Բաժիններ՝

««Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հերթական պատիր ապատեղեկատվությունը». Արգամ Այվազյանի պատասխանը՝ ՊՈԱԿ-ին

Ս/թ օգոստոսի 28-ին 168.am էլեկտրոնային կայքում՝ օգոստոսի 25-ին, նույն կայքում հրապարակածս «Հարկադրված պատասխան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատասխանի առթիվ» հոդված-պատասխանին ի պատասխան հիշյալ ՊՈԱԿ-ի հրապարակած հոդվածին հարկ էր առհասարակ չարձագանքել: Քանզի.

1. Այն, նախ մի երկու հարցի հարևանցիորեն անդրադառնալուց բացի չի առնչվում նույն այդ կայքում ս/թ օգոստոսի 14-ին տված ոչ իմ հարցազրույցի և ոչ էլ այդ առիթով ՊՈԱԿ-ի պատասխանի վերաբերյալ օգոստոսի 25-ին հրապարակածս հոդվածի հարցադրումներին:

2. Խուսափողաբար անտեսելով բուն հարցադրումները , ՊՈԱԿ-ը շատ էժանագին կարգով այդ հրապարակման ամբողջ ուղղվածությամբ վերստին փորձ է անում ընթերցողին ինչ-որ կերպ «մատնացույց» անել, որ հուշարձանների վերաբերյալ զանազան լրատվամիջոցներում իմ հրապարակային ելույթներում ու հրապապակախոսական հոդվածներում այս կամ այն անդրադարձումները, որոնք, որոշ առումով, որպես հուշարձանապահպան կազմակերպության՝ ուղղակի թե անուղղակի կերպով, բնականաբար, առնչվում են նաև այդ ՊՈԱԿ-ին, ունեն պախարակող ուղղվածություն կամ էլ իբր տողերիս հեղինակը «վրեժխնդիր է լինում ՊՈԱԿ-ից այն բանի համար, որ տնօրինությունը չի բավարարել իր շահադիտական նկրտումները»: Քավ լիցի…Ամեն մարդ գործում կամ հանրությանն է ներկայանում իր բարոյական չափանիշներով ու կերպարով: Բարեբախտաբար, գիտական ու մտավորական լայն շրջանակներին և հանրությանը քաջածանոթ են ինչպես տողերիս հեղինակի, այնպես էլ վերոնշյալ ՊՈԱԿ-ի վերջին տարիների գործունեությունը:

ա) Այնուամենայնիվ, փարատենք այդօրինակ մտածողությամբ, իրենց իսկ բառապաշարով՝ «խաթարված ու անխոհեմությամբ, տենդախտով» ուղղորդվող ՊՈԱԿ-ի որոշ պաշտոնյաների ոչ մի հիմք ու հիմնավորում չունեցող այսօրինակ թյուր ու պատիր մտածումները: Եվ ի գիտություն ոմանց՝ նշեմ, որ այժմյան, ինչպեսև պատմական Հայաստանի հուշարձանների, նրանց պահպանության ու վերականգնումների, հանրահռչակման և առնչակից խնդիրների վերաբերյալ իմ անձնական ու պաշտոնական մոտեցումներն ու մտահոգությունները Հայաստանի լրատվամիջոցներում(մամուլ, հեռուստատեսություն, ռադիո) հանդես եմ գալիս դեռևս 1965-1970-ական թվականներից ի վեր: Իսկ առանձին հարցերի վերաբերյալ իմ մտահոգությունները Հայաստանի պատկան մարմինների ուշադրությանը հրավիրելուց բացի, հասցվել են մինչև ԽՍՀՄ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանատուներին: Այնպես որ՝ թող ամենևին էլ վիրավորական չթվա, եթե արձանագրեմ, որ այսօրվա ՊՈԱԿ-ի որոշ պաշտոնատար անձինք էլ դեռևս այդ տարիներին դպրոցականներ կամ էլ ուսանողներ էին և, բնականաբար, նոր-նոր էին ուսանում-հասու լինում մեր մշակութային ու նյութական ժառանգության արժևորման ու հավուր պատշաճի պահպանելու խնդիրներին:

3. Իրենց վերոնշյալ, իրոք որ խաթարված դիրքորոշման իրավացիությունը «հիմնավորելու» համար ՊՈԱԿ-ը հիմնականում հղում է Նախիջևանի հայկական հուշարձանների վերաբերյալ իմ անձնական սեփականությունը հանդիսացող արխիվի՝ դեռևս 2008թ-ից ՀՀ կառավարությանը իմ դիմումով պետականացման հարցը, հանդգնում է նաև կարծիքը «տարածել», իբր այն ստեղծվել է պետական գործուղումների արդյունքում, որն ակնհայտ կեղծիք ու հերյուրանք, ապատեղեկատվություն է: Ընդգծենք, որ այսպիսի գործելաոճը, ցավոք, ինչպես նշել էի նաև նախորդ հոդվածում, այս ՊՈԱԿ-ի վերջին տարիների աշխատելաոճին շատ հարազատ երևույթ է: Նշեմ նաև այն, որ հենց այդ ՊՈԱԿ-ի նմանատիպ պաշտոնական գրություններով է ապակողմնորոշվել նաև ՀՀ մշակույթի նախարարությունը: Վերջինս էլ՝ իր հերթին, բնականաբար, ապակողմնորոշիչ պատասխաններ է հղել ՀՀ կառավարությանն ու նախագահին: Իմիջիայլոց, այս նույն ձեռագիրը օգտագործվեց նաև ՊՈԱԿ-ի 2011-2012 թթ. մի քանի հրատարակությունների վերաբերյալ «Իրատես de facto»-ում 2013 թ. թիվ 28-31 համարներում հրապարակածս հոդվածին պատասխանով հանդես եկած հոդվածում:

ա) Այստեղ՝ ընթերցողին տեղեկացնենք այն պարզ իրողությունը, որ անցած տասնամյակներում՝ 1965-1987 թթ., իմ սեփական նախաձեռնությամբ ու սեփական միջոցներով մի քանի հարյուրների հասնող Նախիջևանի տարածք կատարած իմ խիստ գաղտնի և կյանքի համար շատ վտանգավոր, պետական անցագրային կետերի շրջանցում- այցելությունների թվում եղել է ընդամենը 3-4 պաշտոնական գործուղումներ, որի ձևակերպումն անհրաժեշտ է եղել Ներքին գործերի և Պետանվտանգության մարմիններից Նախիջևան մուտք գործելու պաշտոնական անցագիր ստանալու համար: Քանզի, վերջինիս տարածքն ամբողջովին սահմանային գոտի էր և այդտեղ մուտք կարելի էր գործել միմիայն հատուկ ռեժիմով գործող անցագրի միջոցով: Թե այդ մի քանի օրերում՝ ՊՈԱԿ-ի պատասխանատուների «բանական մտածողությամբ», ինչպես հնարավոր էր Նախիջևանի բազմահազար հուշարձանների ուսումնասիրում իրականացնելը, ապա դա թողնենք այդ ՊՈԱԿ-ի «գիտուններին», և միայն փաստենք, որ այդ դեպքում իմ անուն ազգանունը վաղուց պետք է որ գրանցված լիներ Գինեսի գրքում… Երանի թե այդպիսի կեղծիքով զբաղվող հիշյալ ՊՈԱԿ-ի «իմաստունները» մինչև 1988թ. գոնե մեկ անգամ Նախիջևան այցելած լինեին և փորձած՝ մոտենալ Նախիջևանի որևէ հայկական հուշարձանի, լուանկարել կամ էլ չափագրել այն: Այստեղ, պարզապես զերծ մնանք մեկնաբանությունից և միմիայն նշենք, որ ձայնները տաք տեղից է գալիս: Կամ էլ, այստեղ երևի տեղին է անհամեստություն չանել և շեշտել, որ իմ հրատարակած մտքի արգասիքի՝ 200-ից ավելի գիտական ու գիտահանրամատչելի հոդվածների, առանձին գրքերով հրատարակածս 40-ից ավելի գրքերի ու իմ գործունեության կարևորության ու բացառիկության վերաբերյալ հրատարակված հայ և օտար գիտնականների, քաղաքական ու պետական գործիչների, մտավորականների կարծիքների մեկական օրինակները եթե արդարադատության նժարին դրվեն, ապա երևի թե հավասարվի ՊՈԱԿ-ի որոշ պատասխանատուների ֆիզիկական քաշին:

4. Նախիջևանի հուշարձանների արխիվի պետականացման վերաբերյայ այս ՊՈԱԿ-ի իրական դերի ու դեմքի վերաբերյալ ժամանակին(այդ հանգամանքով այստեղ կրկնություններ չեմ կատարում) հրապարակայնորեն և մանրամասնորեն անդրադարձել եմ.

ա) «Ազգ» թերթի 2013 թ. փետրվարի 9-ի համարի երկու էջերում տպագրված «Խելքի աշեցեք»…» իմ հոդվածում, որը տեղադրված է նաև համացանցում և հասանելի է այդ հարցով հետաքրքրվող ցանկացած անձի:

բ) «Առավոտ» թերթի 2012թ. դեկտեմբերի 4-ի համարում հրապապակածս «Կոչ աշխարհասփյուռ հայությանը» կոչում: (Այս կոչի վերաբերյալ Հայաստանի մի շարք ստեղծագործական միությունների, պետական կազմակերպությունների և ճանաչված մտավորականների արձագանքները՝ նամակ-դիմումները, ուղղված ՀՀ վարչապետին տե՛ս «Ազգի» 2013թ. փետրվարի 6-ի համարում): Այդ կոչում շատ հստակ արձանագրել եմ, որ «սույն նամակ-կոչի հրապարակումից հետո վերոնշյալ արխիվի պետականացման համար հետայսու չեմ դիմելու ՀՀ պետական, մարմիններին » և հովանավորներ գտնելով «պիտի ջանամ՝ ի հեճուկս պատկան մարմինների, այն դարձնել պետական սեփականություն»: Այս մեջբերումս էլ հատուկ կատարում եմ ՊՈԱԿ-ի այն հետաքրքրասիրության համար, որ մարդիկ իրենց վերոնշյալ նամակ-հոդվածի հետգրությունում «անհանգստացած» են թե «ինչու՞ է վերջին շրջանում Ա. Այվազյանը զարմանալի լռություն պահպանում Նախիջևանի հուշարձանների արխիվի վերաբերյալ: Գուցե արդեն իրականացրել է ազգային սեփականություն հանդիսացող արխիվը հարևան երկրներին վաճառելու անթաքույց սպառնալիքը»:

գ) Հիմա՝ մի քանի մեջբերումներ կատարենք հենց այս ՊՈԱԿ-ի ֆոնդային հանձնաժողովի 2012 թ. այդ խնդրի ուղղորդված քննարկման երեք արձանագրություններից: 2012թ. մայիսի 23-ի առաջին նիստի արձանագրությունում, օրինակ, հանձնաժողովի անդամ Գրիգոր Ղաֆադարյանը ոչ ավել ոչ պակաս «կասկած հայտնեց սևանկարների որակի վերաբերյալ՝ գտնելով որ հետագա օգտագործման համար դրանք պիտանի չեն»: 2012թ. հուլիսի 13-ի կայացած նիստի արձանագրությունում փաստվում է, որ «ներկայացված սևանկարները փոքր չափերի են: Փորձը ցույց է տվել, որ դրանք հետագա օգտագործման համար պիտանի չեն, քանի որ արտատպությունները հիմնականում լավ չեն ստացվում» (Ի Մկրտչյան): 2012թ. հոկտեմբերի 19 -ի քննարկման ժամանակ էլ(երրորդ արձանագրությունում) ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ Լ. Գևորգյանի(այժմ՝ տնօրենի տեղակալ) պնդմամբ էլ այդ արխիվի նյութերը «նույնիսկ նվիրաբերելու դեպքում արդեն պետք է վերապահումով մոտենալ որ հաշվառումը և պահպանությունը ապահովելու համար հիմնարկը ծախսում է գումարներ և աշխատաժամանակ, իսկ վերջնական արդյունքը դառնում է արդի պանանջներին ոչ համապատասխանող սկզբնաղբյուրի ֆոնդավորում»: Եվ այսպես շարունակ… Ինչ խոսք, վերոբերյալները իրենց իրավունքի կամարտահայտություննեն: Սակայն ընդգծենք, որ այս ամենն այն դեպքում, որ այդ նյութերը, որոնք հիմնահատակ կործանված հայոց հուշարձանների համար միակն են, Հայաստանում և արտեկրում օգտագործվել և օգտագործվում են բազմաթիվ տպագրությունների, ցուցահանդեսների, տեսաֆիլմերի, համացանցի համար, դրանց միջոցով կրկնօրինակվել ու կրկնօրինակվում են բազմաթիվ խաչքարեր, որոնց մի մասին, անշուշտ, քաջածանոթ են նաև ՖԲ-ի ընթերցողները, և ունեն անհրաժեշտ որակ, իսկ այս ՊՈԱԿ-ի քիմքի համար՝ կասկածելի ու անպիտան են: Ահա այսպիսի և այլ ոչ օբյեկտիվ, ուղղորդված ելույթ-կարծիքներից հետո է, որ պոռթկացել եմ «չեմ կարող բացառել, որ դա ձեռք բերի անանուն գնորդ Ադրբեջանից կամ Թուրքիայից, որից հետո պարզ չի լինի արխիվի հետագա ճակատագիրը»:

Եվ հանկարծ հիմա էլ՝ այդ ՊՈԱԿ-ը, «հայրենասիրությունից» ելնելով, մտահոգություն է ցուցաբերում, այդ նյութերը համարում ազգային սեփականություն: Այստեղ անտեսենք երկակի ստանդարտներով առաջնորդվող այս ՊՈԱԿ-ի, իմ կարծիքով, ոչ այնքան ազնիվ հայրենասիրական մտահոգության դրսևորմանը, ընթերցողին պարզապես տեղեկացնենք, որ արխիվի պետականացման համար, ինչպես իմ վերոնշյալ կոչում եմ ընդգծել, իմ կողմից բանակցություններ են վարվում անհատ մեկենասների հետ, ինչպեսև դիմել եմ Գյուլբենկյան կազմակերպությանր, Կիլիկիո կաթողիկոսությանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին և այլ կազմակերպությունների: Հուս ունեմ, որ առաջիկա տարիներում այդ խնդիրը՝ ի վերջո իր լուծումը կստանա և այն կդառնա պետական սեփականություն, բայց ոչ երբեք հիշյալ ՊՈԱԿ-ի կամ էլ ՀՀ մշակույթի նախարարության որևէ այլ թանգարանի կամ կազմակերպության: Սա շատ հաստատ և վերջնականի որոշումն է:

Այսքանով թերևս սահմանափակվեի: Սակայն անդրադառնամ ՊՈԱԿ-ի այն առաջարկությանը, որ օգտակար լինեմ Epson Perfection V 370 Photo սարքի ձեռքբերմանը, որը ՊՈԱԿ-ի արխիվի համար շատ կարևոր եմ համարում, ապա նշեմ միայն հետևյալը: Նախ այդ գործի համար միջնորդավճարը պահեք ձեզ և ինֆորմացիայի այս դարում կապ հաստատեք վերոնշյալ կան այլ ֆիրմայի հետ: Ավելին, դիմեք զանազան նմանատիպ սարքավորումներ հանրապետություն ներկրող կազմակերպություններին: Խորհրդակցեք հանրապետությունում այդօրինակ մեծաֆորմատ սարքեր օգտագործող կազմակերպությունների(օրինակ, Քարտեզագիտության ինստիտուտ, ՀՀ ազգային գրադարան, ՀՀ ազգային արխիվ, նախագծային ինստիտուտներ և այլն) հետ և համոզված եմ, որ այդ խնդիրը լուծում կստանա: Միով բանիվ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «փնտրողը կգտնի»:

Վերջակետելով այս խոսքս, հետայսու չեմ անդրադառնայու «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի այսօրինակ անպատասխանատու ու պատիր, երկդիմի ու խաթարված հոգով ու մտքով գիր-գրություններին:

Արգամ Այվազյան
Հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս