
Ում կյանքը անիծել է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «70 տարի մենք ապրել ենք մի երկրում, որի օրհներգը (1944 թվականից իշխող եւ միակ կուսակցության օրհներգը) սկսվել է հետեւյալ բառերով՝ «Ելիր, ում կյանքը անիծել է»: Հայերեն, ի դեպ, այս տեքստը թարգմանել է Եղիշե Չարենցը, այնպես որ, թարգմանության որակը ոչ մի կասկած չի առաջացնում:
Ռուսերեն, եթե հիշում եք, դա հնչում էր՝ «вставай, проклятьем заклейменный», իսկ ֆրանսերեն բնօրինակում՝ «debout! les damnes de la terre»: Ինչպես տեսնում եք, բոլոր տարբերակներում «անեծքի» գաղափարը կա: Դա, ինձ թվում է, չափազանց հուսահատ ինքնագնահատական է, եւ նման տխուր «կանխավարկածից» որեւէ երգ կամ պայքար սկսելն, ինձ թվում է, խելամիտ չէ: Այսինքն, դու նախօրոք ընդունում ես, որ ինքդ կամ քո հողը անիծված է: Այդ «ելման դիրքից» որեւէ ուղղությամբ շարժվելը շատ դժվար է, եթե ոչ՝ անհնարին: Եթե ինչ-որ կախարդական ուժեր քո վրա անեծքի դրոշմ են թողել, ապա քո գործողություններն առանձնապես իմաստ չունեն, անհրաժեշտ են այլ կախարդական ուժեր, որոնք քո վրայից այդ անեծքը կհանեն:
Դեռ քիչ է, որ դու ես անիծված քո երկրում, բազմաթիվ այլ երկրներում նույնպես կան բազմաթիվ անիծվածներ, որոնք միավորվելով տզրուկ հարուստների դեմ, նրանց… հերը կանիծեն, որից հետո, հավանաբար, բոլորն աղքատ կլինեն: Համաշխարհային այդ երջանկության մեջ կստեղծվի նոր աշխարհ, որտեղ «ո՛չ ստրուկ կա, ո՛չ դժգոհ»:
Ռուսերեն դա հնչում է շատ ավելի սպառնալից՝ «кто был ничем, тот станет всем» (ֆրանսերենում էլ է մոտավորապես նույն միտքը՝ «nous ne sommes rien, soyons tout»): Իհարկե, մենք գիտենք դեպքեր, երբ մարդիկ ամենաստորին շերտերից գալիս բարձրանում են հարստության եւ իշխանության բարձունքներին, բայց տվյալ դեպքում խոսքը անեծքից ազատվելու եւ աշխարհի բարիքները հավասար բաշխելու մասին է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: