Դատարանն ավարտեց բողոքի քննությունը. կհրապարակվի Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի վերաբերյալ որոշումը
Սեպտեմբերի 24-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի վերաբերյալ որոշումը: Այսօր դատարանն ավարտեց բողոքի քննությունը: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին օրերս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով. փաստաբանին մեղադրում են անձնական կյանքի մասին տեղեկություններն ապօրինի հավաքելու, տարածելու մեջ: Նիկոլայ Բաղդասարյանը, սակայն, պնդում է, որ ինքը տեղեկությունն ապօրինի չի հավաքել և ապօրինի չի տարածել: Տուժողի կողմից բողոք ներկայացնելուց հետո քրեական գործի հարուցումը մերժվել է, սակայն դատախազի կողմից այն վերացվել և որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին: Որոշ ժամանակ անց որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ Նիկոլայ Բաղդասարյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Սակայն դատախազի կողմից այս որոշումը ևս վերացվել է. այժմ Նիկոլայ Բաղդասարյանն ու նրա պաշտպանները բողոքարկել են այդ որոշումը:
Ըստ փաստաբանի՝ ինքը քրեական գործերից մեկով իրականացրել է ամբաստանյալի պաշտպանությունը: Նա հարցում է կատարել բժշկական հաստատություն՝ պարզելու համար՝ արդյոք քրեական գործով ցուցմունք տվող անձանցից մեկը տառապո՞ւմ է հոգեկան հիվանդությամբ, թե ոչ: Բժշկական հաստատությունը մերժել է տեղեկատվության տրամադրումը՝ նկատի ունենալով, որ պահանջվող տեղեկատվությունը բժշկական գաղտնիք է պարունակում: Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի դատարանի միջոցով ստանա այդ տեղեկատվությունը. նրա միջնորդությունը բավարարվել է, դատարանը ստացել է փաստաթուղթը, իր գործընկերն այն փոխանցել է իրեն: Ըստ նրա՝ իր գործողություններն արգելված չեն օրենքով: