«Մենք պետք է ղեկավարվենք նաև մեր ժողովրդական ասացվածքով ՝ տաշած քարը գետնին չի մնա»
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ զրուցել ենք ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի հետ
– Պարոն Բալայան, գործող Սահմանադրության և առաջարկվող նախագծի՝ մարդու իրավունքների և հիմնական ազատությունների հատվածը կարո՞ղ ենք համեմատել և ասել` որով են ավելի երաշխավորված մարդու իրավունքներն ու ազատությունները:
– Իհարկե, կարող ենք համեմատել, և համեմատելու պայմաններում պետք է ասենք, որ այս բնագավառում նույնպես առաջխաղացում կա: Բայց նաև կան ձևակերպումներ, որոնք կարող են երկիմաստ մեկնաբանվել: Իսկ ցանկացած իրավական պետությունում օրենքները, այն էլ` Սահմանադրությունը, պետք է համապատասխանեն որոշակիության սկզբունքին, որպեսզի քաղաքացին կարողանա իր վարքագիծը համապատասխանեցնել Սահմանադրությանը և օրենքներին:
Հոդվածը, որ խոսում է մարդու իրավունքների մասին և ասում է, որ իշխանությունները սահմանափակված են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով, ավելի ընդլայնվել է, և բնական ու անօտարելի իրավունքների վերաբերյալ հստակ նշում կա, որ երբևիցե չեն կարող սահմանափակվել: Սա արդեն դրական քայլ է: Այլ խնդիր է՝ ինչպիսի զարգացումներ կլինեն, դրան հետևող ինչպիսի օրենքներ կընդունվեն, բայց այն, որ մենք մեր միջազգային պարտավորություններից դուրս չենք կարող սահմանափակում մտցնել, սա արդեն դրական առաջընթաց է:
Մարդու իրավունքների տեսակետից մենք միջազգային պարտավորություններ ունենք նաև: Այդ տեսակետից, կարծում եմ, այս բնագավառում նույնպես առաջխաղացում կա, և համոզված եմ միանշանակորեն, որովհետև ես նաև զրույցներ եմ ունեցել զուտ մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած իրավաբանների հետ, որոնք արդեն մի շարք խելամիտ առաջարկություններ են ներկայացրել, և դրանք կքննարկվեն:
– Սահմանադրական փոփոխություններին զուգահեռ` շրջանառության մեջ է Քրեական դատավարության նոր օրենսգիրքը, մշակվել է նոր Քրեական օրենսգրքի հայեցակարգ: Ի՞նչ եք կարծում՝ արժե՞ դրանցում փոփոխություններ կատարել, երբ դեռ հայտնի չէ, թե Սահմանադրությունը նոր ինչ նորմեր է նախատեսելու:
– Շատ նուրբ իրավաբանական հարց եք տալիս: Տեսեք՝ ստեղծեցին առաջին հանձնաժողովը, որը մշակեց քրեական դատավարության կոնցեպցիան: Այն ժամանակ, երբ ստեղծվեց այդ հանձնաժողովը և մշակում էր կոնցեպցիան, դեռ որևիցե խոսք չկար սահմանադրական բարեփոխումների մասին: Աշխատեց հանձնաժողովը: Հիմա խնդիրն այն է, թե որքանով են համահունչ այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են, այս նոր Սահմանադրության նախագծի հետ: Եթե համահունչ լինեն, ես կասեի՝ մի բան էլ ավելի լավ է, քանի որ արդեն մի քայլ առաջ ենք արել, իսկ եթե համապատասխանություն չլինի, ուրեմն պետք է այդ համապատասխանեցումը կատարվի:
Եվ ես չեմ կարծում, որ այդքան շուտ կընդունեն մինչև սահմանադրական հանրաքվեն: Փաստորեն, ստացվում է՝ եթե Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ իրենց վերջնական եզրակացությունը կտան հոկտեմբեր ամսին, սա խոսում է այն մասին, որ այդ նույն ամսին էլ խորհրդարանն արդեն կավարտի իր քննարկումները, և արդեն հանրաքվեի խնդիրն առաջ կգա:
Ի վերջո, չմոռանանք, որ մի շարք օրենքներ հակասահմանադրական են ընդունվում, և տարիներով է ձգձգվում դրանց համապատասխանեցումը Սահմանադրությանը:
– Նախագծում նշվում է, որ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Որոշ իրավաբաններ նշում են, որ մարդու իրավունքների խախտում կա, քանի որ որևէ կուսակցության անդամ չհանդիսացող մարդը չի կարող առաջադրվել:
– Էլեմենտ, փոքր տարրեր կան այդտեղ խախտման վերաբերյալ, որովհետև այս նույն Սահմանադրությունը չի ասում, որ անկուսակցականը չի կարող կուսակցության կողմից առաջադրվել: Եվ եթե հետևեք մեր՝ մինչև այս եղած Ազգային ժողովի ընտրություններին, կտեսնեք, որ չկա այդպիսի կուսակցություն, որ այլ կուսակցության անդամի կամ ոչ կուսակցականի իր ցուցակներում չդնի:
Այս տեսակետից ես իրավունքի լուրջ խախտում չեմ տեսնում, որովհետև, եթե մարդը պիտանի է խորհրդարանական աշխատանքի… մենք պետք է ղեկավարվենք նաև մեր ժողովրդական ասացվածքով ՝ տաշած քարը գետնին չի մնա: Այն կուսակցությունները, որոնք ուզում են շատ ձայներ ստանալ, այդպիսի մարդկանց կընդգրկեն իրենց համամասնական ցուցակներում, որպեսզի ձայներ ավելի շատ ստանան:
– Դուք նշել էիք, որ եթե Ազգային ժողովն է նշանակում Վճռաբեկ դատարանի դատավորներին, ստացվում է՝ իշխանության մի ճյուղը գերակայում է մյուսի նկատմամբ:
– Ոչ միայն վճռաբեկ դատարանի անդամներին, այլ նաև բարձրագույն դատական խորհրդին նույնպես: Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ներկայացնի երեք մրցակցային թեկնածու յուրաքանչյուր տեղի համար, քաղաքական մարմինն այդ երեք մասնագետներից պետք է ընտրություն կատարի: Քաղաքական մարմինն ինչի՞ց ելնելով պետք է ընտրություն կատարի՝ քաղաքական դրդապատճառներից:Հետևապես` սա անընդունելի է ինձ համար, և ասել եմ՝ ինչ մեխանիզմ եմ առաջարկում, որպեսզի այդ բանն ընդհանրապես վերանա: Իհարկե, այդ հոդվածին կատեգորիկ դեմ եմ: Ազգային ժողովը չպետք է ընտրի վճռաբեկ դատարանի անդամ:
– Ներկայիս իրավիճակն ինչո՞վ է տարբերվում առաջարկվողից: Այժմ դատավորներին նշանակում է նախագահը, ով ևս քաղաքական անձ է:
– Չէ, տարբերություն, այնուամենայնիվ, կա: Այսօր նախագահի կողմից նշանակումն այդքան էլ հստակ չէ՝ երբ կարող է նախագահը նշանակել, երբ կարող է չնշանակել: Օրինակ՝ այսօր Արդարադատության խորհուրդը ցանկացած թեկնածուի կարող է ներկայացնել նախագահին, որ ինչ-որ պաշտոնում նշանակի, հանրապետության նախագահը չնշանակի:
Մեր օրենսդրության այսօրվա կարգավորումը սա է: Եթե որպես օրինակ վերցնենք նույն Գերմանիան, որի իրավական համակարգը շատ է գովերգվում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, այնտեղ դատավորի ընտրության հետ որևիցե կապ չունի իշխանությունը: Իրավաբանների ինքնակառավարվող մարմիններն են՝ դատավորների միությունը կլինի, փաստաբաններինը կլինի, և կանցլերը կարող է որևիցե մեկին դատավոր չնշանակել, եթե ապացուցի, որ տվյալ անձը հանցավոր է: Իսկ դա ի՞նչ է նշանակում՝ պետք է դիմի, իրավապահ մարմինները քննություն կատարեն, տանեն դատարան, դատարանը նրան դատապարտի` որպես հանցագործի, որ չնշանակելու իրավունք ունենա:
Այսինքն՝ նշանակումը զուտ ձևական է, իսկ այսօր իմպերատիվ ձևով նախագահը կարող է իր կամքը թելադրել՝ չնշանակել, և վերջ, նրանք պարտավոր են այլ թեկնածու ներկայացնել արդեն: Իսկ նորով այդպես չէ արդեն. բարձրագույն դատական խորհուրդը որոշում կայացնող մարմին է: Նույն Ազգային ժողովը չի կարող, այդ երեքից բացի՝ ուրիշ թեկնածուի նշանակել կամ այդ երեքից ոչ մեկին չնշանակել: Պետք է նշանակում կատարի:
– Դատավորների նշանակման մեխանիզմի վերաբերյալ Դուք ներկայացրել էիք Ձեր առաջարկը, սակայն որոշ իրավաբաններ նշում են, որ ճիշտ կլինի՝ դատավորները ևս ընտրվեն ժողովրդի կողմից:
– Ինչքան պետությունների և դատական իշխանության պատմությունը կա, այդքան էլ այդ հարցը շոշափվել է, և դա նորույթ չէ: Նույնիսկ ԽՍՀՄ-ի ժամանակ անեկդոտ էին պատմում: Այն ժամանակ, գիտեք, դատավորներն ընտրովի էին, և ընտրում էր ժողովուրդը, բայց թող ՀԽՍՀ-ի կամ ԽՍՀՄ-ի որևիցե քաղաքացի ասի, որ իր ընտրությամբ է այս կամ այն դատավորին ընտրել: Այն ժամանակ կուսակցական կառույցները՝ շրջկոմները, քաղկոմները կամ կենտկոմները, բյուրոն, ում հավանություն տալիս էր, նա էլ ընտրվում էր ժողովրդի կողմից 99.9 տոկոսով, և անեկդոտը նրանում է, որ դատավորներից մեկն ասում է՝ վա՜յ, մոռացել եմ, այսօր ընտրողների հետ հանդիպում ունեի, պետք է գնամ հանդիպման, մյուս դատավորն ասում է՝ ում հետ պետք է, դու արդեն հանդիպել-վերջացրել ես, էլ ժողովրդի մոտ ինչո՞ւ ես գնում: Այսինքն՝ ժողովուրդը ձայն չուներ:
Հիմա արդյոք ժողովուրդը կարո՞ղ է որակյալ իրավաբանին ընտրել՝ որպես դատավոր: Ժողովուրդը կարող է լավ մարդուն ընտրել: Ես այն կարծիքին եմ, որ մեր օրենսդրության հումանիզմն էլ է պահանջում, որ յուրաքանչյուր դատավոր նաև լավ մարդ լինի, բայց ոչ թե վատ մասնագետ լինի, բայց լավ մարդ: Այսինքն՝ այստեղ կեղծ ժողովրդավարության բաներ կան, որ իրավունքը տալիս ես ժողովրդին, բայց ժողովուրդն իրացնել չի կարող այդ իրավունքը: Ժողովուրդը պետք է ամբոխավարության գնա այդ պարագայում:
– Պարոն Բալայան, մասնագիտական հանձնաժողովը սկզբում առաջարկեց քննարկել նաև երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությունների անցկացումը: Նախագծում դա նախատեսված չէ: Հայաստանի պայմաններում ինչպե՞ս կաշխատեր այդ ինստիտուտը:
– Եթե հիշում եք, 1990-1995թթ. ես եղել եմ այդ հանձնաժողովի նախագահը, և դատական համակարգի վերաբերյալ բոլոր օրենսդրական նախաձեռնությունները՝ անկախ նրանից` կլինեին ի՞մ, հանձնաժողովի անդամի՞ կողմից, ես եմ ներկայացրել Գերագույն խորհրդին: Այն ժամանակ Խորհրդային Միությունից մեզ ժառանգություն էին մնացել ատենակալները: Քանի որ ես աշխատում էի Արդարադատության նախարարությունում, շփումներս բավական մեծ էին դատական համակարգի հետ, ես ինքս առաջինը հանդես եկա, որ` եկեք ատենակալների ինստիտուտը մեջտեղից հանենք: Ինչո՞ւ. որովհետև շատ դատավորներ թաքնվում էին ատենակալների թիկունքում և իրենց ստվերային որոշումները պարտադրում էին ատենակալներին: Երկու ատենակալներ միացան, ստորագրեցին, ուժի մեջ է մտնում այդ դատավճիռը կամ որոշումը, և ոչ թե` միայնակ մնացած դատավորինը:
Եվ Հայաստանի պայմաններում կատեգորիկ դեմ եմ երդվյալ ատենակալների ինստիտուտին: Ինչի՞ համար: Հայաստանը փոքր է, բարեկամ-հարազատներ շատ ունեն, և տալ ատենակալներին, ատենակալները որոշեն՝ տվյալ անձը հանցագործությո՞ւն է կատարել, թե՞ չի կատարել, բարդագույն խնդիր է: Եվ ես որքան հիշում եմ, խոսքը չի գնացել ընդհանրապես երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման մասին: Խոսքը գնացել է միայն ցմահ ազատազրկում նախատեսող հոդվածների վերաբերյալ, որի դեպքում էլի համոզմունքս այն է, որ ճիշտ չէ, որովհետև փոքր երկիր ենք: Նորից եմ ասում՝ մեր ազգաբնակչությունը քիչ է, և մեկը մյուսին անպայման ծանոթ-խնամի-բարեկամ կլինի:
Այլ խնդիր է. երբ ասում ենք, որ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ մերձավոր ազգականների դեմ, ինչո՞ւ քավորը չի նշվում մեր օրենսդրության մեջ: Քավորն ամենամերձավոր ազգականն է, ընտանիքի ամենահարազատ մարդն է: Այդ մասին բազմիցս ասել եմ՝ դեռևս մինչև 95թ., որ, եթե ազգային առանձնահատկությունը պետք է հաշվի առնվի, սա թիվ մեկ ազգային առանձնահատկությունն է:
– Առաջարկվում էր անցում կատարել նաև երկաստիճան դատական համակարգի: Հայաստանի պայմաններում դա որքանո՞վ արդյունավետ կլիներ:
– Ես համոզված եմ, որ արդյունավետ չէր կարող լինել, և քննարկումների հենց առաջին փուլում այդ մասին իմ տեսակետը հայտնել եմ: Ինչո՞ւ: Ցանկացած երկրում մարդը պետք է կարողանա բողոքարկել իր դեմ կայացված դատավճիռը, որոշումը: Հիմա եթե մենք դարձնում ենք երկաստիճան դատական համակարգ (դրանում արտառոց որևիցե բան չկա, կան երկրներ, որ այդպիսի դատական համակարգ ունեն), ինչպե՞ս եք տարանջատում վերաքննությունն ու վճռաբեկությունը:
Տեսեք՝ մեզ մոտ վերաքննիչ վարչական դատարան չկար: Սահմանադրական դատարան ներկայացրին, Սահմանադրական դատարանն ասաց, որ սա սահմանադրական չէ, քանի որ մյուս բնագավառներում վերաքննության իրավունք կա, իսկ այստեղ չկա. իշխանությունների, օրենսդիրի գործն է՝ առանձին դատարա՞ն կստեղծի, կտա քաղաքացիականի՞ն, թե՞ այլ բան կանի, բայց այդպիսի դատարան ստեղծվեց, և ևս մեկ աստիճանով արդարադատության իրականացումը խրախուսվեց, որպեսզի սխալ թույլ չտան: Ի վերջո, կյանքն ի՞նչ է ցույց տալիս, որ բազմաթիվ դեպքեր կան՝ սկսած ԽՍՀՄ-ից մինչև ԱՄՆ, որ մարդկանց դատապարտել են մահապատժի, այն ի կատար են ածել, և հետո պարզվել է, որ տվյալ անձը նման հանցանք չի կատարել՝ մեր Զատիկյանը:
Մետրոն պայթեցնելու համար իրեն գնդակահարության դատապարտեցին: Հետո պարզվեց, որ դա փորձագիտական շատ լուրջ սխալի հետևանք էր՝ ընդամենը Հայաստանի Հանրապետությունում արտադրված պայուսակի առկայությունը դիտարկել էին, որ, ուրեմն Հայաստանից է ինքը բերել, երբ ամբողջ աշխարհով մեկ այդ պայուսակները վաճառվում էին, և այդտեղ ապացույց չկար: