«Ակնհայտ էր, որ ինչ-որ բան այն չէ այն երկրում, որ «Ժառանգություն» է կոչվում». Աղվան Վարդանյան
«Ակնհայտ էր, որ ինչ-որ բան այն չէ այն երկրում, որ «Ժառանգություն» է կոչվում, և սպասվում էին որոշ նման զարգացումներ: Անակնկալ չէր, կարծում եմ: Իր որոշելիքն էր, «Ժառանգության» որոշելիքն է, այստեղ որևէ գնահատական չունեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով «Ժառանգության» շարքերը լքելու և խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու Ռուբիկ Հակոբյանի հայտարարությունը:
Ա.Վարդանյանը հաստատեց, որ Ռ.Հակոբյանի հետ մտերիմ հարաբերություն ունեն, բայց հավելեց, թե դա էական չէ:
Ռ.Հակոբյանի՝ ՀՅԴ-ին անդամակցելու հետ կապված Ա.Վարդանյանը հայտարարեց, որ առայժմ նման բան չկա. «Բայց երբեք մի ասա երբեք: Եթե պարոն Հակոբյանը կամ որևէ անձ ցանկանա վերադառնալ կամ ընդգրկվել Դաշնակցություն, դիմում կներկայացնի, կքննարկենք»:
Ա.Վարդանյանը նշեց, որ Հակոբյանի ՀՅԴ-ին անդամակցելու հարցը կքննարկվի նրա դիմում տալուց հետո, իսկ կընդունվի՞ Հակոբյանը ՀՅԴ-ում, թե՞ ոչ, կախված է, թե ինչպես է հեռացել. «Ռուբեն Հակոբյանին դավաճան չենք համարում և արտաքսված չէ Ռուբեն Հակոբյանը, այլ հեռացված է: Օրինակ՝ Ռոնալդ Շառոյանը տասնյակ տարի հեռացված լինելուց հետո դիմեց ու ընդգրկվեց»: