Բաժիններ՝

Հայաստանի քաղաքագետների միությունը՝ Հմայակ Հովհաննիսյանի դեմ ուղղված դատական հետապնդումների մասին

Հայաստանի քաղաքագետների միության մամլո քարտուղարությունն այսօր տարածել է հաղորդագրություն, որով հայտնում է ՀՔՄ մտահոգությունը Սերժ Սարգսյանի կողմից սանձազերծված և արդեն չորս տարի շարունակվող ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ ուղղված դատական հետապնդումների կապակցությամբ.

«Այդ բիրտ և անողոք քաղաքական հալածանքը սկիզբ առավ 2012թ. ԱԺ ընտրություններին Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ստեղծված Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական միջկուսակցական շտաբի աշխատանքները ՀՔՄ գրասենյակում կազմակերպելու ժամանակաշրջանում, երբ ՀՀ կառավարությունը մեկնարկած ընտրական գործընթացի պայմաններում՝ 2012թ. մարտի 1-ին, որոշում կայացրեց ՌԴ քաղաքացի Սենիկ Ջուլհակյանին ուղղակի վաճառքի ձևով օտարել ոչ միայն Մոսկովյան 33ա հասցեում գտնվող շենքի 2-րդ և 3-րդ հարկերը, այլև այդ նույն շենքի՝ մյուս սեփականատերերին, այդ թվում՝ Հմայակ Հովհաննիսյանին պատկանող ընդհանուր սեփականությունը՝ շենքի մուտքերն ու աստիճանավանդակները:

Այդպիսով, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 17-րդ հոդվածի ոտնահարման գնով (այդ հոդվածը երաշխավորում է անձնային սեփականության իրավունքի հետ մեկտեղ նաև ընդհանուր սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը), ՀՀ իշխանությունները սկսված ընտրական գործընթացի ընթացքում արհեստականորեն ՀՔՄ գրասենյակի շուրջ առաջացրին շահերի բախում՝ փաստորեն, դրդելով Սենիկ Ջուլհակյանին միասնական շտաբի գործունեությունը և պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի ընտրարշավը խոչընդոտելուն ուղղված անօրինական քայլերի:

Այդ քայլերը չուշացան: Նախընտրական քարոզարշավի 15-րդ օրը՝ ապրիլի 21-ին, Սենիկ Ջուլհակյանն իր ՓԲԸ-ի աշխատակիցների ուղեկցությամբ փորձեց արգելափակել Հմայակ Հովհաննիսյանի մուտքը ՀՔՄ գրասենյակ: Չնայած նրան, որ միջադեպի ընթացքում Հմայակ Հովհաննիսյանը խուսափել է որևէ ֆիզիկական ներգործությունից և ընդամենը զանգի կոճակը սեղմելու միջոցով դուռը բացելու է կանչել միասնական շտաբի աշխատակիցներին, ինչն ակնհայտորեն երևում է նույն օրն «Արմենիա» հեռուստաընկերրությամբ հեռարձակված և YouTube-ում տեղադրված տեսանյութում, Հմայակ Հովհաննիսյանի դեմ սկսեցին իրականացվել քննչական գործողություններ՝ Սենիկ Ջուլհակյանին հրելու և միջին աստիճանի մարմնական վնասվածք հասցնելու շինծու մեղադրանքով:

Ստեղծված պայմաններում՝ ի նշան բողոքի պետական մեքենայի և վերջինիս հլու-հնազանդ սպասարկող դատաիրավական համակարգի համատեղ ուժերով իրականացվող բիրտ հալածանքի դեմ, ժողովրդի քվեով ԱԺ պատգամավոր ընտրված Հմայակ Հովհաննիսյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից: Սակայն ՀՔՄ նախագահի այդ քայլը, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ոչ միայն չսթափեցրեց Սերժ Սարգսյանի վարչախմբին, այլև էլ ավելի գրգռեց նրա ախորժակը: Շուտով պարզ դարձավ, որ վարչախումբը ՀՔՄ-ն սնանկացնելու և այդ ճանապարհով ՀՔՄ գրասենյակը խլելու նպատակ է հետապնդում: Այդ նպատակին հասնելու համար ՀՔՄ նախագահի դեմ «թխվեցին» հինգ քաղաքացիական դատական գործեր՝ խոշոր դրամական պահանջներով:

Կալանք դրվեց Հմայակ Հովհաննիսյանի մոր՝ Դիանա Հովհաննիսյանի բնակարանի վրա, որը հատկացվել է նրան Ստալինի պաշտամունքի դատապարտման ժամանակաշրջանում՝ որպես ստալինյան բռնությունների զոհի դստեր և որտեղ բնակվում է այլ բնակարան չունեցող նրա միակ որդին և կերակրողը: Գիշատիչ մարդակերի հոգեբանությամբ վարչախումբը հստակ հաշվարկել է. Հմայակ Հովհաննիսյանը բիզնեսներ չունի, հայտնի է իր բացառիկ ազնվությամբ և իշխող վերնախավի կողմից ստեղծված այս ծանր տնտեսական իրավիճակում ի վիճակի չէ երկար դիմադրել սանձազերծված ճնշումներին և ստիպված է լինելու հրաժարվել իր միակ սեփականությունից, որը մինչև հիմա օգտագործել է միմիայն հանրային նպատակով՝ ՀՔՄ գործունեությունն ապահովելու համար:

Այսօր ՀՔՄ-ն, որն իր 25-ամյա բեղմնավոր գործունեության ընթացքում գիտակցաբար խուսափել է արտասահմանյան դրամաշնորհներից օգտվելու հնարավորությունից, կանգնել է փողոցում հայտնվելու հեռանկարի առջև: Ստեղծված իրավիճակը Հմայակ Հովհաննիսյանին ստիպեց 2014թ. դեկտեմբերի 9-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին, բաց նամակով դիմել Սերժ Սարգսյանին՝ հորդորելով նրան դադարեցնել իր դեմ շարունակվող դատական ճնշումները և գործնական քայլեր ձեռնարկել իր սեփականության և քաղաքացիական խախտված իրավունքների վերականգնման հարցով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2012-2014թթ. ընդունված երկու որոշումների կատարման ուղղությամբ:

Որքա՜ն մեծ էր մեր զարմանքը, երբ Նախագահից պատասխանի արժանանալու փոխարեն թվով 6-րդ հայցադիմումով հրապարակ իջավ նույն ՌԴ քաղաքացի Սենիկ Ջուլհակյանը: Ս.թ. օգոստոսի 6-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսված այդ նոր խայտառակ դատաքննությունը, որը նպատակ է հետապնդում սերժսարգսյանական գրպանային դատական դակիչի միջոցով ազատել ՀՀ Նախագահին ՀՀ քաղաքացու նամակին պարտականությունից, հենց սկզբից նշանավորվեց Սենիկ Ջուլհակյանի փաստաբանի կողմից ակնհայտ կեղծիքի հիմնավորման փորձով: Ներկայացնելով հայցադիմումը՝ վերջինս հայտարարեց, որ հայցվորը պահանջում է Հմայակ Հովհաննիսյանից հերքել իր «հոդվածի» բովանդակությունը: Հմայակ Հովհաննիսյանը դատավոր Կարինե Պետրոսյանից պահանջեց անմիջապես հերքել այդ ակնհայտ կեղծիքը, քանզի ՀՀ Նախագահին ուղղված և մամուլում հրապարակված իր բաց նամակը նախորոք մուտքագրվել է ՀՀ Նախագահի աշխատակազմում և չի կարող բնութագրվել որպես Սենիկ Ջուլհակյանի դեմ ուղղված հոդված: Քանի որ Կարինե Պետրոսյանը հրաժարվեց պարզաբանել և հերքել ակնհայտ կեղծիքն ու դրանով երաշխավորել դատաքննության ընթացքում, նաև հետագայում ակնհայտորեն կեղծ տեղեկություններով չառաջնորդվելու իր պարտավորությունը, Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ անիմաստ է համարում ստալինյան ավանդույթներով առաջնորդվող դատարանի նիստերին մասնակցությունը, մտադիր է պայքարել Սերժ Սարգսյանի բռնապետական ստալինյան ռեժիմի դեմ քաղաքացիական անհնազանդության միջոցներով, ինչպես նաև դիմել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին՝ իրեն տևական ժամանակ սերժսարգսյանական ռեժիմի ձեռամբ բիրտ քաղաքական հալածանքի ենթարկելու կապակցությամբ:

Հայաստանի քաղաքագետների միությունը քննարկում է ստեղծված իրավիճակում սեփական քայլերի տարբերակները և մտադիր է բոլոր օրինական միջոցներով զորակցել ՀՔՄ նախագահին և Հայաստանում արդարադատության արմատավորման նպատակին»:

Հայաստանի քաղաքագետների միություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս