«Պատրաստվել է իրական միջազգային մակարդակին համապատասխան, փայլուն փաստաթուղթ»

«Մի կողմ թողնելով քաղաքական աստառները, կարող եմ արձանագրել, որ 2005 թվականից այս կողմ չկա մի մարդ, որ ավելի շատ է խոսել բարեփոխումների անհրաժեշտության մասին, քան ես: Այն ժամանակ մոտեցումն այդ պրոցեսին բավականին նեգատիվ էր, երկար ժամանակ պահանջվեց և՛ իմ ջանքերով, և՛ ՍԴ նախագահի, որ փոփոխություններն անհրաժեշտ են: Սահմանադրական դատարանն ընդունեց չորս դրույթ, որ առանց սահմանադրական փոփոխությունների չի լինի և կամաց-կամաց քաղաքական վերնախավը եկավ այդ կարծիքին, որ պետք են փոփոխությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը:

Ըստ նրա՝ պատրաստվել է իրական միջազգային մակարդակին համապատասխան, փայլուն փաստաթուղթ, որի վկայությունն է նաև «աննախադեպ բարձր» գնահատականը, որ տվեց Վենետիկի հանձնաժողովը:

«Երկիրը գերկենտրոնցված իշխանություն ունի և պետք է քաղաքական համակարգը ապակենտրոնացնել: Սա հիմնական խնդիրն է, որ դրված է սահմանադրական փոփոխությունների առաջ: Երկրորդ՝ մեր իշխանության գերանձնավորվածությունն է, որ պետք է դիֆուզիա անել, որ հարցերի լուծման կենտրոնը մեկը չլինի»,- ասաց Ֆ. Թոխյանը՝ ընգծելով, որ սահմանադրական փոփոխությունների հիմնական խնդիրը կառավարման համակագի մոդելի փոփոխությունը չէ:

Նա կարևորեց դատական իշխանության նոր երաշխիքները, որ փայլուն կերպով լուծված է նախագծում, նաև կարևորեց ՏԻՄ համակարգի կայացումն ու զարգացումը, որի մասով նախագծում դեռ կան մի շարք հարցեր:

Ֆ.Թոխյանի խոսքով՝ մնացել է մշակել նախագծի եզրափակիչ մասերը, հավանաբար օգոստոսին կներկայացվի ՀՀ նախգահին և ԱԺ. «Շատ հնարավոր է, որ պրոցեսը բավականին արագընթաց է գնում, նոյեմբերի վերջին հնարավոր է ունենանք հանրաքվե, այդ ժամանակ նաև մի շարք համայնքներում ընտրական պրոցես է լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս