Ինչ հարաբերություններ է ունեցել Հայկազ Բարսեղյանը մեղադրյալների հետ և ինչն է եղել սպանության պատճառը
2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, պտտաձողի վրա պարանով կախված վիճակում հայտնաբերվել էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը:
Սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն արդեն ավարտվել է: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի 4 համածառայակիցներին՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին: Քրգործի վերաբերյալ զրուցել ենք Հ. Բարսեղյանի իրավահաջորդի՝ նրա հոր ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանի հետ:
– Ինչպե՞ս եք գնահատում նախաքննության ընթացքը:
– Նախաքննության ընթացքը դրական եմ գնահատում: Այս 8-9 ամիսների ընթացքում, համենայն դեպս, նախաքննության մարմնի կողմից բավական աշխատանք է կատարվել: Այսօր գործով ունենք ամբողջական տեքստը: Պարզապես ես` հարգելով անմեղության կանխավարկածը, չեմ փորձի անգամ իմ սուբյեկտիվ կարծիքն արտահայտել առ այն՝ մարդիկ մեղավո՞ր են, թե՞ անմեղ: Դա կորոշի դատարանը: Գործով կան հարցաքննված բազմաթիվ վկաներ, բազմաթիվ փորձաքննությունների եզրակացություններ: Նախաքննությունն ավարտվել է, և գործը պետք է ուղարկվի դատարան: Դատարանը սահմանելու է ապացույցների հետազոտման հաջորդականություն. մասնավորապես՝ կհարցաքննվեն անձինք, ապա դատարանը կանդրադառնա փաստաթղթերի հետազոտմանը: Ուստի ելնելով տակտիկայից՝ այս պահին չեմ ցանկանա որևէ փաստաթուղթ հրապարակել:
– Պաշտպանական կողմը քննարկում էր նաև վարկածը, որ հնարավոր է՝ Հայկազ Բարսեղյանն ինքնասպան է եղել: Նախաքննության ընթացքում հերքվել կամ հաստատվե՞լ է այդ վարկածը, տուժող կողմն ի՞նչ դիրքորոշում ունի այդ հարցի վերաբերյալ:
– Եթե մարդ գործով հանդես է գալիս` որպես ամբաստանյալ, մեղադրյալ, և իր շահերը պաշտպանում է պաշտպանը, ամբաստանյալը նշում է, որ ինքը որևէ մեղավորություն չունի, և տուժողը կախվել է: Մենք այսօր գործով բազմաթիվ վկաներ ունենք, որոնց ցուցմունքները ես չեմ հրապարակի, ունենք դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, թե ինչից է առաջացել Հ. Բարսեղյանի մահը. այս պահին այդ եզրակացությունը նույնպես չեմ հրապարակի:
Յուրաքանչյուր փաստաբան պարտավոր է պաշտպանել իր պաշտպանյալի շահերն օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Դա իրենց կարծիքն է, որ իրենք մեղավոր չեն եղել, և հնարավոր է կամ հնարավոր չէ, որ Հայկազ Բարսեղյանն ինքնասպան եղած լինի: Կարծում եմ՝ դա ավելի շատ սուբյեկտիվ կարծիք է, և քանի որ, ի վերջո, դատարանն է իր վերջնական դատական ակտով որոշելու անձի մեղավորությունը կամ անմեղությունը, ես պարզապես կփորձեմ զերծ մնալ որևէ մեկնաբանություն տալ, մասնավորապես` մեղադրյալների պաշտպանների հայտնած կարծիքի վերաբերյալ:
– Որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ` ի՞նչ դիրքորոշում ունեք` Հայկազ Բարսեղյանը սպանվե՞լ է, թե՞ դիտարկվում է նաև ինքնասպանության վարկածը:
– Ելնելով իմ սուբյեկտիվ կարծիքից և ուսումնասիրելով գործի նյութերը` ես չեմ փորձի շեշտել որևէ մեկի մեղավորությունն այս գործում, բայց համենայն դեպս, ինքս` ուսումնասիրելով ամբողջը, բացառում եմ Հայկազ Բարսեղյանի ինքնասպանության վարկածը: Իսկ թե ով է կատարել այդ ամենը, կպարզի դատարանը: Ինչպես ասացի, դա իմ սուբյեկտիվ դիրքորոշումն է:
– Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվե՞լ է` ինչ հարաբերություններ է ունեցել Հայկազ Բարսեղյանը մեղադրյալների հետ, մասնավորապես, կոնֆլիկտներ եղե՞լ են, թե՞ ոչ:
– Պրակտիկան ցույց է տվել, որ սովորաբար, երբ հարց է տրվում՝ ինչ հարաբերություններ ունեն, հիմնականում նշվում է, որ հարաբերությունները նորմալ են: Բայց չեմ կարող ասել, որ իրենք ընկերական, բարեկամական փոխհարաբերություններ են ունեցել: Նաև սխալ կլինի, որ ես այս պահին ասեմ, որ իրենք թշնամություն են ունեցել: Բացի այդ՝ ամեն թշնամություն չէ, որ կարող է հանգեցնել նրան, որ անձին սպանեն: Որպես օրինակ եմ ասում:
– Դուք նշեցիք, որ Ձեր սուբյեկտիվ կարծիքով՝ ինքնասպանության վարկածը բացառվում է: Տուժող կողմի համար պա՞րզ է՝ ինչու է նման դեպք տեղի ունեցել, ի՞նչն է հանգեցրել այդ իրավիճակին:
– Երբ ուսումնասիրում ես ամբողջ գործի նյութերը, որը բաղկացած է մոտ 10 հատորից, կարող են տարբեր պատճառներ լինել: Բայց եթե ես այս պահին փորձեմ ինչ-որ հայտարարություն անել դրա վերաբերյալ, հավատացեք՝ դա օբյեկտիվ չի լինի և ճիշտ չի լինի:
– Խնդրում են անդրադառնաք պաշտպանական կողմի մեկ այլ հայտարարության, մասնավորապես, որ գործով վկաները պատանդի կարգավիճակում են եղել: Ծանոթացել եք վկաների ցուցմունքներին, նաև մասնակցել եք նախաքննությանը: Ի՞նչ եք կարծում՝ այս գործի քննության ընթացքում նման իրավիճակ եղե՞լ է:
– Բացառում եմ նման իրավիճակ, որ վկաները պատանդի կարգավիճակում են եղել: Եթե անձը զինծառայող է, և եթե անձի անվտանգությունը պահպանում են, դա չի նշանակում, որ վկային պատանդ են պահում: Իսկ մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ եթե չապահովվեր այդ վկայի անվտանգությունը, որը նախկինում ցուցմունք է տվել, նրա վրա ազդեցություն չէր լինի: Ի վերջո, եկեք չմոռանանք, թե այսօր ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել մեղադրյալներին, և ինչ պատիժ կարող է սահմանվել մեղադրյալների նկատմամբ: Չեմ ասում 4 մեղադրյալների մասին. չե՞ք կարծում, որ նման պատժից խույս տալու համար յուրաքանչյուր անձ կարող էր դիմել յուրաքանչյուր մեթոդի:
– Այսինքն՝ վկաների նկատմամբ անվտանգության միջոցնե՞ր են կիրառվել:
– Որպես այդպիսին` չեմ կարող ասել: Բայց այն, որ վկաները պատանդի կարգավիճակում չեն եղել, միանշանակ է:
– Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր թղթե պաստառ՝ «ոչ մեկ մեղավոր չի ու կապ չունի ուղակի հոգնել եմ ու անհետաքրքիրա քաշքշուկի համար կներեք» գրառմամբ: Ըստ Քննչական կոմիտեի՝ նշանակված դատաձեռագրաբանական 2 փորձաքննությունների արդյունքներով հստակ չի պարզվել, թե այդ գրառումը կատարվել է Հայկազ Բարսեղյանի՞, թե՞ գործով մեղադրյալ Մովսես Ազարյանի կողմից…
– Այդ հարցի պատասխանը կստանաք հենց առաջիկա դատական նիստերի ընթացքում: Հենց գրառման հետ կապված` կան վկաների կողմից տրված բազմաթիվ ցուցմունքներ և առերես հարցաքննություններ: