Որո՞նք են ժամանակակից մարդու վախերը
5sfer.com կայքը գրում է. մեզնից յուրաքանչյուրն ունի վախեր, որոնք թույլ չեն տալիս ազատ լինել: Եթե ճգնաժամ է, վախենում ենք գումարից ու աշխատանքից զրկվելուց, ընկերոջ հետ կոնֆլիկտ է՝ վախենում ենք միայնակ մնալուց, պաշտոնի բարձրացում է՝ մտածում ենք, թե մեր մասին ինչե՞ր կխոսեն շրջապատում: Որո՞նք են ժամանակակից մարդու վախերը.
Վախ փոփոխություններից
Հոգեբանների հաշվարկներով՝ 10 տարվա ընթացքում գոնե մեկ անգամ մենք ընկնում ենք նույնականացման ճգնաժամի մեջ: Պարզ ասած՝ մենք մեզ նորից ենք ստեղծում: Սովորաբար այդ պահերին հայտնվում է առաջին չարքը՝ փոփոխությունների վախը, որը ստիպում է մեզ դանդաղել և հետաձգել որոշիչ գործողությունները: Ի՞նչ անել, եթե վախենում եք ձեր կյանքում փոփոխություններ անելուց: Հիշեք՝ նույնականացման ճգնաժամեր բոլորն են ունենում, դա բնական է: Անհրաժեշտ է, որ ինքդ քեզ սատարես, խրախուսես ու ոգևորես: Փոփոխություններ անելիս ձեր մասին հոգ տարեք այնպես, ասես հոգ եք տանում ձեր ամենամտերիմ ընկերոջ մասին, որը տագնապների մեջ է:
Վախ ճիշտն ասելուց
Համարվում է, որ ստելը լավ բան չէ: Որոշ ծնողներ խստորեն պատժում են երեխաներին ստելու համար, բայց դրա հետ մեկտեղ իրենք հանգիստ ստում են: Ստում են ղեկավարին, որպեսզի արդարացնեն իրենց ուշացումը, բժշկին, որպեսզի հիվանդության մասին տեղեկանք ստանան, երեխային, երբ վախեցնում են «բոբոյով»: Եթե հրաժարվենք քննադատություններից, ապա պարզ է դառնում, որ ստելը շատ դեպքերում մեղք չէ, այլ ցանկացածը ստանալու և տհաճություններից խուսափելու միջոց:
Ստում ենք, երբ ինչ-ինչ պատճառներով վախենում ենք ինչ-որ բան ուղիղ ձևով ասել կամ բացահայտ խնդրել: Եթե ձեզ պահեք բնական ու բնական ձևով արձագանքեք կյանքի տարբեր իրավիճակներին, ապա ստի անհրաժեշտությունն ինքնին կանհետանա:
Վախ քո ցանկություններն ուրիշիններից չտարբերելուց
Երբ ունենում եք այնպիսի զգացում, որ դուք ապրում եք ուրիշի կյանքով, արեք ձեզ համար ինչ-որ անբնական բան կամ նյարդայնացեք: Անջատեք բջջային հեռախոսը: Նստեք ու հանգիստ նայեք պատուհանից բացվող տեսարանին: Իջե՛ք երկնքից. ձեզ ներկայում զգացեք: Տեսեք՝ ի՞նչ եղանակ է ու ի՞նչ եք հագել:
Վախ միայնությունից
Ի՞նչը կարող է ստիպել մեզ՝ հասուն մարդկանց, հպատակվել ուրիշի ցանկություններին: 4-րդ չարքը՝ մենակ մնալու վախը: Մեզ ներշնչում են, որ եթե ունենանք բարդ ու էգոիստ բնավորություն, ապա մարդկանց դուր չենք գա ու չենք կարողանա երջանիկ հարաբերություններ ստեղծել: Դա հիմարություն է: Իրականում հասարակությունը սպասում է, որ իրեն հարմարվենք: Սակայն հասարակությանը հարմարվող մարդու համար իրականում անհարմար է:
Եթե միայնության մեջ հայտնվեք այն պատճառով, որ չեք հարմարվել շրջապատին, ապա այդ միայնությունը ժամանակավոր է: Եթե շրջապատում ձեզ պատժում են՝ արհամարհելով, ու փորձում են փոխել ձեզ, ապա ժամանակը չէ՞ շրջապատը փոխելու: Իհարկե, կարելի է անվերջ կոմպրոմիսի գնալ, բայց գիտե՞ք, թե որտեղից են հայտնվում խրոնիկ հիվանդությունները: Ֆրեյդը կարծում էր, որ դրանք հայտնվում են մշտական «գիտակցված» կոմպրոմիսներից:
Վախ մտերիմներին հիասթափեցնելուց
Մարդկային բնական ցանկությունը՝ հոգ տանել սիրելիների մասին, նրանց պարուրել հոգատարությամբ և երջանկություն պարգևել, կարող է վերածվել չարիքի՝ դավաճանել ինքդ քեզ, եթե ժամանակին կանգ չառնես: Հաջողությունների հասնել կարող են միայն նրանք, ովքեր կարող ենք խնդրել հարազատներին՝ մտափոխվել, և նրանք, ովքեր ի վիճակի են թողնել իրենց ցանկությունները և հաղթահարել վախերը:
Վախ հասարակության հետ կոնֆլիկտ ունենալուց
Երբ սկսում ենք փոխվել, հասարակությունը հաճախ ցուցաբերում է մեծ դիմադրություն: Հասարակության հետ կոնֆլիկտի մեջ մտնելուց վախենում ենք: Բայց և այնպես, հասարակական շատ նորմեր աբսուրդ են մեր օրերի համար: Բացարձակ ճշմարտություններ չկան: Երբ այդ փաստը գիտակցում ես, չես վախենում վիճել հասարակական առասպելային նորմերի շուրջ ու գնում ես քո ճանապարհով:
Վախ, որ ժամանակը չի հերիքի
Դուք երեխաներ ունե՞ք: Եթե ոչ, ապա հետևեք, թե ինչ կյանք են վարում մայրերն ու հայրերը: Ծնողները հրաշալի օրինակ են, թե ինչպես կարելի է ավելի շատ բան տեղավորել ժամանակի մեջ, քան թվում է առաջին հայացքից: Որոշ ծնողներ նույնիսկ հաստատում են, որ իրենց դուր է գալիս ծնող լինելը: Նրանք ժամանակ են գտնում և՛ աշխատանքի գնալու, և՛ երեխաներին դաստիարակելու համար, և ապացուցում են, որ կարելի է ժամանակ գտնել ցանկացած հարց լուծելու համար:
«Վաղը»
Քանի՞ անգամ եք պատրաստվել սկսել նոր կյանք, բայց հետաձգել եք վաղվան: Հիշեք՝ համապատասխան ժամանակներ երբեք չեն գա:
Թարգմանությունը՝ 168.am-ի