«Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը վերադարձավ մեծ քաղաքականություն». Լարիսա Ալավերդյան

«Ոչ ոք չէր ենթադրում, որ ամսի 30-ին Ռուսաստանն իր ամենաառաջադեմ ինքնաթիռներով կմտնի Սիրիա, բայց միջազգային իրավունքի տեսակետից՝ ես դա շատ կարևոր եմ համարում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով օրերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի արդյունքների մասին՝ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում Ռուսաստանին այլ հարցերում, Ռուսաստանի մուտքը Սիրիա շատ կոռեկտ է. «Կարելի է ասել, որ սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը վերադարձավ մեծ քաղաքականություն: Այսօր մենք ունենք արդեն այլ աշխարհաքաղաքական պատկեր»:

Ըստ Լ. Ալավերդյանի՝ Վլադիմիր Պուտինի ճառի հռետորաբանությունը եղել է բավականին պարզ. «ՄԱԿ-ում մենք տեսնում ենք, որ դա մի անձ է, որը տիրապետում է այն լեզվին և բառապաշարին, որն այսօր ընդունված է մեծ քաղաքականության մեջ»:

Նրա համոզմամբ՝ պետք է ողջունել, որ ԱՄՆ-ը կարողացավ բավականին ճիշտ ձևով անդրադառնալ և արձագանքել. «Մենք միայն մեկ խնդիր ունենք, որ հանկարծ չլինի ռեալ բախում այդ երկու ուժերի՝ Նահանգների և Ռուսաստանի միջև, և կարողանան ի վերջո իրար հետ համագործակցել՝ հանուն փոքր-ինչ մեղմացմանն այն լարվածության, որն այսօր գոյություն ունի: Պուտինի ճառից երևում է, որ իրենք չեն մտնելու փոքր (մինչև անգամ Ուկրաինայի նման նշանակություն ունեցող) գործողությունների մեջ: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի խոսքը (չեմ ասում՝ նախապես համաձայնեցված է, ես տեղեկություններ չունեմ), այդ շրջանակների մեջ է տեղավորվում»:

Լ. Ալավերդյանի կարծիքով՝ ՀՀ գործող նախագահի ելույթն իրազեկում էր այն մասին, որ հենց տեղական ուժերով մենք անելու ենք այն ամենը, ինչ պահանջվում է:

«Ես դրական եմ համարում մեր կեցվածքը: Մենք պետք է հասկանանք, որ մենք հայտնվել ենք անդադար պուլսացիայի մեջ: Մենք գործ ունենք զինված բախման հետ, որն ամեն օր ավելի ու ավելի ընդլայնվում է, ուժգնությունն ավելի շատ ուժեղանում է: Դա նշանակում է՝ Ադրբեջանի կողմից զինադադարի խախտում՝ բոլոր առումներով»,- նկատեց Լ. Ալավերդյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս