Հուշանվերներն ու նվերները գործարար աշխարհում
Գործարար աշխարհում հաճախ է առիթ լինում նվերներ կամ հուշանվերներ ընդունել կամ տալ: Դրանք նպաստում են գործընկերների հետ գործնական հարաբերությունների լավացմանը, ցույց են տալիս ձեր բարեհաճ վերաբերմունքը նրանց նկատմամբ:
Հուշանվերի եւ նվերի մեջ տարբերություն կա. նվերն այն է, ինչ դուք նվիրում եք, իսկ հուշանվերի նպատակը որեւէ հանդիպման կամ իրադարձության մասին հիշեցնելն է:
Նվերներ կարող են անել գործընկերներն իրար, աշխատակիցները` ղեկավարին, ղեկավարը՝ քարտուղարին, ֆիրման՝ աշխատակիցներին կամ ֆիրման մեկ այլ ֆիրմայի, եւ այլն: Ժամանակակից գործարար աշխարհում ընդունված է նվերներ անել հետեւյալ առիթներով.
1) աշխատակցի գործնական կյանքում հոբելյանական օրվա առթիվ,
2) ֆիրմայի կյանքում հոբելյանական եւ այլ նշանակալից տոների առթիվ,
3) պետական տոների առթիվ՝ Անկախության օր, եւն,
4) միջազգային տոների առթիվ՝ Նոր տարի, Սուրբ ծնունդ, եւն,
5) արտասահմանյան գործընկերների հետ հանդիպման ժամանակ (այս դեպքում առաջինը նվերներ են տալիս ընդունող ֆիրմայի ներկայացուցիչները), եւն:
Գործարար աշխարհում ընդունված է նվիրել հետեւյալ իրերը.
- նոթատետր
- գործնական օրացույց
- ինքնահոս
- մոխրաման
- կրակայրիչ եւ այն ամենը, ինչ պետք է գալիս աշխատավայրում:
Բացի սրանցից` լավ նվեր կարող է լինել նաեւ գիրքը, ընդ որում՝ լավ է, եթե այն համապատասխանում է նվեր ստացողի հետաքրքրություններին, գրավյուրը, որեւէ նկար (հաճախ դա լինում է սկսնակ նկարչի գործ): Ալկոհոլային խմիչքներ նույնպես կարելի է նվիրել, սակայն հիշեք, որ դրանք պետք է լինեն ֆիրմային փաթեթավորմամբ ստվարաթղթե տուփով: Բացի այդ՝ ընդունված չէ կանանց նվիրել թունդ ալկոհոլային խմիչքներ: Լավ նվեր են համարվում նաեւ մի տուփ թանկարժեք կոնֆետները:
Արտասահմանցի գործընկերներին կարելի է նվիրել ազգային բնույթի հուշանվերներ:
Ծաղիկներ կարելի է նվիրել ցանկացած առիթով, եւ եթե առաջներում էթիկետը պահանջում էր նվիրելուց առաջ փաթեթավորումից ազատել դրանք, ապա հիմա ծաղիկները կարելի է նվիրել նաեւ փաթեթավորված, քանի որ դա սովորաբար ծաղկեփնջի հետ ընդհանուր կոմպոզիցիա է իրենից ներկայացնում:
Լավ է, եթե նվերի վրա կա ֆիրմայի նշանը կամ նվիրողի մակագրությունը, հատկապես` եթե նվերը ֆիրման անում է աշխատակցին: Խորհուրդ չի տրվում նվիրել անձնական օգտագործման պարագաներ` շրթներկ, օծանելիք, փողկապ, շարֆ, եւն: Նշենք նաեւ, որ ընդունված չէ ժամացույց նվիրել. դա վատ նախանշան է համարվում եւ՛ արեւմտյան, եւ՛ արեւելյան մշակույթներում:
Նվերը պետք է տուփով լինի, որը կարող է փաթեթավորված լինել գեղեցիկ թղթով եւ կապված ժապավենով: Համաձայն էթիկետի` նվեր ստացողը պետք է բացի նվերի տուփը, չափավոր հիացմունք արտահայտի եւ շնորհակալություն հայտնի, ապա նվերը նորից տեղավորի տուփի մեջ:
Երբեմն, հատկապես հանդիսավոր առիթներով, նվերի հետ կարող է նաեւ շնորհավորական երկտող լինել` ստորագրված ֆիրմայի ղեկավարի կամ աշխատակիցների կողմից:
Բավականին կարեւոր է նաեւ նվերի գումարի չափը որոշելը: Գործարար աշխարհում այս հարցը լուծված է. ֆիրմայի աշխատակից չհանդիսացող մարդուն արված նվերը չպետք է գերազանցի 20 դոլարը:
Նույնը կարելի է ասել նաեւ ֆիրմայի աշխատակցին արված նվերի մասին: Արեւմտյան որոշ խոշոր ֆիրմաներ իրենց աշխատակիցներին թույլ են տալիս ընդունել 50 դոլարը չգերազանցող նվերներ: Կարեւոր է հիշել հետեւյալը. շատ թանկարժեք նվերը`
1. կարող է գնահատվել իբրեւ կաշառք,
2. կարող է նվեր ստացողին պարտադրել փոխադարձ քայլ անել, այսինքն` նույնպես թանկարժեք նվեր տալ ի պատասխան,
3. խոսում է նվիրողի` գործարար էթիկետի կանոնների չիմացության մասին:
Պատրաստեց՝ 168.am-ը