Եվրասիական ինտեգրացիոն նախագծերը հարաբերական դադարի մեջ են. Լուկիանով
«Եվրասիական տնտեսական միության զարգացումը երկրորդ պլան է մղվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը` անդրադառնալով Ղրղըզստանի՝ ԵՏՄ անդամակցությանը:
Հիշեցնենք, որ Ղրղըզստանը պաշտոնապես դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Նման հայտարարություն արել են Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և նրա ղազախ գործընկեր Նուրսուլթան Նազարբաևը: Ղրղըզստանի` միությանն անդամակցելու վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել էր դեռևս 2014 թվականի դեկտեմբերին: Ռուսաստանում Ղրղըզստանի քաղաքացիների համար հանվել են աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության և աշխատանքի տեղավորման թույլտվության փաստաթղթերին վերաբերող բոլոր սահմանափակումները:
Լուկիանովը նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունում վերջին շրջանում արձանագրվող ընդլայնումն իրականում տնտեսական ձեռքբերումներ չի գրանցում: Նրա որակմամբ` դրանք քաղաքական բնույթի հաղթանակներ են դառնում Մոսկվայի համար, որոնք անհրաժեշտ են ՌԴ-Արևմուտք լարված հարաբերությունների ֆոնին: «Մյուս կողմից էլ՝ եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները հարաբերական դադարի մեջ են, քանի որ Ռուսաստանը զբաղված է լուրջ խնդիրներով, որոնք ուշադրություն են պահանջում, խոսքն Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և Իրանի մասին է: Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցությունը ԵՏՄ-ին տնտեսապես նպատակահարմար չէր, քանի որ այս երկրների դեպքում ԵՏՄ առավելությունները նկատելի չէին լինելու, Հայաստանի դեպքում բացակայում է նույնիսկ ԵՏՄ-ի հետ ընդհանուր սահմանը, այնպես որ, այս անդամակցություններն առավելապես քաղաքական բնույթ ունեն: Եվրասիական տնտեսական միությունը նաև Ռուսաստանի տնտեսական խնդիրների պատճառով է հայտնվել դժվարին կացության մեջ, և առաջին պլան է եկել «Ռուսական աշխարհ» նախագիծը:
ԵՏՄ-ն կայացման երկար ճանապարհ ունի անցնելու, ինտեգրացիոն տարբեր մակարդակներ պետք է անցնեն ԵՏՄ անդամ երկրները, ինչն Արևմուտք-Ռուսաստան առճակատման արդյունքում դանդաղել և իմաստազրկվել է»,- ասաց Ֆյոդոր Լուկիանովը: