«Պոռնկատուն բացելն էլ կարող է նոր աշխատատեղերի լուծման պատճառաբանությամբ լինել, սպասենք, դրա ականատեսն էլ մի օր կլինենք». Սուրեն Զոլյան
Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի վաճառքին: Նա նկատեց, որ այս կառույցը պետք է օգտագործվեր միայն այն նպատակի համար, ինչի համար ի սկզբանե նախատեսված է եղել. «Առհասարակ Կառավարությունն ի՞նչ գործ ունի, որ իրեն դրել է, այսպես ասած, վաճառողի տեղում: Տնօրինել չի նշանակում օբյեկտը վաճառքի հանել: Եթե դու ի վիճակի չես տնօրինել, ապա հրաժարական տուր և հրավիրիր այն մարդուն, ով ի վիճակի է դա անել»:
Քաղաքագետը ստեղծված իրականությունը համեմատեց մի իրավիճակի հետ, երբ մարդը վարձու աշխատող է հրավիրում՝ տան մաքրությամբ զբաղվելու համար, վերջինիս վատ աշխատանքի դիմաց, փոխարեն հեռացնի նրան կամ փոխարինի նոր աշխատողով, նա է տանտիրոջը վտարում տնից և վաճառքի դնում այն. «Տպավորությունն ակնպիսին է, որ Հայաստանը զավթել է մի ավազակախումբ և քանի որ ի վիճակի չէ տնօրինելու սեփական տունը, վաճառքի է հանել այն՝ ամենաէժան գնով: Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ նրանք՝ Սերժ սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը վաճառքի չեն հանում իրենց պատկանող օբյեկտները: Որևէ մեկը լսե՞լ է, որ նման բան պատահի՞, որովհետև հիանալիորեն կարողանո՞ւմ են տնօրինել դրանք և միայն նմանօրինակ ազգային արժեք հանդիսացող մշակութային հուշարձանների ճակատագի՞րն է անհայտ»:
Քաղաքագետն այն կարծիքին է, որ եթե այնպիսի վնաս են պատճառել, որ այլևս չեն կարողանում տնօրինել տվյալ կառույցը, ապա թող իրենց օբեկտները վաճառեն, այլ ոչ ազգային նշանակություն ունեցող կառույցը. «Ես նախևառաջ հարց ուզում եմ այս հարթության վրա դնել և ինձ համար բոլորովին երկրորդական հարց է՝ կազինո լինելո՞ւ է այնտեղ, թե՞ ոչ: Սա ընդհանուր անբարոյականության և բարձիթողի մոտեցման խնդիր է, և այս քայլով ևս նրանք ցույց են տալիս, որ իրենք զավթիչ, օկուպացիոն իշխանություններ են, ովքեր անելու այլ բան չունեն, քան երկիրը վաճառքի հանելն է՝ սկսած ընդերքից, վերջացրած նմանօրինակ կառույցներից»,- իր խոսքում նշեց քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը:
Բանախոսը նշեց, որ Մարզահամերգային համալիրը ժամանցի կենտրոնի վերածելու գաղափարը մենթալիտետի հստակ դրսևորումն է և որ նա չի զարմանում, որ իրենց այդ քայլը կառույցի նոր սեփականատերերը կարող են արդարացնել երկրում նոր աշխատատեղեր ստեղծելու պատճառաբանությամբ. «Ի վերջո, պոռնկատուն բացելն էլ կարող է նոր աշխատատեղերի լուծման պատճառաբանությամբ լինել, սպասենք , դրա ականատեսն էլ մի օր կլինենք: Ամեն ինչ արել էին, բաց էր մնացել միայն ժամանցի հարցը», – ասաց պարոն Զոլյանը:
Սուրեն Զոլյանը տեղյակ չէ՝ ովքեր են Մարզահամերգային համալիրի նոր սեփականատերերը և կարծում է, որ գաղտնիության այս փաստը պայմանավորված է առհասարակ «թքած ունենալու» վերաբերմունքով.
«Պարզ է, որ, ի վերջո, լրագրողները կգնան, կպարզեն, թե ովքեր են նրանք, թերթերում կգրեն, աղմուկ կբարձրացնեն այս մասին, այս ամենն իրենց չի հետաքրքրում, որովհետև նրանք ոչնչից չեն վախենում: Սա ցույց է տալիս այն իրականությունը, որ հասարակությանն ամեն ինչ կարելի է «կերցնել», մոտավորապես փուչիկների պատմությունն է», – հավելեց բանախոսը:
Սուրեն Զոլյանն առնվազն զարմանալի համարեց այն, թե այդ շենք առհասարակ ինչո՞ւ էին հանձնել Պաշտպանության նախարարությանը. «Այդ նախարարությունը հազար ու ու մի ուրիշ շատ կարևոր գործառույթներ ունի՝ սահմանի պաշտպանությամբ սկսած, բայց ոչ երբեք համերգներ կամ սպորտային միջոցառումներ կազմակերպելը»:
Լրագրողի հարցին՝ արդյոք այդ կառույցը Պաշտպանության նախարարությանը հանձնելը պայմանավորված չէ՞ր այն հանգամանքով, որ այդ նախարարության հաշվապահությունը չի ստուգվում, քաղաքագետը պատասխանեց. «Պաշտպանության նախարարության ֆունկցիան պաշտպանելն է: Հարց է ծագում այս պարագայում. դեպքերի նման դասավորությամբ նախարարությունը ի՞նչը ումի՞ց պետք է պաշտպաներ»:
Մարզահամերգային համալիրի վաճառքի փաստը Սուրեն Զոլյանը համարում է լուրջ կոռուպցիոն ռիսկերով հագեցած պատմություն, որի հիմանակն նպատակն է գրպանել վաճառքի գումարն ու զարկ տալ սեփական բիզնեսի զարգացմանը: