«Եթե Դուք կարծում եք, որ ցանկացած մեծահարուստ ցանկացած տեղ կարող է ընտրվել մեծամասնականով, ես այնքան էլ համամիտ չեմ»
ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն օրերս 10 պատճառ էր առանձնացրել՝ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու համար: Վ.Օսկանյանի «ոչ»-երի շուրջ 168.am-ը զրուցեց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանի հետ:
– Պարոն Թոխյան, Վարդան Օսկանյանը պնդում է, որ այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք, քաղաքական և հասարակական պահանջ չկա: Դո՞ւք ինչ եք կարծում:
– Ես չեմ ընդունում, որ քաղաքական ու հասարակական պահանջ չկա:
– Չե՞ք կարծում, որ նախ՝ պետք է հասարակական պահանջը լիներ, հետո իշխանությունը ձեռնամուխ լիներ սահմանադրական նոր նախագծի մշակմանը, ոչ թե պատրաստի նախագիծը պարզապես ներկայացվեր հանրությանը:
– Ոչ, չեմ կարծում, սահմանադրական բոլոր փոփոխություններն էլ էլիտան է սկսել:
– Քաղաքական ուժերի կոնսոլիդացիան որքանո՞վ է կարևոր սահմանադրական փոփոխությունների իրականացման համար:
– Կարևոր է, բայց որոշիչ չէ: Երբևէ որևէ երկրում քաղաքական ուժերի այն կոնսոլիդացիայի մակարդակը չի եղել, որ սահմանադրական բարեփոխումների բոլորով միասին գնան: Մեր կյանքը նույնպես ցույց է տալիս դա, 25 տարի է՝ քանի անգամ փոփոխել ենք, այդպիսի աստիճան քաղաքական կոնսոլիդացիայի սահմանադրական բարեփոխումների շուրջ չի եղել: Ես կարող եմ ասել՝ դա հնարավոր չի նաև լինի: Եղած մակարդակով պետք է բավարարվել, գնալ առաջ ու Սահմանադրությունը փոփոխել:
– Սահմանադրական փոփոխություններից առավել կարևոր չէ՞ ընտրական գործընթացների բարելավումը:
– Ոչ, սկզբից պետք է հիմքը փոխել, հետո՝ նրա վերնաշենքը:
– Բայց եթե ընտրական գործընթացը չբարելավվի, արդյո՞ք Սահմանադրության փոփոխությունը դրական արդյունք կտա:
– Ընտրական գործընթացները երկրում պետք է բարելավվեն: Նոր Ընտրական օրենսգիրք պետք է լինի, որի հիմքը կլինեն Սահմանադրության դրույթները, այդ թվում՝ համամասնական համակարգ, ռեյտինգային համակարգ, ցենզերի փոփոխություն: Տարբեր է, բայց հենքը Սահմանադրությունն է, առանց Սահմանադրության փոփոխության՝ ընտրականը չես կարող բարելավել:
– Բայց Դուք գտնում եք, որ երաշխավորվա՞ծ է, որ Սահմանադրության փոփոխության արդյունքում ընտրական գործընթացներն էլ կբարելավվեն, ու տարիներ ի վեր հաջողությամբ գործող «կարուսելները», մշակված մեխանիզմներն այլևս հնարավոր չի լինի կիրառել:
– Ես չեմ կարող ոչ մի հարցում ասել, որ երաշխավորված է: Բայց պետք է գան համաձայնության և ըստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրական օրենսդրությունը բարելավեն:
– Կարո՞ղ եք նշել դրույթը, որն ապահովելու է ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ անցկացումը:
– Դա Սահմանադրությունը չէ, որ պետք է երաշխավորի միայն: Դա հիմնական մեր ընտրական պրակտիկան է, որը, այո՛, մինչև հիմա ունեցել է թերություններ: Կշտկվեն՝ կունենանք նորմալ ընտրություններ, կունենանք ընտրված Ազգային ժողով և արդիականացված հասարակություն:
– Վ.Օսկանյանը նշում է, որ քաղաքական մթնոլորտը բացարձակապես բարենպաստ չէ փոփոխությունների համար:
– Միշտ էլ բարենպաստ չի: Դրանից ելնելով՝ կարող ես սահմանադրական բարեփոխումներ չանել:
– Առանց կայացած կուսակցությունների՝ ճի՞շտ է գնալ կառավարման համամասնական համակարգի:
– Ես չեմ ընդունում այդ տարբերակը, որ Հայաստանում քաղաքական կուսակցությունները կայացած չեն: Կարո՞ղ է որևէ մեկն ասել, թե Հանրապետական կուսակցությունը կայացած չէ, Դաշնակցությունը կայացած չէ:
– Հանրապետականի մենիշխանություն չի՞ առաջանում:
– Ոչ, սահմանադրական բարեփոխումների իմաստը որևէ կուսակցության մենիշխանություն ձևավորելը չէ: Դա քաղաքական հայտարարություն է, իրավական չէ:
– Իշխող քաղաքական կուսակցության օրինակարգության հարցն է բարձրացնում Վ.Օսկանյանը:
– Չէ, մի կողմ քաշեք, հա՞, լեգիտիմության հարցը լուծել են ՍԴ-ն ու ժողովուրդը՝ իր ընտրություններով: Մենք որոշում ընդունենք՝ եկեք էդ հարցն ընդհանրապես օրակարգից հանենք:
– Վ.Օսկանյանը քվեարկության համակարգի նկատմամբ վստահության բացակայության հարցն է առաջ քաշում և վստահություն է հայտնում, որ Հայաստանում այս ամենն արվում է մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի՝ իշխանությունը պահելու հավակնությունները բավարարելու համար:
– Արդեն ասացինք՝ ընտրական պրոցեսները պետք է բարելավվեն: Ես չեմ ուզում քաղաքական հարցերին պատասխան տալ, ասացի, որ կողմնակից չեմ նման գնահատականի:
– Նշում է, որ նախագիծը լի է հակասություններով և վտանգներով, օրինակ՝ Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր չարիքը՝ կայուն մեծամասնության երաշխավորումը, լինի դա ընտրության երկրորդ փուլո՞վ, թե՞ բոնուսային տարբերակով, փաստացի սահմանադրական նորմ է դառնում, կամ ԱԺ ձայների 2/3-ով Սահմանադրության փոփոխության հնարավորությունը, կամ ԶՈՒ գլխավոր հրամանատարի անձի շուրջ անորոշ ձևակերպումները, կամ 100 % համամասնական ընրակարգի անցնելու քողի տակ՝ Ընտրական օրենսգրքի հնարավոր այնպիսի փոփոխությունը, որը կամրագրի քվեարկության ռեյտինգային դրույթը՝ գործնականում դառնալով 100 տոկոսանոց մեծամասնական համակարգ:
– Ես հարգում եմ պարոն Օսկանյանի կարծիքը, բայց դրա հետ համամիտ չեմ: Եկեք երկուսս մնանք մեր կարծիքին:
– Այնուամենայնիվ, ռեյտինգային դրույթը գործնականում համակարգը չի՞ դարձնում մեծամասնական:
– Մենք դեռ չգիտենք՝ համամասնական ընտրահամակարգի ո՞ր մոդելը կընտրվի: Կարող է ռեյտինգայինը լինել, կարող է դա չլինել, բայց ռեյտինգայինն ունի ամենամեծ դրական կողմը, այն լիկվիդացնում է քաղաքական կուսակցությունների ղեկավարների մենիշխանությունը մանդատների բաշխման հարցում, և դա շատ կարևոր է, որ քաղաքացիներն իրենք կարող են ռեյտինգով ձայն տալ նրան, ում քաղաքական կուսակցության լիդերը չի ուզում, կգա առաջ՝ դեպուտատ կդառնա: Այստեղ դրականն ավելի շատ է, քան բացասականը:
– Պարոն Թոխյան, ստացվում է՝ ով շատ վճարի, նա էլ կդառնա պատգամավո՞ր:
– Ամբողջ աշխարհում ընտրություններում մի քանի գործոն է աշխատում, որոնք աստիճանակարգված են: Առաջինը փողն է, այո՛, ընտրությունները, նախևառաջ, փող են: երկրորդը վարչական լծակներն են, երրորդն անձն է՝ իր արժանիքներով, չորրորդը գաղափարախոսությունն է: Մենք չենք կարող ասել՝ մեր երկրում այս գործոնները չեն աշխատում, աշխատում են: Ցավոք, մինչև հիմա կարող է՝ ինչ-որ գործոններ ավելի են աշխատել, քան մյուս գործոնները: Ընդունելի է, բայց եթե Դուք կարծում եք, որ ցանկացած մեծահարուստ ցանկացած տեղ կարող է ընտրվել մեծաամասնականով, ես այնքան էլ համամիտ չեմ: Կարող են մեկ-երկուսն ընտրվել, բայց ոչ այն քանակը, որ այսօր կա ԱԺ-ում: