Սերժ Սարգսյանը փոխում է ուղղությունը

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթաժողովի շրջանակներում հանդես է եկել ելույթով, որը սահմանային լարվածության ներկայիս պայմաններում մի շարք հետաքրքիր շեշտադրումներ է պարունակում:

«Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական, և թե՛ որակական իմաստով: Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ հատուկ շեշտելով, որ Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման և զարգացման գործում առանցքային է եղել ԱՄՆ-ի, Հունաստանի, Գերմանիայի, ինչպես նաև՝ ՆԱՏՕ-ի կառույցների և մյուս անդամ պետությունների դերակատարությունը: Դրա համար Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել:

«Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը բոլորի՝ թե՛ մեծ, թե՛ փոքր պետությունների, առաջնային պատասխանատվությունն է, իսկ խաղաղապահությունը՝ այդ նպատակին հասնելու գլխավոր միջոցներից մեկը: Այսօր մեզ դեռևս հարկավոր են լրացուցիչ հավաքական ջանքեր` այն առավել ամրապնդելու համար»,- ասել է նա:

Հայաստանը՝ որպես միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող ձևակերպումը պատահական չէ, ավելին՝ նույն միջազգային կառույցները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն, բազմիցս շեշտում և գնահատում են Հայաստանի դերակատարությունը խաղաղապահ առաքելություններում: Սակայն սահմանային լարվածության ներկայիս պայմաններում Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը, թերևս, սոսկ արձանագրում չէ:

Այն իր մեջ նաև որոշակի հիշեցում է պարունակում՝ այն իմաստով, որ Հայաստանը՝ լինելով միջազգային անվտանգության ակտիվ ներդրող, ինքն էլ ակնկալիք ունի սեփական անվտանգության ապահվման հարցում:

«Այսօր մեզ դեռևս հարկավոր են լրացուցիչ հավաքական ջանքեր` այն առավել ամրապնդելու համար»,- ասում է Սերժ Սարգսյանը: «Հավաքական ջանքերը» նշանակում են ոչ միայն՝ Հայաստանի մասնակցություն միջազգային խաղաղապահությանը, այլ նաև՝ անվտանգության համակարգերի ներգրավում Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման գործում: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանն իր այս ելույթով անուղղակիորեն դիմում է միջազգային հանրությանը, առաջին հերթին՝ Եվրաատլանտյան դաշինքին՝ հայ-ադրբեջանական ու ղարաբաղաադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին որոշակիորեն արձագանքելու հայտով:

Մոտ երկու շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը ելույթ ունենալով Դուշանբեում ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում՝ խոսել էր Ադրբեջանի սադրանքների մասին՝ հայտարարելով, որ դրանք, շարունակվելու դեպքում, սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանի անվտանգության համար: ՀԱՊԿ-ն այս հայտարարությանը որևէ կերպ չարձագանքեց:

ՀԱՊԿ-ի արձագանքի հարցում որևէ դեր չխաղաց անգամ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ Հայաստանում խաղաղապահ կորպուսի բազայի հիման վրա ՀԱՊԿ-ի խաղաղապահների պատրաստման կենտրոն ստեղծելու վերաբերյալ: Այս առաջարկը գնահատվեց՝ որպես Լեռնային Ղարաբաղ ռուսական խաղաղապահ զորքեր մտցնելուն ուղղված քայլ:

Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ում, ըստ էության, հակադիր շեշտադրումներ է պարունակում, ինչը վկայում է, որ Հայաստանի իշխանությունը վերջապես հասկացել է ՀԱՊԿ-ի անիմաստությունը և գոնե մտածում է անվտանգության այլընտրանքային համակարգի մասին: Հայաստանը՝ անվերապահորեն տրվելով Ռուսաստանին, կարողացել է տարբեր ձևաչափերում բարձր մակարդակի հարաբերություններ պահպանել ՆԱՏՕ-ի հետ: Հասկանալի է՝ Ռուսաստանն ամեն ինչ անելու է այդ հարաբերությունները նվազագույնի հասցնելու համար: Հայաստանում գիտակցում են դա: Սերժ Սարգսյանի ելույթը դրա և անուղղակիորեն ՆԱՏՕ-ին դիմելու վկայությունն է:

Տեսանյութեր

Լրահոս