«Սա սպանության փորձ է». ինչ է պատմել Սմբատ Հակոբյանը ազատամարտիկներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սմբատ Հակոբյանին ծեծի են ենթարկել անձնական խնդիրների պատճառով: Վերջինս պարտքեր է ունեցել, եւ երբ զանգահարել են՝ պարտքն ուզելու համար, Հակոբյանը հայհոյել է զանգահարողի մորը, ինչն էլ պատճառ է դարձել դաժան հաշվեհարդարի: Եվ այն ազատամարտիկները, որոնք համառ ջանքերով տեղի ունեցածը համարում էին քաղաքական հաշվեհարդար, այս քանի օրն «անհետացել» են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջիններս  հավաքվել են իրար «գլխի», քննարկել են տեղի ունեցածը, իմացել՝ ով եւ ինչի համար են ծեծել ազատամարտիկին, այդ իսկ պատճառով ձայն չեն հանում: «Ժողովուրդ»-ին վերջապես հաջողվեց կապ հաստատել ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի հետ:

– Պարո՛ն Պետրոսյան, Դուք տեղյա՞կ եք՝ իրականում ինչի համար են ծեծել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին:

– Ես գիտեմ, որ քաղաղաքական դաշտ տեղափոխվելուց հետո են խոսակցությունները լինում: Ասում է՝ միշտ զգուշացրել են, որ հեռու մնա, ծեծել են: Մեզ ինչի համար էին քաշքշում՝ ինձ, «Արաբոյի» Մանվելին, կամ հետո Սուրիկին ծեծեցին, հետո պատգամավորի են ծեծում: Ամբողջ խնդիրը մեր քաղաքական կեցվածքի համար է: Այսինքն՝ մենք որ հանդուրժեցինք, հանդուրժելու արդյունքը սա է: Շարունակությունը տեսնում ենք: Ինչ դաշտ փորձեն տանել, մենք հասկանում ենք: Բնական է՝ մարդուն ամեն ինչ անում են քաղաքական կեցվածքի համար:

– Ինչո՞ւ է Սմբատ Հակոբյանն այժմ հրաժարվում Ռուբեն Հայրապետյանի անունը տալ:

– Այդ մարդը միշտ էլ ասել է՝ Տիգրան կոչեցյալին ինքը տեսել է այդ մարդու թիկնազորում: Ինքը դրանից, հաստատ գիտեմ, որ չի հրաժարվում, որովհետեւ այդ մարդն ասում է՝ նրան է տեսել: Ուրիշ խնդիր է, որ ուրիշ Տիգրան են բերել, ներկայացրել: Հիմա այդ մարդը ասում է՝ իմ տեսած Տիգրանը չէ, ում մասին եղել է խոսքը:

– Տեղեկություններ կան, որ Ս. Հակոբյանին ծեծի են ենթարկել անձնական խնդիրների պատճառով, քանի որ նա հայհոյել է:

– Ում հայհոյել են, թող այդ մարդը հայտարարի, որ ինձ հայհոյել են, ես էլ ծեծել եմ: Այդ հայհոյողը որ չի երեւում: Ով որ հայհոյելու մասին ասել է, իրան հարցրեք:

– Պարո՛ն Պետրոսյան, մի քանի օր է՝ փորձում էինք զրուցել Ձեզ հետ, սակայն մեզ չէր հաջողվում: Արդյո՞ք այս թեմայից էիք խուսափում: Ինչո՞ւ էիք «անհետացել»:

– Մենք ապրել ենք, աշխատել ենք ու ամեն ինչ արել ենք մեր երկրի համար: Եթե շատ դեպքերում հանդուրժել ենք, էլի մեր երկրի հանդեպ ունեցած սիրուց ենք հանդուրժել: Ինչ վերաբերում է չհանդիպել կամ այդ պահին չպատասխանելուն, մարդ ենք, մենք էլ հանդիպումներ ունենք, երեկ վատառողջ վիճակում եմ եղել, օրվա երկրորդ կեսը տանն եմ եղել: Հիմա Դուք չեք կարողացել կապվել, չի նշանակում, որ մենք թաքնվում ենք: Մենք որեւէ մեկից թաքնվելու չունենք, ոչ էլ վախենալու: Որեւէ մեկս որեւէ արարք չի հանդուրժելու: Մենք գործ ունենք քաղաքական վենդետայի հետ, մարդուն սպանելու փորձ են արել: Ինչ-որ հայհոյելու համար մարդուն սպանո՞ւմ են: Այստեղ սպանության փորձի մասին է: Ես իրավաբան չեմ, բայց իմ պատկերացումներով դա սպանության փորձ է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս