«Հիմա նույնիսկ Ղազախստանից ու Ղրղզստանից «բոլտ ու գայկա» են ներմուծում». Լևոն Շիրինյան

1990թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Անկախության հռչակագիրը և իրողությունները 25 տարիների բոհից թեմայով այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:

«Սա մեր պատմության փառավոր էջերից մեկն է, ես հիշում եմ այդ օրը, երբ մեծ խանդառավություն կար: Հռչակագիրը ծնվեց ոչ միայն խորհրդարանի ներսում, այլ նաև մի խանդավառ վիճակ կար, երբ դրսից անգամ օգնում էին մարդիկ:

Ի՞նչ ձեռք բերեցինք: Նախ վերականգնեցինք պետականությունը, ստեղծվեցին պետական ինստիտուտներ, որոնց մեջ առաջին կայացած ինստիտուտը ազգային բանակն է: Աշխարհում եզակի բանակ է այն իմաստով, որ ծնվել է ոչ թե որոշումով, այլ ազգային մտածողության ընթացքի մեջ: Այդ օրերին հիմնադրվեց Հայաստանի պետականության այն մոդելը, որի դեմ սկսվել է մի արշավ: Չունեցանք միջին բուրժուազիա, այլ ունեցանք օլօգարխիա՝ ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական, և այսօր նոր Սահմանադրության նախագիծը եթե ընդունվի, տնտեսական-սոցիալական օլիգարխիան լրանալու է քաղաքական օլիգարխիայով: Կուսակցապետերը ևս դառնալու են իսկական օլիգարխ:

Եղավ նաև արտագաղթ, տնտեսության ոչ նորմալ վիճակի առաջացում, որովհետև Հայաստանում գերիշխեցին այն տրամադրությունները, որ այստեղ ինչ-որ բան արտադրել հարկավոր չէ, ամեն ինչ կարելի է ներկրել: Հիմա նույնիսկ Ղազախստանից ու Ղրղզստանից «բոլտ ու գայկա» են ներմուծում, երբ Հայաստանը ինդուստրիալ հանրապետություն էր ԽՍՀՄ-ի և սոցիալիստական ճամբարի երկրներում: Ներկրողն ու օտարի մոնոպոլ շահերը սպասարկողը բացարձակ հաղթանակի հասան ներքին արտադրողի հանդեպ»:

Քաղաքագետը նկատեց՝ անկախության նվիրման նիշը ընկել է. «Եթե ասեմ, որ հայ ժողովրդի մեծ զանգվածը խելագարվում է անկախությա համար, ծիծաղելի կլինի: Բայց դա լուծելի հարց է»:

Տեսանյութեր

Լրահոս