Հայկաջրի դամբարանադաշտի առաջին պեղված դամբարանը
«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 31-ը հնագիտական պեղումներ են իրականացվել ԼՂՀ Նոր Հայկաջուր եւ Նոր Մարաղա գյուղերի միջեւ գտնվող դամբարանադաշտում:
Անդրկովկասում ՝ միայն այստեղ են պահպանվել խոշոր կուրգան-դամբարանաբլուրները: Դամբարանադաշտում մինչ օրս պեղումներ չեն իրականացվել եւ, գտնվելով սահմանային գոտում, հնարավոր չէ ստույգ հաշվառել դրանց թիվը: Տրամագծում 25-80մ չափերով դամբարանաբլուրներն անմիջապես սկսվում են լեռնայինից տափաստանային գոտուն անցնելու սահմանագծից: Այս տարի փաստորեն առաջին անգամ պեղումներ իրականացվեց հիշյալ տարածքում ու կատարված հնագիտական աշխատանքների մասին զրուցեցինք արշավախմբի ղեկավար, հնագետ Նորա Ենգիբարյանի հետ:
-Տիկին Ենգիբարյան, խոսենք կատարված աշխատանքների ու դամբարանի մասին։
-Պեղումների համար ընտրվել է հատակագծում 24×18մ չափերով, ՀսԱմ –ՀվԱե առանցքով մի փոքր ձգված միջինը 1.5մ բարձրությամբ ճիմապատ հողաթումբ: Հողաթմբի շինվածքը իրենից ներկայացնում է կավի եւ խամ քարի հերթականությամբ դրված մի շինություն, որտեղ ամեն կավաքարային շերտի հաստությունը կազմում է 0,25-0,30մ: Դամբարանաթմբի քարակավային շինվածքի հիմնական զանգվածը հեռացնելուց հետո հայտնաբերվեց դամբարանի խուցը, որն էլ պատրաստել էր հիմնական անակնկալները: Այն իրենից ներկայացնում է 5.9×3.5մ հատակագծային չափերով եւ 3.0մ առավելագույն խորությամբ մի խուց, որը ծածկված է եղել տարբեր տեսակի եւ չափերի փայտանյութով: Խցի հատակին հայտնաբերվել են երկու փոսորակ, որոնք վկայում են, որ դամբարանի փայտե հատակը ունեցել է հենակա-հեծանային կրող համակարգ, որի վրա էլ հենվել է փայտե հարթությունը, գետնից միջինը 0,7մ բարձրության վրա: Հավանաբար այս հարթակի վրա են տեղադրվել դամբարանում պեղված մարդը եւ բազմաթիվ կենդանիներ /ձի, խոզ, խոշոր եւ մանր եղջյուրավոր անասուններ, ինչպես նաեւ թռչուններ/:
Առավել հետաքրքրական է հայտնաբերված մեծ քարե սեղանը, որի վրա գտվել են հանգուցյալի ոսկորները, սուրը եւ ծովային խխունջից պատրաստված ներմուծված ուլունքը: Քարե սեղանի չափերն են հատակագծում 1,66 x 0,55մ: Խցի բերանի մակարդակով գտնվել է դամբարանախցի ծածկը, որն իրենից ներկայացնում է բազմաշերտ կոնստրուկցիա: Գետնի մակերեւույթի նիշով դրվել է փայտյա թեթեւ ծածկ՝ ոչ մեծ տրամաչափի փայտյա գերաններով, որոնք դրվել են հունցած կավի վրա փռված խսիրների վրա: Այս նիշի վրա հայտնաբերվել են հանգուցյալին մատուցված զոհը: Նշված շերտի վրա փռվել է թեթեւ խոտածածկ եւ վերջնականապես ծածկվել մեծ տրամաչափի գերաններով /մոտ 0,25-0,30մ տրամագծով/: Այս շերտի վրա էլ դրվել են քարակավային խամ քարե շերտերը: Ժամանակի ընթացքում, երբ փայտանյութը փթել է եւ ծածկը քանդվել, քարակավային զանգվածը մասնակիորեն թափվել է խցի մեջ, հայտնվելով բավական ցածր նիշերի վրա:
-Մի քանի խոսքով անդրադառնանք գտածոներին, ի՞նչ է հայտնաբերվել:
-Առայժմ եզակի այս կառույցից հայտնաբերված իշխանության խորհրդանիշ հանդիսացող գավազանի գլխիկը փաստում է հյուղարկավորվածի սոցիալական կարգավիճակը: Դամբանափոսում խաթարված էին իրերի նախնական տեղադրությունը վերը նշված հարթակների փլուզման հետեւանքով , բայց ակնհայտ է, որ դամբանափոսի արեւելան կեսում տեղադրված են եղել զոհաբերված անասունները, իսկ արեւմտյանում՝ թաղմանն ուղեկցող գույքը: Գույքը հիմնականում կազմված տարատեսակ կավանոթներից. հարավ- արեւմտյան անկյունում հատակին դրված էին երկու խոշոր կճուճներ /in situ /, մեծ թիվ են կազմում գերազանց մշակված կավից պատրաստված սափորները, որոնցից երկուսը կենդանակերպ՝ ցուլի եւ խոյի տեսքով ծորակներով:
Հայտնաբերվել են նաեւ կանթով՝ կանելյուրազարդ գավաթ, տարբեր չափերի եւ մշակվածության կճուճներ, կենաց ծառի պատկերով ափսե: Հայտնաբերված զինատեսակներն են երկաթե դաշույններ, նիզակի մնացորդներ, դանակներ: Հավանաբար առաջնորդը կրել էր ռազմական հանդերձանք, որի վրա կարված են եղել բրոնզե զրահակոճակներ: Հիմնականում բեկորային այս կոճակները հայտնաբերվում էին դամբարանափոսի բոլոր մակարդակներից: Եզակի այս կառույցից հայտնաբերված ձիերի ոսկորների շրջանում հայտնաբերվել են ձիասանձի «մուրճիկ» եւ երկու երկաթե օղերի մնացորդներ, որոնք կարող են եւ երախճանի մաս լինել:
Դամբարանի տարբեր հատվածներից հայտնաբերվել են փայտի զարդարանք հանդիսացող ոսկրե ուղղանկյուն եւ շեղանկյունաձեւ ներդիրներ եւ կոճակ: Սարդիոնից, ապակուց, մածուկից, կրաքարից, բրոնզից, խխունջներց պատրաստված տարատեսակ, շքեղ կախազարդերը, բաժանարարները եւ ուլունքները եզրափակում են այս դամբարանից հայտնաբերված բարձրարվեստ իրերի շարքը: Դամբանախցի տարբեր մակարդակներից վերցրված գերանների, հողի փորձանմուշները, ոսկրաբանական նյութի հանգամանալից մշակումը կտան լրացուցիչ եւ անառարկելի փաստարկներ որոշելու ննջեցյալի տարիքը, նրան ուղեկցող զոհաբերված կենդանիների քանակն ու տեսակը, ծածկի գերանների եւ մյուս բուսական մնացորդների առկայությունը: Դամբարանը թվագրվում է մ.թ.ա. առաջին հազարամյակի սկիզբ:
Զրուցեց Արմինե Հայրապետյանը