Հայաստանը կդառնա՞ կարտոֆիլագործության և կարտոֆիլի տնկանյութի արտադրության կենտրոն
Այսօր Երևանում հանդիպել են հայ և վրացի կարտոֆիլագործները՝ քննարկելու կարտոֆիլի արտադրության և իրացման շուկաների հնարավորությունները՝ պոտենցիալ գնորդների բացահայտման և համագործակցության ձևավորման համար: «Կարտոֆիլի 2015» խորագիրը կրող համաժողովը նախաձեռնել է «Վորլդ Վիժըն» կազմակերպությունը՝ նպատակ դնելով գտնել ոլորտի զարգացման այլընտրանքային ուղիներ:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հայտարարեց, որ մեծ աշխատանք է տարվում Հայաստանում կարտոֆիլագործության զարգացման ուղղությամբ: Ըստ նրա՝ կարտոֆիլի շուկան աճում է ՀՀ-ում, և ֆերմերները հետզհետե ավելի են հմտանում. «Հայ արտադրողների փորձառությունն ու հմտությունն այն աստիճանի է հասել, որ նրանք ոչ միայն դարձել են որակյալ կարտոֆիլ արտադրողներ, այլև բարձրորակ տնկանյութ արտադրողներ: Կարծում եմ՝ մենք ապագայում ականատես կլինենք կարտոֆիլի մեծաքանակ տնկանյութի արտադրության և հարևան ու ԵՏՄ երկրներ արտահանման»:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը ողջունեց նման համաժողովի անցկացումն ու շեշտեց, որ սա առաջին քայլն է, որը շարունակական կլինի: Բերբերյանը վստահեցրեց, որ մեր ֆերմերները ջանք ու եռանդ չեն խնայի՝ այս տարածաշրջանում համարվելու և՛ ուսումնական կենտրոն, որ այլ երկրների ֆերմերներին սովորեցնեն կարտոֆիլագործություն, և՛ կարտոֆիլի տնկանյութի արտադրության կենտրոն: Ըստ նրա՝ Գեղարքունիքում կարտոֆիլի եզակի արտադրություն կա՝ ոչ վիրուսակիր. «Պետք է գտնել լուծումներ, որոնք կապահովեն կարտոֆիլագործության ամբողջական շղթայի կայուն զարգացումը տարածաշրջանում»:
Միության նախագահի կարծիքով՝ ֆերմերներին խոչընդոտում են միջնորդները, որոնք արգելակում են զարգացմանը: Նշելով, որ հայ արտադրողները միջինում 30-40 տոննա բերք են ապահովում և կարող են լուրջ առաջարկ ներկայացնել պարենային կարտոֆիլի արտադրությունում, Բերբերյանը դիմեց վրացի ֆերմերներին՝ հարցնելով, թե ի՞նչ սորտի կարիք ունեն:
Վրաստանի գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման գործակալության ներկայացուցիչ Գեորգի Միշելաձեն հայտարարեց, որ այս տարի վրացի ֆերմերներին հնարավորություն տրվեց բարձրակարգ սերմանյութ բերել Եվրոպայից, հատկապես՝ Հոլանդիայից, որը բավականին լավ արդյունք ապահովեց:
Նա նշեց, որ դեռ 2013-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց գյուղատնտեսական ֆերմերների զարգացմանն ուղղված օրենք, որից հետո ձեռնամուխ եղան կոոպերատիվների ստեղծմանը, և այժմ գործում է 1100 կոոպերատիվ, որտեղ յուրաքանչյուրում 400-ից ավելի ֆերմերներ են միավորված: Նրա խոսքով՝ կարտոֆիլագործության առումով Վրաստանում ամենաառաջավորը Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանն է, իսկ Վրաստանի գյուղնախարարությունը հատուկ գիտահետազոտական բաժին է ստեղծել տեղում կարտոֆիլի սերմանյութ արտադրելու համար:
Համաժողովի մասնակիցները քննարկեցին, թե ինչպե՞ս կարելի է ավելացնել կարտոֆիլի իրացումը: Շուկայի ոսկե կանոնը հիշեցրեց Լոռու մարզ «Սերմնաբույծ» ընկերության համահիմնադիր Վռամ Գյուլզադյանը. «Շատ կարտոֆիլ արտադրելու համար պետք է որակյալ ապրանք առաջարկել»:
Հույս հայտնելով, որ գործընկեր կգտնի, այնուամենայնիվ, նա ափսոսանք հայտնեց, որ տարածաշրջանային կոչված համաժողովին ներկա չեն թուրքեր և՛ Թուրքիայից, և՛ Ադրբեջանից. «Չեմ կարծում, որ կարտոֆիլը քաղաքական սուբյեկտ է: Նրանք միշտ նպաստել են մեր երկրից կարտոֆիլի արտահանմանը, ու այն Բաքվով հասել է Աշգաբադ, ու դա հեշտացրել է իրացման հարցերը»:
Վ. Գյուլզադյանի խոսքով՝ տեղափոխման ծախսերը հայկական կարտոֆիլի ինքնարժեքը Վրաստանում ավելացնում են մինչև 5 դրամով, որը վրացական շուկայում շոշափելի գումար է՝ մրցակցություն ապահովելու համար. «ՀՀ կառավարությունն այստեղ անելու բան ունի՝ պետք է հեշտացնել արտահանման գործընթացը: Ներկրումն ու մաքսազերծումը շատ ավելի արագ է կատարվում»:
Վրաստանի Տիանետի վարչական շրջանի ներկայացուցիչ Մինդիա Շեթեքաուրին հայտնեց, որ իրենց մարզը կանաչ տարածաշրջան է, էկոլոգիապես մաքուր արտադրանք են տալիս և շուկայում կայուն տեղ են գրավել:
Նրա խոսքով՝ իրենք արտադրում են նաև որակյալ սերմանյութ, բայց Վրաստանում հիմնականում օգտագործում են եվրոպական տեսակի սերմանյութեր, թեև ոչ բոլոր տեսակի մշակությունն է արդարացվում: Նրա խոսքով՝ հայկական տնկանյութի հանդեպ Վրաստանում հետաքրքրություն կլինի, եթե տնկանյութը համապատասխան լինի իրենց տարածաշրջանին և վիրուսազերծ լինի. «Եվրոպական երկրներից ներկրելու դեպքում, համոզված ենք, որ վիրուսից զերծ են, բայց պատրաստ ենք քննարկել Ձեր առաջարկները»:
ՀՀ Արագածոտնի մարզի ֆերմեր Տարոն Գրիգորյանը դժգոհեց, որ, եթե խոշոր արտադրողները կարողանում են արտահանում կազմակերպել, ապա գյուղացիական փոքր տնտեսությունները չեն կարողանում կազմակերպություն ստեղծել, արտահանում կազմակերպել: Ըստ նրա՝ պետությունը պետք է աջակցի մանր գյուղացիական տնտեսություններին, որոնք արտադրում են 10-15տ, ու դա իրացնելը խնդիր է:
Ֆերմերները բարձրաձայնեցին փաթեթավորման, տեղափոխման հարցերը, ֆիտոսանիտարական ծառայության խստացման անհրաժեշտությունը, նաև բարձրորակ սերմացուի պակասի խնդիրը, որ հաճախ B կատեգորիայի սերմացու են օգտագործում, բայց ստացվում է 0 արդյունք: «Բոլորը պրոֆեսոր են բարձր լեռնային գոտում կարտոֆիլ աճեցնելու, միայն բարձրորակ սերմ է պետք»,- նկատեց ֆերմերներից մեկը:
Ի դեպ, նախատեսվում է, որ հաջորդ տարի օգոստոսին Հայաստանում կկազմակերպվի կարտոֆիլագործության արդեն ոչ թե՝ տարածաշրջանային, այլ՝ միջազգային համագումար, որին կմասնակցեն նաև ԵՏՄ անդամ երկրների ներկայացուցիչներ: