«Արմենչիկից առաջ մշակույթի առումով այլ անհասկանալի էակներ էլ են կոչումներ ստացել»
Asparez.am-ը գրում է. Ինչպես հայտնի է, ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առիթով Սերժ Սարգսյանը մշակույթի մի շարք գործիչների կոչումներ է շնորհել: Երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհվել երգչուհի Էռնա Յուզբաշյանին, Համլետ Գեւորգյանին,Հարութ Փամբուկչյանին: Հրանտ Թոխատյանն արժանացել է ժողովրդական արտիստի կոչման:
Երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար վաստակավոր արտիստի պատվավոր կոչման է արժանացել նաեւ երգիչ Արմեն Գոնդրաչյանը կամ նույն ինքը՝ Արմենչիկը: Հատկապես Արմենչիկին վաստակավորի կոչման արժանացնելը հանրությունը ոչ միանշանակ ընդունեց: Երկու օր է՝ ֆեյսբուք սոցցանցում չեն դադարում քննարկումներ այն մասին, որ այդ կերպ արժեզրկվում է «վաստակավոր» կոչումը, ու առհասարակ, իրական արվեստագետներն անտեսված են, իսկ նրանց փոխարեն կոչումներ են ստանում իրականում վաստակ չունեցավ մարդիկ:
Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչման արժանացնելու առնչությամբ կարծիքներ հարցրեցինք Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիակնա թատրոնի դերասաններից ու աշխատակազմից:
Լյուդվիգ Հարությունյան. թատրոնի գլխավոր ռեժիսոր.«Գուցե իմ պատասխանը շատ- շատերին դուր չգա, հատկապես այն մարդկանց, ովքեր այդ թեման խնդիր են դարձրել ու փորձում են շահարկել: Ես ուզում եմ այդ բացասականը հանենք մեր միջից: Իսկ ինչու չենք խոսում, որ ժողովրդական արտիստի կոչում է ստացել Միքայել Պողոսյանը, եկեք նրան շնորհավորենք: Այդ հանգամանքն ինձ չի անհանգստացնում, ու կարող եմ ասել ինչու՝ ամեն մարդ աշխատում է ու գնահատվում է: Եթե Արմենչիկին տվել են ՀՀ վաստակավոր արտիսի կոչում, դա չի նշանակում, որ վաստակավոր կոչում ունեցող մեկ այլ մարդու համար դա վիրավորանք է: Իսկ եթե տվել են, ուրեմն նա անելիք ու ասելիք ունեցել է: Ես, համենայնդեպս, ինչքան գիտեմ, Արմենչիկը մենահամարգ է ունեցել ու այդ համերգի ամբողջ հասույթը տրամադրել է աջակցության կարիք ունեցող երեխաներին: Իսկ ինչե՞ր են անում մյուսները: Այնպես որ, այս հանգամանքը ինձ չի տխրեցնում ու չի ուրախացնում: Ես փորձում եմ զերծ մնալ: Ուրախ եմ, որ Հայաստանում կան կոչումներ ու ստեղծագործող մարդկանց ոգեւորում են այդ կոչումներով: Թե ով է արժանի, ով՝ ոչ, թող յուրաքանչյուր մարդ իր մեջ որոշի: Առաջին հերթին Արմենչիկը պիտի հասկանա՝ ինքն արժանի՞ է, թե ոչ»:
Գոհար Խաչատրյան. դրամատիկական թատրոնի դերասանուհի, արվեստների ակադեմիայի բեմական խոսքի դասախոս.
«Սա շատ տրամաբանական որոշում է: Արմենչիկից առաջ մշակույթի առումով այլ անհասկանալի էակներ էլ են կոչումներ ստացել: Ինձ թվում է սա այնքան պարզ է, որ չարժի դրա մասին որեւէ բան ասել կամ անգամ զարմանալ: Սա խոսում է արժեհամակարգի մասին: Բոլոր երկրներում էլ նման բան տեղի է ունենում: Համասեռամոլ Էլթն Ջոնին շնորհվում է ասպետի կոչում, Մայքլ Ջեքսոնը եւս կոչում ուներ: Բայց ես, լինելով մշակույթի ու արվեստի ակադեմիայի դասախոս, չեմ կարող իմ ուսանողներին ասել՝ ահա վաստակը եւ վաստակավոր արտիստը: Ես նման մուղամատներ չեմ կարող լսել, ես մաքուր հայ եմ, եւ չեմուզում նման կաղկանձ լսել, որը Թուրքիայի կամ այլ երկների մշակույթն է»:
Տիգրան Վիրաբյան. պրոդյուսեր.
«Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում տալու մասին առաջին զգացողություններս գրել եմ իմ ֆեյսբուքյան էջում. չեմ կարծում, որ ծավալվելու կամ այլ բան ասելու կարիք կա.«Իմ Հայաստանը Տիգրան Համասյանի Հայաստանն է, ձերը՝ չգիտեմ»: