
Ֆաբրիկայի աշխատակցուհուց՝ մինչև միլիարդատեր. Չինաստանի ամենահարուստ կնոջ հաջողության պատմությունը

Նա ստիպված էր աշխատել 15 տարեկանից, որպեսզի օգնի հարազատներին: Հիմա 45-ամյա Չզոու Ցյուենֆեյը Չինաստանի ամենահարուստ կինն է: Նա ամեն ինչ սկսել է զրոյից, իսկ հիմա Lens Technology ընկերության ղեկավարն է և ունի մոտ 8 մլրդ դոլար կապիտալ:
Չժոու Ցյունֆեյը ծնվել է 1970թ. Խունան շրջանի Սյանսյան քաղաքում: Նրա մայրը մահացել է, երբ աղջիկն ընդամենը 5 տարեկան էր: Հայրը չէր կարող լիարժեք դաստիարակել աղջնակին, որովհետև ավելի շուտ կուրացել էր դժբախտ պատահարի հետևանքով: 15 տարեկանում Չժոուն ստիպված էր թողնել դպրոցը, որպեսզի աշխատի ու ինչ-որ ձևով օգնի ընտանիքին:
Նա երազում էր հագուստի մոդելավորող դառնալու մասին, բայց կարիերան սկսում է Շենչժեն քաղաքում գտնվող լինզաների արտադրամասից: Քանի որ ֆաբրիկան գտնվում էր համալսարանի մոտ, Չժոուն որոշում է համատեղել աշխատանքը բարձրագույն կրթություն ստանալու հետ: Նա սովորում է հաշվապահություն, ծրագրավորում, մաքսային վերահսկում և նույնիսկ քննություն հանձնում բեռնատար վարելու համար վարորդական իրավունքի վկայական ստանալու համար:
Չժոուի աշխատանքային պայմանները նախանձելի չէին: «Ես աշխատում էի առավոտվա 8-ից մինչև գիշերվա 12-ը, երբեմն նույնիսկ՝ մինչև գիշերվա 2-ը: Աշխատանքային հերթափոխ չկար, մենք մոտ տասը հոգի էինք ու ամբողջ ընթացքում ապակի էինք փայլեցնում: Այդպիսի աշխատանքն ինձ հաճույք չէր պատճառում: Երեք ամիս անց որոշեցի թողնել այն ու դիմում գրեցի ղեկավարիս, որ ազատվում եմ աշխատանքից»,- ասում է նա:
1993թ. չինուհին սեփական բիզնեսն է հիմնադրում՝ ներդնելով իր ոչ մեծ խնայողությունները: Սեփական գործ հիմնելու գաղափարը նրան տալիս է զարմիկը: Երկու տարի անց լույս աշխարհ է գալիս Lens Technology ընկերությունը, որը շուտով դառնում է սմարթֆոնների ու պլանշետների համար ապակե պլաստիկ արտադրող աշխարհի առաջատար ընկերությունը: Իսկ ընկերությանը նման հաջողություն բերում է համագործակցությունը Apple-ի հետ:
Չժոուն չի սիրում հարցազրույցներ տալ: Հազվադեպ տված հարցազրույցներից մեկում նա ասել է, որ իրեն լավ չի զգում իր վրա «թափված» հանկարծակի փառքից. «Կարևոր կերպար լինելն ինձ համար չէ: Իմ կարծիքով՝ կարևորը՝ չգոռոզանալ, երբ հաջողությունն ուղեկցում է քեզ, և չհուսահատվել, եթե բախտդ չի բերում»:
Թարգմանությունը՝ 168.am-ի