Բաժիններ՝

Տանիքից ընկնելուց հետևանքով գանգոսկրի վնասվածք ստացած 12–ամյա Էդուարդն օգնության կարիք ունի. news.am

Վանաձորցի 12-ամյա Էդուարդ Աքուլյանը երեք տարի առաջ սեփական տան տանիքից ընկնելու հետեւանքով վնասել է գանգոսկրը, նրան օգնություն է հարկավոր բուժումն արտերկրում կազմակերպելու համար:

Երեխայի վիճակը ընկնելուց հետո շատ ծանր է եղել, նրան Վանաձորից անմիջապես տեղափոխել են Երեւան, որտեղ 4 ժամ վիրահատել են:

«Որ բժիշկն իջավ, ասացի՝ բժիշկ, ո՞նց ա երեխեն, ասեց՝ վիճակը շատ ծանր է: Երեխան 20 օր մնաց կոմայի մեջ»,- NEWS.am-ին պատմեց երեխայի հայրը՝ Մարատ Աքուլյանը:

Ստացած վնասվածքների հետեւանքով Էդուարդը որոշ ժամանակ չի կարողացել խոսել, շարժել մարմնի ձախակողմյան հատվածը: 7 ամիս անց աստիճանաբար սկսել է խոսել, երեք տարվա բուժումներից հետո դժվարությամբ քայլել: Երեխան, սակայն, դեռ չի կարողանում շարժել ձախ ձեռքը:

Էդուարդն այժմ գլխի պլաստիկ վիրահատության կարիք ունի: Մասնագետները, սակայն, ավելի առաջնային են համարում մարմնի ձախակողմյան հատվածի շարժունակության վերականգնումը, ինչը հնարավոր է իրականացնել միայն արտերկրում: Բուժման համար անհրաժեշտ գումար, սակայն, Աքուլյանների ընտանիքը չունի. միակ աշխատողը ընտանիքի հայրն է, որի աշխատած գումարը բավականացնում է միայն ընտանիքի առօրյա հոգսերին:

Դեռեւս 2013թ.-ին «Ամերաբանկում» Էդուարդի անունով բացվել է հաշվեհամար: Երկու տարվա ընթացքում հաշվեհամարին շուրջ 1 մլն դրամ է հավաքվել: Այն, սակայն, բավարար չէ արտերկում բուժումը կազմակերպելու համար:

«Ես կարող եմ տանել վերականգնողական բուժման, բայց արդյունք չի տալիս: Հիմա ուզում ենք տանենք Գերմանիա: Խնդրում ենք բոլոր բարերարներին, ով ինչքան կարող է, փոխանցեն իր հաշվեհամարին»,- ասում է հայրը:

Պատանեկան երազանքներ Էդուարդը չունի: Նրա երազանքը մեկն է. լիարժեք բուժում ստանալ ու վերադառնալ սիրելի մարզաձեւին` ֆուտբոլին։

«Ուզում եմ գնալ Գերմանիա, բուժվել, որ գամ, ճանաչված ֆուտբոլիստ դառնամ»,-ասում է Էդուարդը:

Աջակցել ցանկացողները կարող են գումար փոխանցել §Ամերիաբանկում¦ բացված հետեւյալ հաշվեհամարին՝ 1570020031820100 (ՀՀ դրամով):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս