երբ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերն ու Լեռնային Ղարաբաղի՝ առաջնագծից հետ ընկած հատվածները, մինչ փորձագետների մեծամասնությունը կարծիք է հայտնում, իսկ ռուսական քաղաքագետներն ուղիղ ասում են, որ Ռուսաստանը ցանկանում է այդպիսով ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցության դիմաց ազատագրված տարածքները վերադարձնելու նպատակով, Մամեդյարովն ասում է՝ «Երբեք մի՛ ասա՝ երբեք»: Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի ուղղակի ուղերձը Ռուսաստանին, որ, եթե «գործարքը» մինչև վերջ ընթանա, և Ռուսաստանը կատարի պարտավորությունների իր մասը, Ադրբեջանն էլ կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը:

Սա՝ այն դեպքում, երբ մինչև վերջերս ադրբեջանցի պաշտոնյաները, ի պատասխան Եվրասիական տնտեսական միությանը կամ Եվրամիությանն անդամակցելու հնարավորության մասին հարցին, հայտարարում էին, թե Ադրբեջանը նպատակ չունի անդամակցել այդ կառույցներից որևէ մեկին և վարում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն: Ակնհայտ է, որ Ադրբեջանի դիրքորոշման մեջ փոփոխություն է տեղի ունեցել, նույնքան ակնհայտ է, որ դա պայմանավորված է ռուս-ադրբեջանական ստվերային համաձայնությամբ, որն ուղղված է Հայաստանի դեմ:

Ընդ որում, ուշագրավ է Մամեդյարովի հայտարարության նաև երկրորդ հատվածն այն մասին, որ Ադրբեջանը հետաքրքրված է Եվրասիական բլոկի երկրների հետ երկկողմ հարաբերությունների կառուցմամբ: Եվրասիական երկրներից միայն Հայաստանի հետ է, որ Ադրբեջանը հարաբերություններ չունի, իսկ մնացած պետությունների հետ ունի ոչ միայն՝ արարողակարգային, այլև՝ եղբայրական հարաբերություններ: ԵՏՄ գլխավոր անդամ Ռուսաստանը դարձել է Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարը, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղըզստանի հետ հարաբերություններն էլ ավելի խորն են:

Այսինքն՝ իրականում ԵՏՄ-ն հենց Ադրբեջանի, Իլհամ Ալիևի տեղն է ինչպես՝ աշխարհաքաղաքական ընդհանրությունների առումով, այնպես էլ՝ որպես բռնապետական երկրների ակումբ: Ադրբեջանի՝ այդ հարազատ միջավայրում հայտնվելուն խոչընդոտում է միայն Հայաստանը, որի դեմ էլ աշխատում է Ադրբեջանի եվրասիական եղբայրությունը: Թուրքիայի աջակցությունն էլ՝ վրադիր:

Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունը սկսի ուղիներ մտածել Եվրասիական միությունից դուրս գալու մասին, այլապես ինչ-որ պահի Հայաստանին դուրս կհրավիրեն այնտեղից, և ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության պայմանագիրն իրենց հետ Երևան կբերեն ՀԱՊԿ խաղաղապահները: Լեռնային Ղարաբաղ ուղևորվելու ճանապարհին, բնականաբար:

Տեսանյութեր

Լրահոս