«Ճգնաժամային իրավիճակ է ոլորտում». Հայաստանի գինեգործների միության նախագահ
«Այս տարին էապես տարբերվում է մնացած բոլոր տարիներից: Նախ՝ գինեգործության և կոնյակագործության վիճակն ու ճակատագիրը ոչ միայն մեզանից է կախված, այլև իրադրությունից այն տնտեսաքաղաքական բլոկում, որտեղ մենք գտնվում ենք: Առաջանում են խնդիրներ, որոնց լուծումը միայն մեր ձեռքում չէ: Երկրորդ՝ ֆինանսական ճգնաժամը ևս միայն մեզանից կախված չէ: Այս ֆոնի վրա ռուբլու արժեզրկումը բերում է շատ լուրջ հետևանքների, որոնց արդյունքները զգալիորեն կերևան եկող գարնանը»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Անդրադառնալով գյուղնախարարի այն հայտարարությանը, որ խաղողը մթերվելու է 1կգ-ը՝ 150 դրամով, նա ասաց, որ, եթե հաշվում ենք զուտ ինքնարժեքով, շատ ձեռնտու գործարք է. «1 կգ խաղողի ստացման վրա գյուղացին ծախսում է 90-110 դրամ, և վաճառում են 150 դրամով, այսինքն՝ ամբողջ աշխարհի տեսանկյունից եթե նայենք, հիանալի բիզնես է, բայց եկեք մի էլեմենտար հաշվարկ կատարենք: Հայաստանում գյուղացին միջինը ունի 4000 քմ այգի, 1 հա-ից եթե ստանում է միջինը 10 տոննա, ապա 4000 քմ-ից կստանա 4-5 տոննա, դա էլ բազմապատկած այս տարբերությամբ՝ 40-50 դրամով, լավագույն դեպքում ստացվում է 400 հազար դրամ: Այսինքն՝ ամբողջ տարին աշխատելու համար գյուղացին ստանում է 4-5 հարյուր հազար դրամ: Եթե գյուղացին ունենար 5, 10, 20 հա հող, իհարկե, շատ լավ բիզնես կլիներ, բայց եթե գյուղացին ընդամենը ունի 0.5 հա տարածք, ապա շատ վնասաբեր բիզնես է»:
Հայաստանի գինեգործների միության նախագահը նկատեց՝ ճգնաժամային իրավիճակ է ոլորտում. «Գործարանները չունեն միջոցներ, որովհետև բոլոր միջոցները գտնվում են Ռուսաստանում, գումարները ետ չեն ստանում, եթե անգամ ետ ստանան, դրանք արդեն արժեզրկվել են: Գործարանները չեն կարողանում դուրս գալ ռուսական շուկայից, որովհետև այդ շուկան կկորցնեն, ստիպված վնասով քիչ քանակությամբ են տալիս ռուսական շուկային, այդ քիչ քանակների գումարն էլ չեն ստանում: Գործարաններում ծավալները չեն պակասում, գրավ չունեն, որ վարկ ստանան, պետությունը խոստանում է, բայց պետության հնարավորություններն էլ սահմանափակ են, այսինքն՝ այստեղ գլոբալ և ոչ ստանդարտ մոտեցում է պետք»:
Նա առաջարկում է լուծման հետևյալ տարբերակը. «Խաղողի 95 տոկոսը գնում է դեպի կոնյակի արտադրություն: Կոնյակը ստեղծում է կոնյակի սպիրտ, որը չփչացող ապրանք է, և, իմ կարծիքով՝ կառավարությունը պետք է այդ կոնյակի սպիրտը գրավ վերցնի, համարի պետական սեփականություն, և այդ գրավի դիմաց խաղող մթերողներին վարկ տա: Փաստն այն է, որ այսօր գինեգործարանները միջոցներ ու տեղ չունեն՝ խաղողը մթերելու: Կարծում եմ՝ այս տարի հարցը մի կերպ կլուծվի, ուղղակի հարցն այն է, թե երբ կվճարեն գյուղացիներին այդ խաղողի դիմաց»: