«Ամենագնահատելի» կետը ՀՀ նախագահի ելույթում
«Այն, որ դա մտածված և տակտիկական քայլ էր, լրիվ հասկանալի է, կարծես թե ձեռնտու չէ այսօր Ադրբեջանին հայտնվել միջազգային նման հարթակներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին Ադրբեջանի ներկայացուցչի բացակայության մասին՝ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինչ էլ ասի Սերժ Սարգսյանը, դա որևէ առումով նշանակություն չունի իրենց համար: Լ. Ալավերդյանը նկատեց, որ, թեպետ նման հարթակներում Ադրբեջանը չի երևում, բայց միշտ աշխատում է ներքին օղակներում՝ հանձնաժողովներում, միավորումներում. «Ադրբեջանն ուզում է ասել՝ «ինչքան ուզում եք՝ այդ ճառերն ասեք, Ադրբեջանը միշտ դուրս է գալիս՝ ինչ-որ որոշում ձեռքին»»:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց՝ «երբ ասում եմ՝ Հայաստան, նկատի ունեմ նաև Լեռնային Ղարաբաղը, որը նրա անբաժանելի մասն է», ինչը, որոշ փորձագետների կարծիքով՝ հակասում է Լեռնային Ղարաբաղի անկախության գործընթացը որդեգրած մեր քաղաքականությանը, Լ. Ալավերդյանն այսպես արձագանքեց. «Որպես Հայաստան, իհարկե, Արցախը Հայաստան է, մենք մի երկիր ենք՝ երկու պետություններով: Ես այդ միտքն եմ դնում դրա մեջ ու ես այդ նույն մտքով եմ օգտագործում այդ բառակապակցություններն ու նախադասությունները: Դրա մեջ չկա այն, ինչ ուզում ենք տեսնել, կամ ուզում ենք անպայման դնել»:
Լ. Ալավերդյանի խոսքով ՝ հայկական կողմը և լրատվամիջոցները պետք է սովորեն այնպես մեկնաբանել նյութը, որ բխի ազգային շահերից. «Մենք, ի վերջո, պետք է հասկանանք, որ ոչ միայն խոսքն է բազմիմաստ ու բազմաշերտ, այլև նախադասություններն ու գաղափարները: Չեմ գտնում, որ այսօր ճիշտ ժամանակն է խոսել մեկ պետության մասին, բոլորովին այլ բան է, որ ԼՂՀ-ի անվտանգության խոցվելու պարագայում Հայաստանն իր պարտականությունն է զգում՝ պաշտպանել ԼՂՀ-ի անվտանգությունը: Ամենագնահատելի կետը գործող նախագահի խոսքի մեջ դա է: Դա, ի վերջո, ՄԱԿ-ի ամբիոնն է, ինչքան էլ շատ կամ քիչ լինի հետաքրքրությունը փոքր երկրների նախագահների վերաբերյալ, կան այնտեղ փորձագետներ, որոնք դրա հետ հաշվի են նստում, ու այսօր, կարծում եմ, այդ ուղերձը նշանակում է, որ բոլոր նրանք, ովքեր Ադրբեջանի կողմն են, դեմ են լինելու Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սկսելուն»: