«Կանգնած ենք երրորդ համաշխարհային պատերազմի՝ դեռևս սառը տարբերակի շեմին»
168.am-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը
– Պարոն Մեսրոբյան, Ռուսաստանում տնտեսության անկումը շարունակվում է, և որոշ փորձագետներ անկեղծանալով՝ նույնիսկ ասում են, որ անկման վերջը չի երևում: Դուք ինչպե՞ս եք գնահատում զարգացումները:
– Ամբողջ աշխարում հիմա գնում է սեփականության և ազդեցության ոլորտների վերաբաշխում: Միաբևեռ աշխարհի կառուցվածքը կամաց-կամաց անցնում է դեպի անցյալ, և այստեղ մենք պետք է հասկանանք, որ պայմանական Արևմուտքը սկսում է զիջել պայմանական Արևելքին, որի մեջ մտնում են Չինաստանը, Հնդկաստանը, ինչո՞ւ չէ՝ նաև Լատինական Ամերիկան է սկսում զարգանալ՝ ի դեմս Բրազիլիայի և մնացած պետությունների, և, բնական է, գնում է գլոբալ իմաստով՝ ընդհատակյա պատերազմ: Բայց այստեղ կա ևս մի գործոն՝ Ռուսաստանը, որը, փաստորեն, շարունակում է մնալ, թեկուզ և որոշ չափով թուլացած, բայց կայսրություն, որը նաև հավակնում է բևեռ լինել: Ես չեմ ուզում խորանալ այն հետազոտությունների մեջ, որ խոշոր միջազգային ֆինանսական օլիգարխիայի մեջ պայքար է գնում, բայց այնուամենայնիվ, այն, ինչ կատարվում է Ռուսաստանում, գլոբալ քողարկված, բայց կատաղի պատերազմի արձագանքն է: Բացի Ռուսաստանից՝ հիմա բոլորը, այսպես թե այնպես, ունեն լուրջ խնդիրներ:
Օրինակ՝ վերջերս Չինաստանում բորսաների գնանշումների անկում եղավ, Եվրամիությունում՝ մի շարք խոշորագույն ճգնաժամեր, վերջինն էլ՝ Հունաստանում, և գյուղատնտեսական ապրանքների գների անկումը, որը բերեց բավականին լուրջ խժդժությունների, և ԵՄ-ն ստիպված եղավ բավականին լուրջ գումարներ հատկացնել:
ԱՄՆ-ի պետական պարտքը բյուջեի նկատմամբ արդեն պատիկներով է, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ պետպարտքն ավելի է, քան Միացյալ Նահանգների ՀՆԱ-ն: Այսինքն՝ ամբողջ աշխարհն է ճգնաժամի մեջ, ուղղակի երկու պատճառ կա, որ մենք բևեռվում են Ռուսաստանի վրա՝ մեր կապերը, այդ թվում՝ նաև տնտեսական, Ռուսաստանի հետ են, նաև ԵՏՄ շրջանակներում: Եվ ևս մի անառողջ գործոն կա, որ Արևմուտքը բավականին լուրջ գումարներ է վճարում այսպես կոչված, գրանտակերներին ամբողջ աշխարհում, որպեսզի հակառուսական քարոզչություն, մտավախություններ, «ախ-օխեր» տարածեն: Համաձայն ԱՄՆ 1938 թ. FARA օրենքի, այդ մարդիկ, ովքեր Հայաստանում կոչվում են գրանտակերներ, իրականում ԱՄՆ-ում իրավաբանորեն կոչվում են «օտարերկրյա գործակալներ»:
Ռուսաստանը, բնական է, հիմա այդ պատերազմի մեջ է, և ես շատ չէի ողբերգականացնի վիճակը, որովհետև ռուսական ռուբլու թուլացումը ճիշտ կառավարման դեպքում նպաստելու է ռուսական արտադրողի ուժեղացմանը, նպաստելու է արտահանման մեծացմանը և կարող է նպաստել տնտեսության լուրջ աշխուժացման, բայց եթե, կրկնում եմ, ճիշտ ֆինանսատնտեսական քաղաքականություն վարվի: Եվ զարմանալի չէ, որ, օրինակ, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանում անելը հայկական արտադրողին ձեռնտու չէ, որովհետև թուլացած ռուսական ռուբլու պայմաններում հիմա ձեռնտու է Ռուսաստանից դեպի Հայաստան արտահանումը: Այսինքն՝ այստեղ լուրջ պրոցեսներ են գնում, և հարցը դրված է, թե ով է ավելի երկար դիմանալու:
Երկար դիմանալու կիզակետներից մեկը նավթարդյունահանող երկրներն են, որտեղ էլ գնում է ազդեցության գոտիների վերաբաշխում: Հենց այնպես չէ, որ Արևմուտքը նահանջ կատարեց Իրանի նկատմամբ, և ընդհանրապես՝ այն, ինչ հիմա տեսնում ենք, որ նաև պրոյեկտվում է Ռուսաստանի մասով, դա վերը նշված գլոբալ պատերազմն է գնում: Փաստորեն, եթե պարզ ասենք, կանգնած ենք երրորդ համաշխարհային պատերազմի՝ դեռևս սառը տարբերակի շեմին, որովհետև խոշոր գումարների մասին է խոսքը գնում, մասնավորապես, ԱՄՆ պետպարտքը հետզհետե մոտնում է 20 տրլն դոլարի շեմին: Եվ, բնական է, Միացյալ Նահանգները ճանապարհներ է փնտում իրենից գցելու այդ պարտքը, որի համար մի քանի ձևեր կան, այդ թվում՝ նաև պատերազմը:
– Այդ պատերազմական վիճակում Հայաստանի դրությունն ինչպե՞ս եք գնահատում: Իշխանավորներն ասում են՝ թեև բնակչությունը չի զգում, այնուամենայնիվ, տնտեսությունն աճում է:
– Ով ինչ է ասում, ինձ քիչ է հետաքրքրում: Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում՝ մենք ունենք բյուջեի եկամտային մասի հավաքագրման խնդիր: Ես կարող եմ առանձին փաստերով ապացուցել, որ մենք նման վտանգավոր խնդիր ունենք: Դա էլ՝ այն պայմաններում, որ մեզ մոտ, փաստորեն, բյուջեի զգալի ծախսային մասը գնում է պետական պարտքի սպասարկման համար: Եթե մենք ժամանակին վարկերի տեսքով դեսից-դենից փողեր չհավաքեինք, և հիմա նման մեծ թիվ սպասարկելու կարիքը չլիներ, մեր բյուջեն այս պահի դրությամբ կլիներ պրոֆիցիտով, այսինքն՝ եկամտային մասը ծախսայինից մեծ կլիներ: Բայց քանի որ պարտքի հիմնական բեռի մեծացումը բերում է նրան, որ տարեկան ունենում ենք պարտքի սպասարկման խնդիր, մեզ մոտ բյուջեն բացասական է: Դրան է գումարվում նաև, որ մեզ մոտ կտրուկ նվազել են տրանսֆերտները, իսկ դրանց զգալի մասը գալիս է Ռուսաստանից:
Ընդհանրապես, տարբեր հաշվարկներով, տրանսֆերտների ծավալը, օրինակ՝ անցած տարի, առնվազն 2-2.5 մլրդ դոլարից մեծ թիվ էր, որը Հայաստանի թե՛ ՀՆԱ-ի նկատմամբ, թե՛ բյուջեի նկատմամբ զգալի թիվ է, իսկ դա նշանակում է, որ տրանսֆերտներն ամեն եռամսյակ ընդհուպ մինչև 10% պակասում են, դա էլ բերում է նրան, որ Հայաստանում փողի քանակն է նվազում, և այդ 0 արժեքով փողից մենք կամաց-կամաց զրկվում ենք:
Դրան գումարած՝ մեզ մոտ հարկային խնդիրներ են առաջանում, որովհետև, օրինակ, ինչպես նշեցի, ռուսական ռուբլու անկման պատճառով Հայաստանից դեպի Ռուսաստան ապրանք արտահանելը շահավետ չէ, ինչը նշանակում է, որ սա հարվածում է հայ արատադրողին, ինչի հետևանքով իջնում են դեպի բյուջե հարկային մասհանումները, և այլն: Դրա համար, երբ ասում են՝ մեզ մոտ աճ է, ես հեքիաթաբան չեմ, ես կառավարման փորձագետ եմ և չեմ կարող նման բաներ մեկնաբանել: