«Սահմանադրության այս նոր նախագիծը խնդիր չի լուծում, այլ սրանով ուղղակի Հայաստանն անցում է արտաքին կառավարման». Արման Բոշյան
«Մեր կարծիքով ,այս սահմանադրության նախագծի մեջ տեղ են գտել մի շարք փոփոխություններ, որոնք ոչ միայն չեն լուծում մեր երկրի առջև առաջացած սպառնալիքները, այլև իրենց մեջ լուրջ վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության, արժեհամակարգի, ընտանիքի ինստիտուտի դեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին, նման կարծիք հայտնեց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:
Նա պարզաբանեց, որ խոսքը, մասնավորապես, վերաբերվում է միջազգային իրավունքի պարտադիր նորմերի գերակայությանը: Հ. Այվազյանը հստակեցրեց, որ դրանց մեջ են մտնում, օրինակ, արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող մարդկանց համար հողի սեփականության նկատմամբ արգելքի հանումը Սահմանադրությունից:
«Սահմանադրության նոր նախագծի 34.1 կետը սահմանում է, որ ամուսնական տարիքի հասած կինն ու տղամարդը իրավունք ունեն ընտանիք ստեղծելու, իսկ Վենետիկի հանձնաժողովի կայքում «կին» և «տղամարդ» բառերն օգտագործված են հոգնակի թվով»,- նշեց Հ. Այվազյանը, ըստ որի՝ դա ենթադրում է միասեռականների ամուսնության իրավունք: Նա նաև հայտնեց, որ իրենք փորձել են պարզաբանում ստանալ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարությունից այս հարցի շուրջ, բայց նրանց այդպես էլ չի հաջողվել:
«Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ Արման Բոշյանն էլ նշեց, որ գործող Սահմանադրությունը ունի մի շարք թերություններ, սակայն Սահմանադրության այս նոր նախագիծը խնդիր չի լուծում, այլ սրանով ուղղակի Հայաստանն անցում է արտաքին կառավարման:
«Միջազգային իրավունքի պարտադիր նորմերը գերակայություն ունեն սեփական օրենքների նկատմամբ: Գործող սահմանադրության մեջ այդ դրույթը ևս կա, սակայն պահանջվում է, որ միջազգային պայմանագիրը վավերացված լինի, իսկ նոր նախագծի մեջ նման դրույթ այլևս չի կիրառվում: Միջազգային պարտադիր իրավունքի նորմերն ովքե՞ր են գրում, որ դրանք գերակայություն ունեն Հայաստանում գործող օրենքների նկատմամբ»,- նշեց Ա. Բոշյանը՝ պարզաբանելով, որ փաստորեն Սահմանադրությամբ ամրագրվում է, որ Հայաստանն արտաքին կառավարման է անցնում՝ անկախ նրանից՝ որևէ միջազգային պայմանագիր վավերացվե՞լ է մեր խորհրդարանի կողմից, թե՞ ոչ:
Նրա խոսքով՝ նման դրույթներ միջազգային պրակտիկայում կիրառվում են այն երկրների հանդեպ, որոնք պարտություն են կրել պատերազմում, որովհետև սա թույլ է տալիս ուղղակի արտաքին կառավարում իրականացնել, եթե երկիրը ճանաչում է որևէ միջազգային կառույց: Նա չի հասկանում, թե ինչու է դա կատարվում Հայաստանում: «Մի՞թե մենք պարտություն ենք կրել պատերազմում: Այս դրույթը Հայաստանին թելադրվում է աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից»: