Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այսօր ժամանում է Վրաստան

Ինչպես հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն, Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի ինտեգրման հարցերը կքննարկվեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ու Վրաստանի իշխանությունների հետ Վրաստան կատարած երկօրյա այցի ընթացքում:

«Ստոլտենբերգը Թբիլիսիում կքննարկի հարցերի լայն շրջանակ, որ առնչվում են ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանը ու այդ ուղղությամբ քայլերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովի նախապատաստական հարցերը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ստոլտենբերգի հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրներում Ջեյմս Ապատուրայը Վրաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ստոլտենբերգը կոչ է անելու Վրաստանի ղեկավարությանը շարունակել ՌԴ-ի հետ «հարաբերությունների նորմալացման դժվարին պրոցեսը»:

«ՆԱՏՕ-ն աջակցում է վրաց-ռուսական երկխոսությունը Աբաշիձե-Կարասին ձևաչափով: Վրաստանի ու ՌԴ-ի միջև երկխոսության այլընտրանք չկա, որպեսզի խուսափեն երկու երկրների միջև հարաբերությունների նոր բարդություններից»,- ընդգծել է նա:

ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունում հայտնել են, որ դաշինքի գլխավոր քարտուղարը կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, արտգործնախարար Թամար Բերուչաշվիլիի ու Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի հետ:

Բացի այդ՝ Ստոլտենբերգը կմասնակցի նաև Կրծանիսում Վրաստանի պաշտպանության նախարարության ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնի բացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս