«Արևմուտքից է կախված` ինչպես Ռուսաստանն իրեն կդրսևորի Հարավային Կովկասում». Դևիդ Սեթեր
168.am-ի զրուցակիցն է 1976-1982թթ. Մոսկվայում Financial Times թերթի հատուկ թղթակից, 1982թ. The Wall Street Journal-ի՝ ԽՍՀՄ հարցերով փորձագետ, ներկայում Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Դևիդ Սեթերը:
– Պարոն Սեթեր, Արևմուտքը` ԱՄՆ-ն ու Եվրոպական միությունը, շարունակում են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, այդ երկրին դնելով միջազգային ճնշումների օղակի մեջ, ինչը, ըստ որոշ գնահատականների, բավարար չէ, չի զսպում Ռուսաստանի իմպերիալիստական հավակնությունները, հետևաբար նաև` գործողություններն Ուկրաինայում և իր ազդեցության գոտիներում: Արևմուտքի ինչպիսի՞ միջոցները կարող են իսկապես ճնշել ՌԴ ներկայիս իշխանությունների ագրեսիան Ուկրաինայում, ինչին այս օրերին ևս ականատես ենք դառնում:
– Մենք հստակորեն չենք կարող ասել, թե ինչպիսին է պատժամիջոցների արդյունավետությունը և մենք չենք իմանա այդ հարցի պատասխանը մի որոշ ժամանակ, քանի որ պատժամիջոցները վնասում են ՌԴ տնտեսության մի քանի ճյուղերին, որի հետևանքով աշխարհի տնտեսական իրավիճակը ևս վատանում է, քանի որ ՌԴ-ն էներգակիր մատակարարող երկիր է, այս ամենի հետևանքով էներգակիրների գները բարձրանում են: Այսինքն` եթե պատժամիջոցները արդյունավետ չեն հանգամանքների մի խմբի պարագայում, ապա կարող են ունենալ այլ արդյունք այլ հանգամանքների պարագայում: Իրավիճակը մշտապես փոփոխվում է:
Իհարկե, Արևմուտքի տեսանկյունից շատ ավելի իմաստուն կլիներ Ռուսաստանի նկատմամբ կոշտագույն պատժամիջոցների կիրառումն այդ ագրեսիայի ամենավաղ փուլերում, այնինչ Արևմուտքը որդեգրեց պատժամիջոցներն աստիճանաբար կոշտացնելու քաղաքականություն, բայց ես կարծում եմ, որ եթե Ռուսաստանը նոր մասշտաբային հարձակողական գործողություն սկսի Ուկրաինայում, ապա ԱՄՆ-ն ստիպված կլինի կիրառել ծայրաստիճան կոշտ պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ, քանի որ Ռուսաստանն արդեն լցրել է համբերության բաժակը, կրակի տալով Ուկրաինան, ներխուժելով ուկրաինական տարածք, որը բացահայտ ագրեսիա է Ուկրաինայի նկատմամբ` մարտահրավեր նետելով հետպատերազմյան աշխարհակարգին:
– Դուք խոսեցիք Արևմուտքի հապաղելու մասին, այլ ի՞նչ սխալներ կառանձնացնեք Արևմուտքի ներկայիս քաղաքականությունում:
– Քլինթոնի ադմինիստրացիայի քաղաքականությունը ՌԴ-ի նկատմամբ շարունակվեց Օբամայի ադմինիստրացիայի կողմից, այդ քաղաքականության համաձայն, ԱՄՆ-ն ու մյուս եվրոպական երկրները պատրաստ չէին ՌԴ ագրեսիվ քաղաքականությանը, որը իրեն ցույց տվեց բռնակցելով Ղրիմը և ներխուըժելով Վրաստան, Ուկրաինա, դա լուրջ խնդիր է և ամերիկառուսական քաղաքականության մի շարք ասպեկտներ է վտանգել, բայց երբ ռուսաստանցիները բաց կերպով ցույց տվեցին Պուտինյան ռեժիմի էությունը, ԱՄՆ մտքի կենտրոնները սկսեցին «պատժամիջոցներ կիրառել» և դա լավ միջոց էր: Միակ բանը, որ չենք արել և պետք է անել, դա ապահովել Ուկրաինային պաշտպանական զենքով ու զինամթերքով: Եթե 1994թ. ԱՄՆ-ն համաձայնել է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը միջուկային ծրևագրից հրաժարվելու դիմաց, ապա ԱՄՆ-ն հանձնառու է ամենաքիչը պաշտպանական սպառազինություն տրամադրել Ուկրաինային, երբ այդ երկիրը հայտնվել է նման իրավիճակում: Մենք դա չենք անում:
– Եթե Արևմուտքը շարունակի այս քաղաքականությունը, ինչը քայքայում է Ռուսաստանը ներսից, խարխլում իշխանությունների դիրքերը, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին և ՌԴ ներկայիս իշխանություններին, ըստ Ձեզ: Շատ է խոսվում պալատական հեղաշրջման մասին, հեղափոխության և այլն, և այլն, քանի որ այսօր Պուտինի մերձավոր շրջանակներն արդեն դժգոհ են պուտինյան քաղաքականություինից, քանի որ իրենց մաշկի վրա են զգում դրա հետևանքները միջոցների կրճատման տեսքով:
– Շատ դժվար է կանխատեսել, թե Ռուսաստանում զարգացումներն ինչ ուղով կընթանան: Հնարավոր է ներքին ուժեղ ընդդիմություն բարձրանա Պույտինի դեմ, բայց պարզ չէ, թե ինչ եղանակով նրան կարող են «գահընկեց անել»: Միակ ճանապարհը, որ ես տեսնում եմ` ՌԴ-ում մասշտաբային ցույցերն են, ինչպես Ուկրաինայում, գուցե դա հանգեցնի հեղաշրջման, գուցե պաշտպանական կառույցները, որոնք պուտինյան ռեժիմը պահողներն են, կանգնեն նրան տապալել ցանկացողների կողքին: Դժվար է ասել: Բայց, իմ համոզմամբ, եթե դիտարկենք հասարակությանը և հասարակության ուժը, ապա ուկրաինական մոդելը կարող է կիրառելի լինել Ռուսաստանում: Եթե լինեն մեծ ցույցեր, ապա հնարավոր է ներիշխանական լուրջ բախումներ սկսվեն, դա չի բացառվում, որ տապալի Պուտինի ռեժիմը:
– Պարոն Սեթեր, Դուք գիտեք, որ Հարավային Կովկասում, որտեղ Ռուսաստանն ազդեցության ավելի մեծ լծակներ ունի, իրավիճակը բավականին բարդ ու համակարգային է, ավելի շատ են հարցերը, քան պատասխանները` ԼՂ հակամարտություն, Աբխազիա, Հարավային Օսեթիա, որոնցում ՌԴ-ն ունի ազդեցության լծակներ, տեսնում ենք, որ Ռուսաստանը ցանկացած պահի կառավարում է հակամարտություններն իր օգտին, իսկ Արևմուտքն այս ֆոնին ավելի պասիվ է ներկայանում և նույնիսկ արևմտյան մտքի կենտրոնները գնահատականներ են հնչեցնում, որ ուկրաինական հակամարտությունը «տաքացնում է» Հարավային Կովկասը: Այս ամենին զուգահեռ Արևմուտքը նաև դատապարտում է ՀՀ-ին ԵՏՄ-ին անդամակցելու որոշման համար այն դեպքում, երբ Արևմուտքն ըստ էության Ուկրաինայի դեպքում, ինչպես Դուք եք նշում, անհրաժեշտը չի անում, որպես անվտանգության երաշխավոր: Այդ դեպքում ո՞րն է հարավկովկասյան երկրների «պաշտպանվելու» հնարավորությունը:
– Ես Հարավային Կովկասի մասնագետ չեմ, ցավոք սրտի: Ես տեղյակ եմ, որ ԼՂ հակամարտությունը ժամանակ առ ժամանակ օգտագործվում է Ռուսաստանի կողմից, բայց վարանում եմ ճիշտ խորհուրդներ տալ: Միակ բանը, որ կարող եմ ասել հետևյալն է` Ռուսաստանի արտաքին քաղաքականության նպատակը ոչ թե հակամարտությունները կարգավորելն է, այլ դրանք օգտագործելը: Սա տեղի է ունենում ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ամենուր, որտեղ Ռուսաստանն ունի այդ լծակը: Սա ՌԴ քաղաքականության առանձնահատկությունն է: Սա պետք է իմանալ, սրան պետք է պատրաստ լինել, եթե կան կարգավորման այլ ձևաչափեր, օգտագործել դրանք:
– Ամեն դեպքում, ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է վարվեն այս երկրներն իրենց արտաքին անկախ քաղաքականության համար Ուկրաինայի, Վրաստանի նման բարձր գին չվճարելու համար:
– Այս հարցը կախված է Արևմուտքից: Այսինքն` Արևմուտքի գործողություններն Ուկրաինայում կկանխոոշեն իրավիճակը Հարավային Կովկասում: Ռուսաստանի տնտեսական իրավիճակը փխրուն է այսօր և ես անկեղծորեն կարծում եմ, որ տնտեսական ճնշումն այն միակ միջոցն է, որն Արևմուտքն ունի Ռուսաստանի դեմ, նրա գործողությունները սահմանափակելու նպատակով, քանի որ կան Արևմուտքի դիմաց սահմանփակումներ ևս: Եթե ՌԴ տնտեսական իրավիճակը բարդ է, ապա ՌԴ-ն ագրեսիվ քաղաքականություն Ուկրաինայում շարունակելու իմաստ չի ունենա, քանի որ ՌԴ իշխանությունները պայքարում են Ուկրաինայի դեմ, քանի որ չեն ցանկանում, որ ռուսատանցիները հետևեն ուկրաինական օրինակին, նրանք ցանկանում են Ուկրաինայի ընտրած ուղին, որպես այլընտրանք, հեղինակազրկել: Բայց երբ ամեն ինչ գումարի շուրջ է ծավալվում, ապա հասկանալով, որ մեծ գումարներ են կորցնում իրենց ագրեսիվ դրսևորելու համար, ապա կդադարեցնեն այն: Դրանց հիմքերն այսօր տեսանելի են: