Բաժիններ՝

Երևանը կդառնա Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության առաջին մայրաքաղաքը

2015 թվականի հոկտեմբերի 6-11-ը Երևանում կայանալիք Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանն ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն: Կազմկոմիտեի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են առաջնության նախապատրաստական աշխատանքները: Նախարարը հանձնարարել է մրացաշարը կազմակերպել հավուր պատշաճի՝ համագործակցելով Շախմատի ֆեդերացիայի և համապատասխան պետական կառույցների հետ.

«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Հայաստան այցելած երիտասարդները զգան, որ իրենք այցելել են շախմատային գերտերություն»,- նշել է ԿԳ նախարարը:
Երևանում կայանալիք Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել եվրոպական 15 երկրների 30 թիմեր: Հայաստանն առաջնությանը մասնակցելու է տղաների ու աղջիկների 3-ական թիմերով:

Նշենք, որ Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը կազմակերպվում է առաջին անգամ՝ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի առաջարկությամբ:
Երկու տարի առաջ Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի կողմից հայտ է ներկայացվել Եվրոպայի ուսանողական մարզական ֆեդերացիային՝ Եվրոպայի ուսանողական մարզական առաջնությունների շարքում շախմատը ներառելու վերաբերյալ: Առաջարկությունն ընդունվել է և որոշվել՝ առաջին մրացաշարն անցկացնել Հայաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս