Ո՞վ կհամարձակվի Պուտինին ասել ճշմարտությունը

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ն Հայաստանի համար չէ։ Հարկ է գիտակցել, որ ՀԱՊԿ-ն Միջին Ասիայի համար է, և Պուտինը Դուշանբեում հենց այդ մասին է խոսել՝ «Իսլամական պետությամբ» վախեցնելով միջինասիական հանրապետությունների ղեկավարներին՝ համոզելով, որ նրանք պետք է ապավինեն Ռուսաստանին։ Հայաստանը չի ընդգրկվում այդ խնդիրների շրջանակում»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով հայ-արդբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին և դրանց վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լռությանը: Ֆելգենգաուերի գնահատականը կարող է մեզ դուր չգալ, բայց այն առնվազն անկեղծ է: «ՀԱՊԿ-ն Հայաստանի համար չէ»,- ավելի անկեղծ դժվար է պատկերացնել:

Այլ կերպ ասած, Հայաստանը չի կարող և չպետք է որևէ ակնկալիք ունենա ՀԱՊԿ-ից: Սա այն հարցի պատասխանն է, որ ամեն անգամ Հայաստանի սահմանի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծություններից հետո հնչում է Հայաստանում՝ ինչո՞ւ է լռում ՀԱՊԿ-ն, որը պայմանագրային պարտավորություններ ունի իր անդամների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ:

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս հարցին ի պատասխան՝ մշտապես կրկնում է, որ ՀԱՊԿ-ն չի արձագանքում, քանի որ Հայաստանը չի դիմում, Հայաստանն էլ չի դիմում, քանի որ ի վիճակի է սեփական ուժերով վերահսկել իրավիճակն ու ապահովել անվտանգությունը սահմանին: Շատ լավ է, իհարկե, որ մեր զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը, բայց խնդիրն ամենևին այդ հարթությունում չէ:

ՀԱՊԿ-ից առաջին հերթին՝ պահանջվում է գոնե հայտարարության մակարդակում դատապարտել ադրբեջանական ագրեսիան, և խոսքը ռազմական աջակցության մասին չէ: Խնդիրն այն է, որ ՀԱՊԿ-ն ինքը պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ, որը, ինչպես ուղիղ տեքստով ասում է ռուս հեղինակավոր փորձագետը, չի կատարում և չի էլ կատարելու: Այդ մասին շատ լավ գիտեն նաև Հայաստանի իշխանությունները, դրա համար էլ այսքան հաճախակիացած սահմանային միջադեպերից ոչ մեկից հետո չեն դիմում ՀԱՊԿ-ին, որովհետև, ըստ ամենայնի, գիտեն, որ դիմելուց հետո ևս հնչելու է… լռություն, ինչպես չդիմելու դեպքում:

Սակայն դիմելուց հետո հնչած լռությանը Հայաստանի կողմից պետք է հետևեն գործողություններ, առնվազն ՀԱՊԿ-ին անդամակցության նպատակահարմարության հարցի բարձրացման տեսքով: Իսկ դրա համարձակությունը Հայաստանի իշխանությունը չունի: Հակառակ դեպքում ՝ նույն Ֆելգենգաուերի տրամաբանությամբ վաղուց պետք է ձևակերպած լիներ, որ ինչպես՝ ՀԱՊԿ-ն Հայաստանի համար չէ, այնպես էլ՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի համար չէ:

Իրականությունն այն է, որ ՀԱՊԿ-ն պետք չէ Հայաստանին, մինչդեռ Հայաստանը պետք է, չափազանց շատ է պետք ՀԱՊԿ-ին, և առաջին հերթին՝ Ռուսաստանին: Սակայն պետք է ոչ թե՝ որպես պետություն, որն ունի սեփական շահերն ու հետապնդում է դրանք, այլ որպես տարածք, կամ, ինչպես ազնվորեն հայտարարել է Գրիզլովը՝ որպես ֆորպոստ: Ու խնդիրն այն է, որ ոչ միայն Ռուսաստանն է Հայաստանին վերաբերվում՝ որպես ֆորպոստի, այլ Հայաստանն ինքն է իրեն պահում ֆորպոստի նման:

Տեսանյութեր

Լրահոս