«Քաղաքական էլիտայի վերաբաշխման առումով նոր Սահմանադրությունը փոփոխություն չի բերի». Ահարոն Ադիբեկյան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հոկտեմբեր ամսին իրենց անցկացրած հարցումների պատասխանները կունենան և հստակ կասեն հասարակությունը կո՞ղմ է սահմանադրական բարեփոխումներին, թե՞ ոչ: Բայց ըստ նրա՝ նախորդ տարվա արդյունքներով՝ սահմանադրական բարեփոխումների հասարակական պահանջ չի եղել.

«Նախորդ տարվա արդյունքներով՝ նույնիսկ կուսակցությունների անդամները տեղյակ չեն իրենց նախագահի թեկնածուի ծրագրերից, իսկ սովորական քաղաքացիների միայն 5 տոկոսը պատկերացում ունի իր նախընտրած թեկնածուի ծրագրային դրույթների վերաբերյալ: Պարզ է, որ բնակչության մեծ մասի մոտ նման գիտակցություն չի լինի, որ հասկանա Սահմանադրության մանրուքները: Նրանք կվստահեն այս կամ այն կուսակցության առաջնորդին և կգնան նրա հետևից: Մի մոռացեք, որ ձայների մեծ մասը վերահսկվում է հանրապետականների կողմից. ի՞նչ լծակներ նրանք կկիրառեն ու ընդհանրապես, նրանց պե՞տք է նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, որովհետև նախագահի դիրքորոշումը հետևյալն է՝ եթե ժողովուրդը հավանություն տվեց՝ կանցնենք, եթե ոչ՝ կմնանք նույն դիրքում: Այսինքն՝ բավականին չեզոք դիրքում է գտնվում»:

Սոցիոլոգի կարծիքով՝ նոր Սահմանադրությամբ անմիջական ժողովրդավարական համակարգից անցնում ենք միջնորդավորվածին. «Եթե առաջ մենք ընտրում էինք մեր մեծամասնական պատգամավորին և նրա միջոցով հարցեր էինք լուծում, ընտրում էինք երկրի նախագահին՝ իրեն լիազորելով պետական բավական լուրջ խնդիրների միանձնյա լուծումը, ապա հիմա ընտրում ենք ՏԻՄ-երի ղեկավարներ, որոնք ընտրելու են երկրի ղեկավարին:

Այսինքն՝ իմ ձայնը արդեն կարող է տեղ չհասնել ու վերջնական արդյունք չտալ: Մեզ մոտ նման օրակարգային խնդիր չի եղել: Նոր Սահմանադրության գաղափարը եկավ ընդդիմության շրջանակում, որովհետև հին համակարգում ընդդիմությունը զրկված է ձայնի իրավունքից: Պարոն Շարմազանովն ասում է՝ մենք մեծամասնություն ենք, դուք պետք է կատարեք մեծամասնության կարծիքը: Դա ժամանակակից քաղաքական զարգացումներում հնաոճ մեթոդ է և այդ մեթոդը պետք է փոխվի: Դրա մասին Սահմանադրությունում ոչ մի խոսք չկա: Հիմա, եթե հանրապետականները մեծամասնություն լինեն, պարզ է, որ նախագահը կընտրվի հանրապետականներից: Փոքրամասնության հույսերը, թե սահմանադրական փոփոխոթյունները կմեծացնեն իրենց ընտրելու շանսերը, դառնում են անիմաստ ու երևակայական: Բայց մյուս կողմից մեծանում է ընտրությունների արժեքը»:

Կարդացեք նաև

Ա. Ադիբեկյանը նկատեց՝ քաղաքական էլիտայի վերաբաշխման առումով նոր Սահմանադրությունը փոփոխություն չի բերի. «Միակ խնդիրն այն է, որ իշխանության լծակները կվերաբաշխվեն և վարչապետը կստանա բավականին լուրջ արտոնություններ՝ երկրի ճակատագաիրը լուծելու հարցում: Բայց հարց է ծագում՝ եթե դառնում ենք ԵՏՄ անդամ, որտեղ Ռուսաստանը, Բելոռուսիան ու Ղազախստանը մնում են նախագահական ռեժիմում, ի՞նչ իմաստ ունի, որ մենք հակադրվենք ու անցնենք խորհրդարանական ձևին: Ստացվում է՝ մեր երկրի վարչապետը լիազորված կլինի բանակցելու այդ երկրների նախագահների հետ: Դա մի քիչ անհեթեթություն է»:

Բանախոսը նաև նշեց, որ սահմանադրական բարեփոխումների պահանջը հասարակությունից չի գալիս, այլ կառավարման համակարգի ճգնաժամից. «Կառավարման համակարգը չի կարողանում լուծել ազգի առջև դրված խնդիրները: Բայց եթե մեկը ինձ ապացուցի, որ նման խնդիրներ են   եղել և ներկայիս իշխանությունները չեն կարողացել լուծել Սահմանադրության պատճառով, ապա ես միանշանակ կողմ կլինեմ նոր Սահմանադրության ընդունմանը: Սակայն նման վերլուծություն ոչ-ոք չի անում: Սահմանադրությունը գործողության ծրագիր չէ, այլ ընդամենը սահմաններ է դնում, որից ոչ-ոք իրավունք չունի անցնելու: Նոր Սահմանադրությունը կբարձրացնի՞ մեր իրավական գիտակցությունը, թե՞ ոչ: Եթե չբարձրացնի, մենք ամենալավ պիեսը վատ կխաղանք: Բայց եթե մեր մակարդակը բարձր լինի, ապա վատ պիեսն էլ կարող ենք լավ խաղալ: Խնդիրը մեր մեջ է , ոչ թե ինչ-որ տեքստի»:

Լրագրողների հարցին՝ որպես ՀՀ քաղաքացի դե՞մ է, թե՞ կողմ սահմանադրական բարեփոխումներին, սոցիոլոգը խատասխանեց. «Դեմ եմ սահմանադրական բարեփոխումներին, որովհետև պատճառը նրա մեջ չէ, այլ՝ մեր մեջ: Իսկ մեր գիտակցական մակարդակը բարձրացնելու խնդիր ո՛չ ԿԳ նախարարությունն է իր առջև դնում, ո՛չ պատգամավորական համակարգը, ո՛չ կուսակցությունների ղեկավարները»:

 

Տեսանյութեր

Լրահոս