Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց Հայկ Կյուրեղյանի գործով դաավճիռը: Դատարանի վճռով Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվեց օրինական ուժի մեջ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:
Նշենք, որ դատախազը միջնորդել էր Հայկ Կյուրեղյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել 14 տարվա ազատազրկման:
Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ ՀՀ քրեակական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս՝ խուլիգանություն և ՀՀ քրեակական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մաս՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում չորսից յոթ տարի ժամկետով, իսկ 316-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով:
Նշենք, որ Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014թ-ի հունիսի 12-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, գտնվելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջևի հատվածում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ իր անկախությունը՝ հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից շեղելու, ինչպես նաև իր անձը հասարակությանը հակադրելու՝ իր գերակայությունն ի ցույց դնելու մղումով բարձրացել է դատարանի շենքի առջևի ավտոկայանատեղիում կայանված՝ Քրիստինա Սարդարյանին ավտոմեքենայի տանիքին, ապա անտեսելով տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին, քայլել է մեքենայի տանիքի վրայով և դիտավորությամբ վնասել այն՝ պատճառելով 284.000 դրամի գույքային վնաս:
Ըստ մեղադրանքի՝ նա աղմկել է ու բռնություն գործադրել՝ որպես զենք օգտագործվող առարկայով՝ իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողներ Արմինե Գրիգորյանի, Սամսոն Ղարիբյանի, Միքայել Այվազյանի, և Արտաշես Նիկողոսյանի ուղղությամբ և դիտավորությամբ նրանց առողջությանր պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, այնուհետև, տեսնելով իրեն մոտեցող ոստիկաններին սպառնացել է իրեն մոտենալու դեպքում ձեռքում եղած պլաստմասե առարկայով պայթեցնել մարդկանց հոծ բազմության կողքին կայանված ավտոմեքենան, ապա շարունակելով անհնազանդ վարքագիծը և չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկան Արայիկ Աբելյանի՝ ավտոմեքենայի տանիքից իջնելու օրինական պահանջին, և տեսնելով նրա ձգտումը՝ ֆիզիկական ուժի գործադրմամբ խափանելու իր գործողությունները, կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման հետ, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հիշյալ ատրճանակով կրակել է Ա. Աբելյանի ուղղությամբ և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, իր այդ դիտավորյալ գործողություններով շուրջ 5 րոպե տևողությամբ անհարմարություն պատճառելով տարածքում գտնվող հասարակության անդամներին։
Նշենք, որ դատարան ներկայացվել էր նաև Հայկ Կյուրեղյանը, ով, սակայն, չկանգնեց դատավճիռը լսելու համար: Դատավոր Արմեն Բեկթաշյանը զգուշացրեց, որ կողմերը դատավճիռը լսում են հոտնկայս և կարգը խախտելու դեպքում Հայկ Կյուրեղյանը կհեռացվի դահլիճից: Հայկ Կյուրեղյանը չկանգնեց, և դատավորը նրան հեռացրեց դահլիճից:
Դատարանը բավարարեց նաև տուժողի ներկայացրած քաղաքացիական հայցը: