
Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարները Բաքվում քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի ավարտին վերաբերող հարցեր

Թուրքիան ու Ադրբեջանն իրականացնում են խոշոր նախագծեր: Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին Թուրքիայի ժամանակավոր կառավարության արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ Բաքվում ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Մամեդյարովը հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի նախագծի ավարտի հարցը:
«Ադրբեջանական ու վրացական կողմից բոլոր աշխատանքներն ավարտված են: Մենք վստահ ենք, որ մինչև տարեվերջ թուրքական կողմը նույնպես կավարտի աշխատանքը: Դա ռազմավարական նախագիծ է, ու այն կարևոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Կենտրոնական Ասիայի համար: Մենք քննարկել ենք այդ հարցը Ղազախստանի հետ: Թուրքմենստանն ու Չինաստանը նույնպես շահագրգռված են դրանում: Երկաթուղին սերտորեն կապում է ժողովուրդներին»,- ասել է նա:
Մամեդյարովը ասել է, որ քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր:
«Թուրքիան աջակցում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցում»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: