Բաժիններ՝

Վարչապետի առաջարկը՝ ԵՏՄ երկրներում ռազմավարական ապրանքների դեպքում հրաժարվել դոլարից, նախ վերաբերում է գազին.Ս. Կարայան. tert.am

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկը՝ ԵՏՄ երկրներում ռազմավարական ապրանքների առևտրի դեպքում հրաժարվել դոլարից և անցում կատարել ռուբլով հաշվարկին, որպես օրինակ, ենթադրում է գազամատակարարման ոլորտում անցում ՌԴ ռուբլու հաշվարկներին և վճարումներին, և սա պայմանավորված է երկու կարևորագույն հիմնախնդիրներով: Այս մասին Tert.am-ին հայտնեց Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը:

«Մի կողմից դա ԵԱՏՄ շրջանակներում ռազմավարական ապրանքների վճարումների իրականացման տրանսակցիոն (արժույթների փոխարկման հետ կապված) ծախսերի կրճատումն է, մյուս կողմից՝ գնագոյացման ոլորտում առկա խեղաթյուրումների վերացումը»,-ասաց Սուրեն Կարայանը: Ըստ նրա` Հայաստանը տարեկան 400 մլն ԱՄՆ դոլար է վճարում ՌԴ-ից հիմնական էներգակիրների ներմուծման դիմաց, իսկ ՌԴ -ից մասնավոր տրանսֆերտների ձևով ՀՀ է փոխանցվում մոտավորապես 900 մլն դոլարին համարժեք գումար, որի մեծ մասը իրականացվում է ՌԴ ռուբլով։ Այս տեսանկյունից՝ ՌԴ ռուբլով էներգակիրների վճարումը իրականացնելու դեպքում կկրճատվեն արժույթի փոխարկման հետ կապված բավականին մեծ ծախսեր: Ինչպես նաև ՀՀ բանկերը կհավաքագրեն տեղական շուկայում առկա ռուբլու զանգվածը և այն կփոխանցեն՝ որպես էներգակիրների դիմաց վճար:

Ըստ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանի՝ այսօր այդ զանգվածը տեղափոխվում և փոխարկվում է ՌԴ բորսաներում, այնուհետև վերադառնում Հայաստան՝ ձևավորելով լրացուցիչ տրանսակցիոն ծախսեր:
Մյուս կողմից , այս առաջարկի իրականացումը նպաստավոր է նաև ՌԴ-ի համար, քանի որ վերջինիս իրագործման արդյունքում գործընկեր երկրներում կձևավորվի ՌԴ ռուբլու պահանջարկ և հաշվի առնելով, որ ՌԴ-ի արտաքին առևտրի կշիռը ԵԱՏՄ երկրներում գերիշխող է՝ ապա կնպաստի ռուբլու կայունացմանը:
«ՌԴ տեսանկյունից այդ իրավիճակում ավելի խթանված կլինի միասնական արժույթի ներդրման գործընթացի անհրաժեշտությունը: ՀՀ վարչապետի առաջարկը կնպաստի Հայաստանում գնագոյացման գործընթացների կարգավորմանը: Մենք մի իրավիճակում ենք, երբ անհրաժեշտ հումքային, ապրանքային ռեսուրսները և էներգակիրները ԵԱՏՄ երկրներից ներմուծվում են ԱՄՆ դոլարով, Հայաստանում հետագա գործընթացները՝ վճարումները և հաշվարկները, իրականացվում են ՀՀ դրամով, այնուհետև արտահանման պայմանագրերը կնքվում և վճարումները իրականացվում են ԵԱՏՄ ազգային արժույթներով: Այս գործընթացում գնագոյացման վրա զգալի ազդեցություն են ունենում վերջին շրջանում արձանագրված փոխարժեքի տատանումները»,-ավելացրեց փոխնախարարը:

Կա վերլուծություն, որ փոխադարձ հաշվարկների ազգային արժույթներով իրականացումը կնպաստի նաև ՀՀ-ում գործող բանկերի կողմից, այդ թվում ռուսական կապիտալով, անդամ երկրների արժույթներով, հիմնականում ռուբլով, վարկերի տրամադրման գործընթացի ձևավորմանը և ևս կնպաստի մեր արտահանող ընկերությունների համար փոխարժեքային տատանումների ռիսկերի նվազեցմանը:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս