Մշտական սպասումն ու 3 միլիոնանոց զուգարանը

karabakh-open.info-ն գրում է. Շուրջ մեկդարյա պատմություն ունեցող վթարային շենքի բնակիչները, ասես, ապրում են նախորդ դարում։

Մարտունու կենտրոնական փողոցում գտնվող երկհարկանի շենքի խնդիրներին մի քանի անգամ անդրադարձել ենք, տարիներն անցնում են, բայց պատկերը մնում է նույնը։

Շենքում այսօր արդեն 6 ընտանիք է ապրում, որոնցից մեկը վերջերս է տեղափոխվել Ստեփանակերտ։ Տարիներ առաջ էլ բազմազավակ մի ընտանիք է լքել Ղարաբաղը:

Բնակարաններն այստեղ հիշեցնում են չարենցյան «մթում կորած խրճիթները», սակայն այդ «խրճիթներին» նաեւ փլուզման վտանգն է սպառնում։

Բնակիչներն ասում են, որ 1929 թ. կառուցված շենքը նախատեսված էր վարչական շինության համար։ Ինչպես իրենք են պնդում, Մարտունու մշակույթի տանը պահպանվում է լուսանկար, որտեղ նույն շենքի աստիճաններով իջնում է Վարպետ Ավետիք Իսահակյանը։ Իսահակյանից հետո, ինչպես ասում են, շատ ջրեր են հոսել, նաեւ ուղիղ իմաստով, խարխլել շենքը, այժմ տանիքը ճկված է հիվանդ ծերունու պես։

9036

Աստիճանները ճռճռում են ոտքերիդ տակ, թվում է՝ ես մեկ քայլ, եւս մի քիչ ծանրություն եւ կտապալվես։

Լուսինե Վանյանը 5 երեխաների մայր է եւ սպասում է վեցերորդի ծնունդին։

«Ձմռանը մինչեւ երեխաների արթնանալը մաքրում եմ ձյունածածկ աստիճանները, որ հանկարծ չընկնեն երեխեքը»,-պատմում է նա։ 15 տարուց ի վեր է, ինչ ընտանիքը ապրում է այս պայմաններում, վերանորոգելն անիմաստ է։

«Ջուր չկա տներում, ջուրը տարաներով բարձրացնում ենք, այնուհետեւ օգտագործած, կեղտոտ ջուրը նորից իջեցնում բակ»։ Կենցաղային օգտագործման, չեղած բաղնիքից մնացած ջրերը բնակիչները թափում են բակում գտնվող մի փոսի մեջ, քանի որ շենքում կոյուղի չկա։ «Զուգարան, բաղնիք չկա, զոռով յոլա ենք տանում։ Շատ վաղուց են ասում, որ շենքը քանդելու են, բայց դե չգիտենք…»,- ասում է Լուսինեն։

Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը տվյալ շենքի բնակարաններում եղել է տարիներ առաջ, երբ բնակիչները ահազանգել էին փլվող աստիճանների մասին։

9037

Պատասխանելով շենքի վթարային լինելու փաստին քաղաքապետը նշեց. «Ես չեմ կարող ոչ մի բան այդ մասին ասել: Բացի Ստեփանակերտ համայնքից, բացի Ստեփանակերտի քաղաքապետարանից, թե՛ շրջկենտրոնները, թե՛ գյուղական համայնքները լիազորված չեն նման բնակարանային հարցերի վերաբերյալ փաստարկներ անել, մենք այդ ուժը չունենք»։ Քաղաքապետի խոսքով՝ ինքը կարող է միայն կարծիք արտահայտել, ըստ որի՝ Մարտունում կառուցվող նոր թաղամասը կլուծի նմանատիպ բնակարանային հարցեր։ Ընդ որում՝ Մհեր Խաչատրյանը հիշեց, որ քաղաքում նմանօրինակ եւս մի քանի շինություն կա, բայց հարցը կլուծվի, թե չէ՝ նա չգիտի․ «Հստակ պայմանավորվածություն չկա»։

Անդրադառալով կոյուղու կառուցմանը քաղաքապետը նշեց, որ դա միայն նոր խնդիրներ կավելացնի հնին՝ ավելի խարխլելով շենքի կայունությունը։ Նույն շենքի բնակչուհի Արմինե Պետրոսյանը /անունը փոխված է/ մեզ հետ զրույցում ասաց, որ միջնադարյան խավար օրերի մասին մտածել պետք չէ, արժե միայն մի քանի օր ապրել իրենց շենքում․«հենց միայն զուգարանի բացակայությունը բավական է»։ Շենքի բնակիչները հաճախ են ստիպված լինում «այցի գնալ» մյուս փողոցում գտնվող խանութներին պատկանող զուգարաններ իրենց կարիքները հոգալու համար։

9033 Իսկ իրենց տան մոտակայքում կառուցված երկու զուգարանները տարիներ առաջ կառուցվել է հենց շենքի բնակիչների համար: Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության բաժն վարիչ Արարատ Սուլեյմանյանի հավաստմամբ, զուգարանների համար տարիներ առաջ 3 մլն դրամ է հատկացվել։ Այսօր դրանցից մեկը փակ է, օգտագործում են միայն մոտակա ռեստորանի եւ խանութի աշխատողները: Քաղաքապետ Մհեր Խաչատրյանը նշում է, որ բնակիչները չեն կարողանում նորմալ օգտվել սանհանգույցներից, ինչը նոր խնդիրներ է ստեղծում։9031

Թե ինչ խնդիրներ եւ ինչպես են դրանք պատրաստվում լուծել Մարտունում՝ դժվար է ասել, քանի որ, ինչպես պարզվում է, քաղաքային իշխանությունը նույնպես հստակ պատասխան չունի այդ հարցերին: Իսկ մինչ այդ, երկհարկանի շենքի բնակիչները կշարունակեն իրենց կարիքները հոգալու համար օրական մի քանի անգամ անցնել շենքի բակն ու օգտվել այն զուգարանից, որի համար 3 մլն դրամ է ծախսվել, ինչը սակայն թույլ չի տալիս բնակիչներին մտածել, որ իրենք 21-րդ դարում են ապրում, որտեղ զուգարանի եւ բաղնիքի մասին երազելն առնվազն ծիծաղելի է:

Տեսանյութեր

Լրահոս