«Շատ կարևոր է Ռուսաստանի հետ ճիշտ աշխատելը, որ չխանգարի այս հարցին». Արման Նավասարդյան
«Ինչ էլ որ անենք, Հայաստանը մնում է փոքր երկիր, իսկ փոքր երկիրը շատ ավելի ծանր է տանում այսօրվա տուրբուլենտային քաղաքականությունը՝ համաշխարհային մակարդակով, քան ավելի մեծ երկրները: Այսօր Հայաստանը կոպիտ ասած՝ մերկ է բոլոր մարտահրավերների առաջ: Հայաստանի ղեկավարությունը արտաքին քաղաքականության համար ճիշտ ուղղություն է ընտրել: Այն դիվերսիֆիկացիոն քաղաքական կուրսը, որ Հայաստանը ընտրել է, միակ ճիշտ տարբերակն է: Դիվանագիտության գանձարանում կա այնպիսի մի հզոր գործիք, որը կոչվում է մակիավելիզմ, որին եթե կարողանանք ճիշտ մոտենալ, այլ ոչ թե այն քննադատական տեղերից, որ եղել է տարիներ շարունակ, կարծում եմ՝ կկարղանանք հաջողություն ունենալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայկական դիվանագիտությանը նման գնահատական տվեց Ռուս-հայկական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցելու քաղաքականությունը ճիշտ էր. «Կարծում եմ, որ դա, մեծ հաշվով, ճիշտ էր ոչ թե նրա համար, որ Հայաստանն ինքը ճիշտ քայլ կատարեց, այլ պարզապես միջազգային հանրությունը մոտեցավ այդ խնդրին բավական հետաքրքիր և մեզ համար բարենպաստ դիրքերից: Հայաստանը կարող է լինել ՀԱՊԿ անդամ, և որոշ առումով՝ համագործակցել ՆԱՏՈ-ի հետ, սա պատմական շանս է Հայաստանի համար, եթե կարողանանք ճիշտ խաղալ և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի հետ, ապա այս ծանր իրավիճակից անվնաս դուրս կգանք»:
Դեսպանը նկատեց՝ մենք զարմանալի կերպով միշտ մտածում ենք, որ Արևմուտքն է մեզ պետք, բայց ըստ նրա՝ եթե ուշադիր վերլուծենք, կտեսնենք, որ մենք ենք իրենց հարկավոր. «Հայաստանն ունի քրիստոնեական, եվրոպական արժեքներ, հեռու չէ ասիական մշակույթից, քաղաքականությունից, և աշխարհը գիտի դա: Եթե Հայաստանը կարողանա ճիշտ մանևրել, մենք կկարողանանք այս վիճակից անվնաս դուրս գալ»:
Լրագրողների հարցին, թե Արևմուտք-Իրան հարաբերությունների լավացման պարագայում Հայաստանն ի՞նչ դիվանագիտական գործողությունների պետք է դիմի, նա պատասխանեց. «Իրանը կարող է այնքան փոփոխել մեր և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական դիմապատկերը, որ արժե ամեն ինչ թողնել և զբաղվել դրանով: Կոմունիկացիաների և ինտեգրացիոն քաղաքականության մասով կան դժվարություններ, սակայն կան նաև հնարավոր տարբերակներ. Հայաստանը կարող է գնալ այդ ուղղությամբ և՛ երկաթգծի հարցով, և՛ գազատարների հարցով: Բայց չի կարելի ասել, որ իրանցիներն էլ այնքան «բարի քեռիներ» են, որ ամեն ինչ կանեն մեր օգտին, ո՛չ, այստեղ պետք է կարողանալ աշխատել, և շատ կարևոր է Ռուսաստանի հետ ճիշտ աշխատելը, որ չխանգարի այս հարցին»: