Սահմանադրության նախագիծը «ղազագիր» է, որը Հայաստանի անունից ԱՄՆ-ն է գրել. Աշոտ Մանուչարյան

«Սահմանադրությունը բացառապես աշխարհաքաղաքական բնույթ է կրում»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացի դրական և բացասական կողմերին:

Աշոտ Մանուչարյանի դիտարկմամբ՝ հայտարարությունները, թե սահմանադրական բարեփոխումները ծառայելու են իշխանության պահպանմանը, բացարձակ կեղծիք է: Նրա համոզմամբ` Սահմանադրությունը և դրա շուրջ նախաձեռնված գործընթացը կրում է բացառապես աշխարհաքաղաքական բնույթ: Նրա համոզմամբ` այս փոփոխությունն ընտրված չէ վերարտադրվելու համար, քանի որ ոչ մի խանգարող հանգամանք չկա պահպանելու իշխանությունը ներկայիս սահմանադրությամբ այն անձերի համար, ովքեր ցանկանում են պահպանել իրենց իշխանությունը: Իրականում, բանախոսի համոզմամբ, նախատեսվող Սահմանադրությունը «ղազագիր» է, որը Հայաստանի անունից ԱՄՆ-ն է գրել ՀՀ-ում Արևմուտքի ազդեցության ամրապնդման և այս իշխանությունների պահպանման նպատակով:

«Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի գործընթացը հոյակապ գործընթաց է, քանի որ այս ընթացքում մոբիլիզացվելու է ողջ հասարակությունը. հասարակությունում բոլորն ընդդիմանում են սահմանդրությանը` ընդդիմությունը, հասարակական կառույցները, ժողովուրդը: Այս բոլորը դեմ են զուտ այն պատճառով, որ իրենց ատելի համակարգն է առաջարկել` իշխանությունը, հետևաբար՝ պետք է դեմ լինել: Կամ՝ ուզում են իշխանությունից պրծնել, սա առիթ է, որպեսզի պրծնեն, տարբեր տրամաբանություններով միավորվում են»,- ասաց Մանուչարյանը:

Նրա կարծիքով` իրավիճակն ավելի խորքային կերպով ընկալող համակարգերը հիմա մեծ միասնություն են ստեղծում և հսկայական զանգվածային միասնականացման գործընթաց նախաձեռնում երկու ծրագրերի շուրջ: Խոսքն, ըստ նրա, երկու տարի առաջ առաջարկված «Հայք» և «Հայաստան» ծրագրերի մասին է, որոնք երկրում կփոխեն կառավարման համակարգը և կմիավորեն աշխարհասփյուռ հայությանը:

«ՀՀ-ն ունիկալ մի տեղ է, մի հազար խումբ տարբեր տեղեր մտածում են այս հարցերի շուրջ: Հիմա այդ խմբերը սկսել են միավորվել: Նրանք խորքային են հասկանում: Մեկը գիտակցաբար, մեկը անգիտակից, այդ համակարգը չի անցնելու: Ես մտածում եմ, որ այս ընթացքում անգամ իշխանությունը կհրաժարվի՝ տեսնելով, թե ինչ մոբիլիզացիա է առաջանում իր իսկ նախաձեռնած բարեփոխումների դեմ: Երբ տեսնի, որ դա կարող է շատ մեծ խնդիրներ բերել իր համար իշխանությունը պահպանելու կտրվածքով և այլն, ինչ-որ մի պահից կարող է փորձել հրաժարվել, որովհետև կտեսնի, որ շատ մեծ են վտանգները և կներկայացնի այդ վտանգները նրանց, ում հանձնարարականով ինքը մտցրել է բարեփոխումները շրջանառության մեջ: Բայց այս՝ ճանապարհը շատ լավ է որ ընտրվել է, քանի որ բաներ են պետք, որպեսզի դրդեն մարդկանց, օրինակ` էլեկտրաէներգիայի գները չէին, որ բարձրացրեցին այդ մեծ երիտասարդական ալիքը, ընդհանուր դժգոհությունն էր պատճառը:

Մի կաթիլ է պետք, որպեսզի բռնկում տեղի ունենա, կայծ է պետք, այդ կայծը Սահմանադրությունն է, էլի բռնկվել է, բայց այս անգամ շատ ավելի ամբողջական է: «Ոչ թալանին» կարգախոսը հետաքրքիր է դառնում, դառնում է փիլիսոփայական, ֆունդամենտալ, դա կարող է նոր կրոնի հիմք լինել, որովհետև այսօրվա կրոնը թալանի կրոնն է»,- մեկնաբանեց Աշոտ Մանուչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս