Ամռան տապը Հալեպը դարձրել է վիրուսների և հիվանդությունների թիրախ

«8-10 հազար հայ շարունակում է իր գոյությունը պահել Սիրիայի հայաշատ Հալեպում` չցանկանալով լքել հայաշատ քաղաքը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը` ներկայացնելով իրավիճակը Հալեպում և հայ համայնքում:
Ըստ Հարություն Սելիմյանի, ի տարբերություն նախորդ օրերի, այսօր Հալեպում իրավիճակը շատ ավելի հանդարտ է եղել:

«Երեկ մեծ անակնկալի մեջ գցեցին մեզ զինյալ ընդդիմադիր խմբավորումները, Հալեպից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող մի թաղամաս ներթափանցեցին, որտեղից փորձեցին մի ամբողջ շենք պայթեցնել և հարձակում կազմակերպել, որպեսզի կարողանան ներխուժել Հալեպ, ուստի մեծ իրարանցում բարձրացավ, սակայն ազգային բանակը կենտրոնացավ այդ շրջաններում` կարողանալով հաջողություն գրանցել:

Այս ամենը տեղի էր ունենում Հալեպի Հայ Ավետարանական եկեղեցու ետևում էր` 500 մետր հեռավորության վրա: Բախումները տևեցին ութ ժամ անընդմեջ, և այդ ճակատն ազգային բանակը կարողացավ վերահսկողության տակ առնել: Երեկվա իրադարձությունների արդյունքում զոհեր եղան, հայ երիտասարդ ևս զոհվեց»,- ասաց Սելիմյանը:

Վերջինիս խոսքով՝ երկրի այն հատվածներում, որտեղ հայերն են բնակություն հաստատել, կա էլեկտրականութան, ջրի, սննդի պակաս: «Ավելին, գիտեք, որ եղանակը բավականին շոգ է, այս շոգին շատ հիվանդություններ են տարածվում, տարբեր անակնկալ բակտերիաներ, վիրուսներ են տարածվում, որովհետև ո՛չ մաքրության միջոց կա, ո՛չ էլ հնարավորություն, որի հետևանքով փողոցներում կեղտոտություն է տիրում, կենցաղային իմաստով՝ ամենավատ պայմաններն են տիրում այսօր: Հայ համայնքն այս մարտահրավերները հաղթահարում է այնպես, ինչպես նախորդող չորս տարիների ընթացքում` իր միասնականությամբ, եկեղեցիների շուրջ համախմբվելով, ակունքներին մոտ գտնվելով: Փորձում ենք սննդամթերքով, ջրով, դեղերով ապահովել բնակչությանը, համայնքի ներկայացուցիչների անվտանգությունն ապահովելու համար սեմինարներ ու դասընթացներ ենք անցկացնում` այդպիսով նրանց պահելով եկեղեցու շուրջ»,- ասաց Սելիմյանը` շարունակելով, որ նրանց, ովքեր ցանկանում են լքել Սիրիան, օգնում են հեռանալ երկրից, աշխատում են ապահովել թռիչքային ծախսերը դեպի Հայաստան: Իսկ նրանց, ովքեր ցանկանում են մնալ Սիրիայում, ըստ Սելիմյանի, առնում են իրենց հոգածության տակ:

«60 հազարանոց հայ համայնքից Սիրիայում մնացել է 8-10 հազարանոց մի համայնք: Այս թիվը կայուն է, այսքան մարդ կմնա, գուցե լինեն հարյուրների փոփոխություններ, սակայն ներկայիս պատկերն այդքան էլ վատ չէ, նրանք, ովքեր ցանկանում են մնալ Սիրիայում, կապված են իրենց հայրենիքին, աշխատանքին, տանը, հատուկ կապվածություն են զգում: Երբեմն սխալ տեղեկություններ են տարածվում, թե եկեղեցական առաջնորդները թույլ չեն տալիս համայնքի ներկայացուցիչներին, որ լքեն Հալեպը, սակայն նման բան չկա, երբեմն առաջնորդները, ընդհակառակը՝ օգնում են մեկնել ցանկացողներին` ճանապարհածախսը վճարելով, բայց հեռանալ ցանկացողները շատ չեն: Մնացողները մնալ ցանկացողներն են»,- ասաց Հարություն Սելիմյանը:

Տեսանյութեր

Լրահոս